ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՎԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով բուհը ապակուսակցականացնելու անհրաժեշտությանը, ասել էր.«Մենք հիմա օրենքի նախագծով դրեցինք, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամները իրավունք չունեն լինել բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մարզպետներ, այդ նախագիծը դրված է: Ինքը՝ խորհուրդը, որ դառնա ապակուսակցական եւ ուղղություն տվող, խորհուրդը կերաշխավորի իմ ասած սկզբունքների պահպանումը: Եվ այդտեղ յուրաքանչյուր համալսարան ինքը պետք է որոշի՝ իր ռեկտորից ինչ պահանջներ է ունենում»: Հիշեցնենք, որ ներկայումս պետական ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահները հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են. ԵՊՀ-ում Սերժ Սարգսյանն է, մանկավարժականում՝ Գալուստ Սահակյանը, ճարտարապետաշինարարականում՝ Տարոն Մարգարյանը, եւ այսպես շարունակ: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, որը, ի դեպ, ՀՀԿ խորհրդի անդամ է:

-Պարո՛ն Սիմոնյան, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նոր օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, համաձայն որի՝ ԲՈՒՀ-երի խորհուրդների անդամները չեն կարող լինել բարձրաստիճան պաշտոնյաներ: Ի՞նչպես եք վերաբերում այս նախաձեռնությանը:
-Նախաձեռնությանը մոտենում եմ միանգամայն հանգիստ, եթե կա բացառություն, որը մեզ անհրաժեշտ է, եթե երկրի նախագահին չվերաբերի, որովհետեւ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահը երկրի նախագահն է, դա առանձնահատուկ կարգավիճակ է: Կարծում եմ, որ երկրի նախագահի՝ մեր հոգաբարձուների խորհրդի նախագահ մնալը շահեկան է ե՛ւ բարձրագույն կրթությանը, ե՛ւ մեր համալսարանին: Տարիների փորձն է ասում, որ մեր երկրի նախագահը, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, իր պարտականությունները շատ պատշաճ, ճշգրիտ կատարել է, ե՛ւ համալսարանին օգնելու, ե՛ւ բարձրագույն կրթությանը օգնելու իմաստով, եւ չեմ կարծում, որ դա պարտադիր պայման պետք լինի բոլորի համար: Ըստ էության, երկրի նախագահը բարձրաստիճան պաշտոնյաներից առանձնանում է իր դիրքով:
-Նախագծի նպատակն էլ հենց այդ դիրքի օգտագործման բացառմանն է ուղղված: Սերժ Սարգսյանը իշխող կուսակցության նախագահն է, եւ սա արդեն խոսում է այն մասին, որ բուհը քաղաքականացվում է:
-Դա կարեւոր չի, նա երկրի նախագահն է, եւ դրանով ամեն ինչ ասվում է: Կարծում եմ, որ այս հարցում որոշակի բացառություններ պետք է լինեն: Ես այդպես եմ մտածում եւ ոչ միայն ես, այլեւ համալսարանականներն են այդպես մտածում, որովհետեւ բացի օգուտից՝ մենք որեւէ այլ բան չենք տեսել` բայրացակամ, օբյեկտիվ ու խիստ վերաբերմունքից, համալսարանի գործունեության ճշգրտության իմաստով, այնպես որ, մենք լիովին բավարարված ենք, եւ դա միանգամայն անկեղծ եւ շիտակ եմ ասում: Կուզենայի, որ ինքը անպայմանորեն շարունակեր, եթե ինքը, իհարկե, կհամաձայնի: Ես դժվարանում եմ ասել, դա կորոշի կառավարությունը, դա կորոշի նախագահը, ես իմ կարիծքը արտահայտեցի:
-Իսկ հնարավոր է, որ օրենսդրական նոր նախաձեռնությանը դեմ արտահայտվեք:
-Ես դեմ արտահայտվելու ինչ բան ունեմ, ինչ իրավասություն ունեմ, եթե կառավարությունը այդպիսի որոշում ընդունի, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես արտահայատում եմ իմ կարծիքը, որ հաշվի առնելով համալսարանի կարգավիճակը, առանձնահատկությունը՝ այս դեպքում կարելի է այդ բացառությունը անել: Բայց վերջին հաշվով դա կառավարությունն է որոշում:
-Իսկ չեք մտածո՞ւմ, որ Սերժ Սարգսյանի հարցում բացառություն անելը նշանակում է ԵՊՀ-ն չփրկել կուսակցականացված լինելուց:
-Քաղաքական որեւէ կուսակցություն, իր որեւէ կառույցով համալսարանում չունի ազդեցություն:
-Բայց, օրինակ, Դուք ՀՀԿ խորհրդի անդամ եք, Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ ղեկավարն է…
-Կապ չունի՝ ես խորհրդի անդամ եմ, թե ոչ: Ես խորհրդի անդամ եմ իմ աշխատանքից դուրս, իմ աշխատանքից դուրս ես ինչ ասես, կարող եմ լինել, եթե դա օրենքի սահմաններում է: Ես իմ աշխատանքի մեջ երբեք չեմ ուղղորդվել, ղեկավարվել նրանով, որ ես կուսակցության անդամ եմ: Նախ եւ առաջ ես համալսարանի ռեկտոր եմ համալսարանից դուրս ես կուսակցության խորհրդի անդամ եմ:
-Իսկ կարող եք երաշխավորել, որ Ձեր կուսակցական պատկանելությունը, նաեւ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի գործոնը նախընտրական փուլերում բուհում որեւէ ազդեցություն չի ունենում:
-Եկե՛ք, ինքներդ հանդիպե՛ք, հարցրե՛ք, թե Ձեզ որեւէ կերպ ուղղորդում են, կամ իմ հանրապետական լինելը ինչ-որ ձեւով ազդում է համալսարանի առօրյայի վրա:
-Բայց եթե նախարարը նման նախագծով է հանդես գալիս, ուրեմն տեսնում է խնդիր, ավելին՝ տարիներ շարունակ ՄԻՊ-ն է այդ մասին բարձրաձայնում:
-Կարող է՝ ուրիշ բուհերի համար կա, մեզ համար նման խնդիր չկա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՀԱԿ-Ն ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԴԱՇԻՆՔ ԿԿԱԶՄԵ՞Ն

Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը կարծես թե օրեցօր մոտենում են իրականացմանը: ԲՀԿ-ականներն էլ, ամեն պատեհ առիթն օգտագործելով, նշում են, որ Ծառուկյանի վերադարձը հասարակական լայն պահանջարկ ունի:

Բայց մինչ այդ՝ հիշենք, թե ինչպես ԲՀԿ նախկին ղեկավարը հեռացավ քաղաքականությունից: 2015 թվականի փետրվարի 12-ին տեղի ունեցած Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը խիստ քննադատություն հնչեցրեց իր երբեմնի կոալիցիոն գործընկերոջ հասցեին եւ պարզապես որակեց. «Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը երկրի համար դարձել է չարիք»։ Հանրապետականների քննադատության կիզակետում հայտնված այդժամ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ 2015թ. մարտին հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին. «Ես որոշում եմ կայացրել՝ այլեւս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները»։
Եվ, ահա, այս ամենից մեկուկես տարի անց կրկին խոսվում է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին, ինչը Ծառուկյանն ինքը, ըստ էության, անուղղակիորեն հաստատեց նախօրեին. «Ուզում եմ բոլորին տեղեկացնել. ինչքան մարդը հզոր է, ուժեղ է, բարի է, այնքան կամեցող է եւ ներող է, որ ամբողջ հանրությունը եւ քաղաքական գործիչներն էլ իմանան՝ Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի է եւ ներող է, որ բոլորը իմանան: Ես բոլորին ներում եմ»: Նրա խոսքով` քաղաքականության մեջ մարդիկ մտնում են երեւալու, ինչ-որ պաշտոն ձեռք բերելու նպատակով, բայց ինքը այժմ դրա կարիքը չունի: Հարվարդ չի ավարտել, բայց զրոյից կայացել է, ձեռքը պուլսի վրա է պահել, կգա, երբ անհրաժեշտությունը լինի, քանի որ «հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի»:
Այսպիսով, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն արդեն բանակցություններ է վարում ՀԱԿ-ի հետ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ:
Հարցի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեցինք ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ: Վերջինս, ի պատասխան մեր հարցմանը, հավաստիացրեց, թե նման բան չկա: Իսկ հարցին` արդյո՞ք հնարավոր է համարում բանակցությունները Գագիկ Ծառուկյանի հետ, Զուրաբյանը պատասխանեց. «Հնարավոր եմ համարում ցանկացած ուժի հետ բանակցություն, ով իր առջեւ խնդիր է դնում իրական իշխանափոխության»:
Փորձեցինք հարցի շուրջ տեղեկություններ ստանալ նաեւ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, ով նշեց հետեւյալը.«Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե ում վառ երեւակայության մեջ են այդ լուրերը ծնվում եւ հետո համապատասխանաբար շրջանառության մեջ դրվում: Ինչ որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում էր փոխանցել քաղաքականություն վերադառնալու թեմայի հավանականության վերաբերյալ, ինքն արդեն իսկ ասել է: Գագիկ Ծառուկյանի խոսքերի եւ գործողությունների մասին ենթադրությունների վերաբերյալ քննարկումներին ես որեւէ կերպ չեմ կարող անդրադառնալ, որովհետեւ, կրկնում եմ, Գագիկ Ծառուկյանը առավել քան վստահ ասաց. եթե լինի անհրաժեշտություն, ապա ինքը կարող է քննարկել քաղաքականության էջը վերաբացելու հավանականությունը: Այս պահին ես նման գործընթացի մասին որեւէ տեղեկատվություն չունեմ, այսինքն՝ գործնական գործընթացի, որի մասին դուք հիմա մատնանշում եք»:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵՂՔԸ
Ընթացիկ տարվա մարտի 30-ին քաղաքագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն առաջիկա օրերին կավարտվի: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց մեղադրյալներից Արթուր Միհրանյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը եւ պատմել, որ սպանությունը կատարել է հանցագործության համակատարող Գեւորգ Զոհրաբյանի ներկայացրածով: Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը զղջացել է կատարվածի համար: Հիշեցնենք, որ Արթուր Միհրանյանին եւ Գեւորգ Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից շահադիտական նպատակներով սպանություն կատարելու հատկանիշներով: Նրանց սպառնում է 12-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

 

 

«ՍԱՍ ԳՐՈՒՊԻՆ» ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս գրուպ» ՍՊԸ-ը հայտնվել է պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2016 թվականի հոկտեմբերի 3-ին միջազգային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ Արարատ Խարատրյանը «Սաս գրուպ» ՍՊԸ-ին տուգանելու որոշում է կայացրել: Պարզեցինք, որ սեպտեմբերի 30-ին «Սաս գրուպ» ՍՊԸ-ի անունով ներմուծվել են ապրանքներ, սակայն դրանց վերաբերյալ ներկայացված մաքսային հայտարարագրում սխալ տվյալներ են նշվել, ինչի պատճառով էլ ՊԵԿ աշխատակիցները վարույթ են հարուցել, որի արդյունքում որոշում են կայացրել վերը նշված ընկերության լիազոր ներկայացուցչին տուգանել 50 հազար դրամի չափով:

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
2015 թվականի փետրվարի 16-ին Նոր Հաճնում գտնվող իր առանձնատանը «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության դեպքը շարունակում է մնալ առեղծված, ինչպես հարազատների, այնպես էլ, ըստ էության, իրավապահների համար: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Արդեն 1 տարի 8 ամիս է անցել, սակայն քրգործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ում շարունակվում է: Նկատենք, որ քրգործի քննության ընթացքի մասին գործարարի հարազատները եւս տեղեկություն չունեն: Հիշեցնենք, որ Ամիրխանյանը ինքնասպանությունից առաջ նամակ էր թողել, որում, ըստ էության, պատմել էր իր այդ քայլին դիմելու դրդապատճառը: Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ այս գործով նաեւ ՀՀ ֆինանսների նախկին նախարարներից մեկն է հարցաքննվել:




Լրահոս