Երկու մայրաքաղաքների միջև զբոսաշրջության զարգացմանն ուղղված կլոր սեղան է անցկացվել Մոսկվայի տանը՝ «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչ Մեխակ Ապրեսյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ինչպես նաև երևանյան զբոսաշրջային ինդուստրիայի ներկայացուցիչները:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին, ներկայացրել է դեպի Երևան զբոսաշրջության զարգացմանն ուղղված քաղաքային իշխանության կողմից տարբեր կառույցների հետ տարվող ծրագրային աշխատանքները, որոնք իրենց դրական արձագանքն ու գնահատականն են գտնում նաև միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից:
«Արևային Երևանն այսօր տարբեր երկրների բազմաթիվ զբոսաշրջիկների համար նախընտրելի ուղղություն է: Այդ մասին է փաստում նաև վերջերս «Սվյազնոյ թրեվել» առցանց ծառայության կողմից անցկացված հետազոտությունը, ըստ որի Երևանը որպես ամենանախընտրելի ուղղություն առաջին տեղում է: Վստահ եմ, որ այս հանդիպումը մեր երկու քաղաքների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման ևս մեկ խթան կհանդիսանա և կնպստի առաջիկայում երկու քաղաքների միջև զբոսաշրջային կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,-ընդգծել է Մարիա Բարաղամյանը:
Կլոր սեղանի ընթացքում Մոսկվայի տուրիզմի և հյուրանոցային տնտեսության կոմիտեն և տուրիզմի վարչությունը ներկայացրել են Մոսկվա քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի մասնագետները, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով և ներկայացրել ժամանակակից Երևանի զբոսաշրջային հնարավորությունները, այդ թվում Հայաստանը որպես արդի ուղղություն ռուսական շուկայում:
Հանդիպման շրջանակում երևանյան կողմը ներկայացրել է նաև համատեղ զբոսաշրջային կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Ամփոփելով արդյունքները՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագա համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ: