Թուրք-իրանական գազատարի պայթյունից հետո ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից ավելի մեծ ծավալներով բնական գազ է պահանջել:
«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ թեմայի վերաբերյալ «Գազպրոմի» տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Թուրքիան պահանջել է 9.3 տոկոսով մեծացնել իրեն մատակարարվող բնական գազի ծավալները՝ հասցնելով օրական 82.1 մլն խմ.-ի: «Գազպրոմն» էլ, ինչպես վարվել է ավելի վաղ նման դեպքերում, ընդունել է այդ առաջարկը և այսուհետ ավելի շատ գազ կմատակարարի Թուրքիային»:
Նախօրեին թուրք-իրանական գազատարի թուրքական հատվածում՝ Աղրը նահանգի Բայազետ շրջանում պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունից հետո Իրանից Թուրքիային մատակարարվող գազի հոսքը դադարեցվել է: Իրանական կողմը պայթյունի մեջ մեղադրել է «Թուրքիայի որոշ ընդդիմադիր ուժերի»՝ նկատի ունենալով «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ- PKK):