ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել Համբուրգում դեկտեմբերի սկզբին: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այսօր հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում կարող են հանդիպել ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները: Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կարևոր բանակցությունների շարունակման համար»,-ասել է Ուորլիքը:
Ուորլիքը հավելել է, որ համանախագահները մշտական կոնտակտի մեջ են նախագահների և նախարարաների հետ և պատրաստ են ցանկացած պահի հանդիպում անցկացնել:
Համբուրգում դեկտեմբերի 8-9-ը կկայանա ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհրդի (ԱԳՆԽ) հերթական նիստը: