Հոկտեմբերի 24-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս փոփոխությունների քաղաքացիական հասարակության զարգացման վրա ազդեցության, դրական և բացասական կողմերի մասին ArmLur.am-ը զրուցեց «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանի հետ:
Մեր զրուցակիցը նշեց, որ ՀԿ-ների մասին օրենքը փոխվում է ամբողջությամբ և հիմա բոլոր ՀԿ-ները, այդ թվում և իրենք, պետք է վերագրանցվեն. «Որոշակի մտահոգություններ օրենքի հետ կապված, իհարկե կան, բայց ընդհանուր առմամբ անհամեմատելի ավելի լավ է, քան Եվրասիական միության անդամ երկրներում՝ Ղազախստանում, Բելառուսում, ՌԴ-ում և այլն: Բայց իհարկե կարող էր և ավելի լավը լինել»:
Անդրադառնալով ՀԿ-ների օրենքով սահմանված ժամկետներում գրանցվելու փոփոխությանը` Իոնիսյանը նշեց, որ գրանցման ժամկետները կրճատվել են, ներմուծվել է վալանտյորների ինստիտուտը. «Եթե նախկինում մենք վերցնում էինք կամավոր աշխատողներ և իրենց գործունեությունն էին իրականցնում ինչ-որ ժամկետում, ապա հիմա կամավոր աշխատանքի կարող ենք վերցնել միայն վեց օրով, ժամկետների սահմանափակում կա, որը խնդրահարույց է»:
Իոնիսյանի խոսքով` խնդրահարույց է նաև ՀԿ-ների կողմից տնտեսվարական գործունեության ծրագիրը «Հասկանալի չէ, թե որ գործողությունները ՀԿ-ների կողմից կհամարվեն օրինական, որոնք՝ ոչ: Այստեղ ևս խնդրահարույց կետեր կան»: