Դավիթ Լոքյանի չկատարած խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին խոշորացված Նոյեմբերյան համայնքում /այն ներառում է քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղերը/ կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: 7 թեկնածուներից, որոնցից 4-ը ՀՀԿ անդամ էին, համայնքի ղեկավար ընտրվեց անկուսակցական գործարար Կարեն Աբազյանը: Համայնքների խոշորացման գործընթացի ընթացքում սահմանամերձ Ոսկեպար գյուղում կայացած հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ Իջեւանում, Տավուշի մարզխորհրդի նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը խոշորացված Նոյեմբերյան համայնքի կազմում ընդգրկվող գյուղապետերին հավաստիացրել էր, որ վերջիններս չանհանգստանան իրենց աշխատանքի համար, քանի որ խոշորացումից հետո նրանք իրենց համայնքներում պաշտոնավարելու են որպես Նոյեմբերյան համայնքի ղեկավարի լիազոր ներկայացուցիչներ:

Նորընտիր համայնքապետ Կ. Աբազյանը սահմանամերձ Բաղանիսի, Ոսկեվանի, Դովեղի, Կոթիի նախկին գյուղապետերին նշանակել է այդ գյուղերում իր լիազոր ներկայացուցիչներ: Իսկ ահա Բարեկամավանում, Ոսկեպարում, Բերդավանում եւ Ջուջեւանում լիազոր ներկայացուցիչներ է նշանակել այլ անձանց, ոչ թե նախկին գյուղապետերին: Բարեկամավանի նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը եւ Ոսկեպարի գյուղապետ, ՀՀԿ անդամ Երվանդ Եգանյանը սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ընտրություններում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածուներ էին: Ընտրություններից հետո Գարիկ Աբազյանը դժգոհ լինելով՝ հանձնել է ՀՀԿ իր անդամատոմսը:

Բերդավանի նախկին գյուղապետ, ՀՀԿ անդամ Արարատ Գաբրիելյանը եւ Ջուջեւանի նախկին գյուղապետ, ՀՅԴ անդամ Ժորա Չիլինգարյանը սեպտեմբերի 18-ի ընտրություններում աջակցել են Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից որպես Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Վանուշ Ամիրաղյանին: Ըստ օրենքի՝ համայնքի ղեկավարը տվյալ բնակավայրում հասարակական լսումներ է անցկացնում, ներկայացնում լիազոր ներկայացուցչի իր նախընտրած թեկնածուին, ինչից հետո խոշորացված համայնքի ավագանին հաստատում է համայնքի ղեկավարի նշանակումները: Մ

ի քանի օր առաջ Ոսկեպարի նախկին գյուղապետ Երվանդ Եգանյանը Երեւանում հանդիպում է ունեցել տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ եւ հիշեցրել նրա խոստման մասին: Նախարար Լոքյանը հոկտեմբերի 4-ին կմեկնի Տավուշի մարզ եւ ընտրություններից հետո գործազուրկ դարձած նշված 3 նախկին գյուղապետերի, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանի, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ կքննարկի ստեղծված իրավիճակը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս