ՊԵԿ-ում խաղի կանոններ են փոխվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին հատկապես առեւտրականների շրջանում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, «կարգոների» փակվելու լուրը: Դրանք այն կազմակերպություններն են, որոնք առեւտրականներն իրենց բեռը հանձնում են ձեռքբերման երկրում եւ ստանում Հայաստանում` ծառայության համար վճարելով, ըստ բեռի քաշի, 6-8 դոլար՝ մեկ կիլոգրամը: Բայց պարզվում է` «կարգոների» հետ կապված խնդիրն իրականում միտումնավոր է այլ կոնտեքստում շրջանառվում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վարդան Հարությունյանը ՀՀ ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո «կարգոներին» զգուշացրել է, որ այսուհետ իրենք երկու հարկ չեն վճարելու նախկին սկզբունքով: Բանն այն է, որ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի օրոք գործել է հարկման 2 տարբերակ. մեկը վճարվել է պետբյուջե, իսկ մյուսը, այսպես կոչված, «սեւ կասա»: Եւ հիմա «կարգոներին» զգուշացվել է, որ գումարը վճարվելու է միայն պետբյուջե: Այսինքն` առեւտրականների վճարած գումարները որեւէ կերպ չեն ավելանա: Բայց այս հեռանկարը «կարգոների» նախկին գործելաոճի հետ հարաբերություն ունեցող որոշակի շրջանակների համար, բնականաբար, ձեռնտու չէ, դրա համար էլ նրանք շրջանառության մեջ են դրել լուրերը, թե «կարգոներն» ընդհանրապես փակվում են, ինչը առեւտրականների շրջանում կարող է լուրջ դժգոհություններ առաջացնել:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը երեկ ներկայացրել էր Վարդան Հարությունյանի ունեցվածքը, որտեղ նշել էինք, որ նա 309 մլն դրամի բաժնետոմս ունի: Մեզ հաջողվեց պարզել, որ նրան է պատկանում «Գլաձոր ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 25,2 տոկոսը: Նշենք, որ «Գլաձոր ՈւՎԿ»-ն փաստացի կարելի է որակել որպես «գազի աշխատողների» կողմից հիմնադրված ընկերություն: Բանն այն է, որ ընկերության խորհրդի նախագահ Ալբերտ Խաչատրյանը «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալն է, խորհրդի անդամ Նիկոլայ Գաբրիելյանը, որը «Գլաձոր ՈւՎԿ»-ի ամենամեծ` 49,84 տոկոս բաժնեմասի փայատերն է, «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրենն է եւ այսպես շարունակ: Ասել է թե` «գազային գումարները» պտտեցվում են վարկային կազմակերպության միջոցով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս