Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում մի քանի օր շարունակ ներկայացվում էր քանդակագործ, դրվագող Ներսես Չարխչյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Քաղաքի արվեստասերների համար մոնումենտալիստ վարպետի աշխատանքների հետ ծանոթացումը հերթական հնարավորությունն էր ճանաչելու ազգային մշակույթի այն ճյուղը, որի կիրառումը պահանջում է ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմ, այլև նյութի, ձևի ու բովանդակության յուրահատուկ ներդաշնակություն:
Ցուցահանդեսի այցելուների համար սա նաև հրաշալի հնարավորություն էր առնչվելու կիրառական արվեստի այնպիսի նմուշների հետ, որոնք իրենցից ներկայացնում են ավանդական ու ժամանակակից լուծումների համադրումը: Ինչպես ներկաներին ասաց Ներսես Չարխչյանը, ժանրի ու գործի շարունակականությունն ապահովելու համար այսօր իր կարևորագույն խնդիրներից մեկն է համարում հետևորդներ ուսուցանելու, իր փորձն ու գիտելիքները երիտասարդներին հաղորդելու անհրաժեշտությունը: