ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Երեւանում
Այս մեքենայի վարորդը, կարծեք թե, զգուշացնում է բոլորին, որ խանգարելու դեպքում զանգահարեն իրեն: Մնում է կարծել, որ նա հաճախ է խանգարում մյուս վարորդներին, հետեւաբար հրապարակայնորեն մեքենայի ետնապակուն իր հեռախոսահամարով գրություն է փակցրել:
ՀԱՐՑ. Եղբորս երկու որդիները սովորում են Գյումրու մանկավարժական համալսարանում վճարովի հիմունքներով: Նրանցից մեկը ծառայել է Արցախի պաշտպանական բանակում: Տղաների մայրը մահացել է 2016թ. ապրիլի 25-ին: Խնդրում եմ ասեք՝ վարձավճարի զեղչ նրանց հասնո՞ւմ է, թե ոչ: Նշեմ, որ նրանց վարձավճարները մուծել եմ առանց որեւէ զեղչի:
Անահիտ Առաքելյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4.1 եւ 4.3 մասերով՝
«Բարձրագույն ուսումնական հաստատությունը համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին՝ ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով իր միջոցների հաշվին՝ հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը եւ սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցում հետեւյալ կարգավիճակ ունեցող ուսանողներին.
-23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողներին՝ առնվազն 50 տոկոս,
-մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ուսանողներին՝ առնվազն 30 տոկոս:
Ուսանողական նպաստի ձեւով ուսման վարձի մասնակի փոխհատուցումից ուսանողը կարող է օգտվել բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից բակալավրի եւ մագիստրատուրայի համար սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը հաղթահարելու դեպքում:
Առաջին կուրսի ուսանողները ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օտգվել միայն ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը սահմանում է եւ այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դուք կարող եք սահմանված կարգով դիմել բուհի ղեկավարությանը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ իրավական ակտերով սահմանված մի քանի արտոնությունների հավակնելու դեպքում ուսանողը կարող է օգտվել դրանցից միայն մեկից, որի դեպքում կիրառվում է մասնակի փոխհատուցման առավելագույն չափը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե անձը մինչեւ 63 տարին լրանալը մահացել է, ապա ինչպե՞ս են տնօրինվում նրա կուտակային միջոցները:
Միլենա Մարկոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մինչեւ կենսաթոշակային տարիքը՝ 63 տարին լրանալը, անձի մահվան դեպքում պարտադիր կուտակային միջոցները ժառանգության կարգով փոխանցվում են անձի ժառանգներին: Վերջինների ընտրությամբ մասնակցի կենսաթոշակային միջոցները կարող են փոխանցվել նրանց կենսաթոշակային հաշիվներին կամ, դիմումի համաձայն, ամբողջությամբ վճարվել միանվագ վճարի տեսքով:
Եթե ժառանգը կուտակային բաղադրիչի մասնակից չէ եւ չունի մասնակիցների ռեեստրում բացված անհատական կենսաթոշակային հաշիվ, ապա նրա համար կբացվի անհատական հաշիվ, որի վրա էլ կմուտքագրվեն ժառանգված կուտակային կենսաթոշակային միջոցները:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 3 տարվա ընթացքում ժառանգներ ի հայտ չգալու եւ փայերը չժառանգելու դեպքում անձի կուտակային միջոցները՝ սահմանված կարգով, կճանաչվեն անժառանգ եւ կփոխանցվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: