ԱՐՄԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ` ՄԻԵԴ ՎՃՌԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության հերթական վճիռը կայացրեց: Խոսքը «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին է, որի դիմումատուները Երեւանի Բուզանդի փողոցի բնակիչներ են` Յուրի Վարդանյանը, Արտաշես Վարդանյանն ու Շուշանիկ Նանուշյանը: Նրանց «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքից չնչին փոխհատուցման դիմաց վտարել էին իրենց տներից: Մասնավորապես, տան իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել են միայն 54 մլն դրամը:

Սպառելով ներպետական դատական ատյանները՝ հայցվորներն իրենց պաշտպան Վահե Գրիգորյանի հետ դիմել են ՄԻԵԴ: Հոկտեմբերի 27-ին հրապարակված վճռում ՄԻԵԴ-ը նշել է, որ կողմերի անաչառ, արդար դատաքննության իրավունքն է խախտվել, ինչի հետեւանքով մարդը զրկվել է սեփականության իրավունքից: Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ խախտվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը (Արդար դատաքննության իրավունք):
Բացի այդ, դատարանը փաստել է նաեւ Կոնվենցիայի 1-ին (մարդու իրավունքները հարգելու պարտականությունը), 8-րդ (անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) եւ 41-րդ (արդարացի բավարարումը) հոդվածները: Եվրոպական դատարանը կառավարությանն ու դիմող կողմին առաջարկել է երեք ամիսների ընթացքում, երբ դատական ակտը կմտնի օրինական ուժի մեջ, գալ փոխհամաձայնության, գրավոր նկատառումները հայտնել վնասի չափի վերաբերյալ, հակառակ դեպքում դատարանն ինքը կորոշի փոխհատուցման չափը:
ՄԻԵԴ վճիռը լայն քննարկման թեմա դարձավ այն պատճառով, որ այստեղ հիշատակվում է նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի անունը եւ գնահատական տրվում նրա գործողություններին: Այսպես՝ եվրադատարանը եզրակացնում է, որ դատավոր Մկրտումյանը օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը:
«Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանի փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ընդգծելով, որ սա ՄԻԵԴ առաջին վճիռն է, որտեղ Եվրոպական դատարանը գնահատական է տվել հայ դատավորի գործողություններին:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանից փորձեց պարզել` արդյոք ՄԻԵԴ վճռում հիշատակված դատավոր Մ.-ն իսկապե՞ս իր մասին է, եւ իր գնահատմամբ` ՄԻԵԴ վճիռն արդյոք չի՞ վարկաբեկի ՀՀ ողջ դատական համակարգը:
Մեր գրավոր հարցմանը Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Աննա Վարդապետյանը հաստատեց, որ «Վարդանյանը եւ Նանուշյանն ընդդեմ Հայաստանի գործով» ՄԻԵԴ վճռում նշված դատավոր Մ.-ն ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է: «Նա այդ ժամանակ զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնը»,- հավելել է Ա. Վարդապետյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց հասկանալ` այդ դեպքում ինչպե՞ս է Վճռաբեկ դատարանի նախագահը մեկնաբանում վճռում բերված այն պնդումը, որ դատավորը փորձել է Բուզանդի փողոցում իրենց սեփականությունը պաշտպանող անձին պարտադրել, որպեսզի նրանք չպայքարեն եւ համաձայնեն իրենց գույքը տալ կառուցապատողին՝ մասնավոր ընկերությանը: Ստացված պարզաբանմամբ վստահեցվում է, որ ՄԻԵԴ վճռի վկայակոչված կետերից երեւում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն անձին չի պարտադրել չպայքարել եւ համաձայնել իր գույքը տալ կառուցապատողին՝ մասնավոր ընկերությանը. «Արման Մկրտումյանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ եւ 120-րդ հոդվածներով, դիմումատուին պարզաբանել է հաշտության համաձայնություն կնքելու եւ որպես փոխհատուցում 390 հազար դոլար, 160քմ բնակարան եւ 40քմ օֆիսային տարածք Երեւանի կենտրոնում ստանալու հնարավորությունը»,- նշվում է պատասխանում:
Թեեւ Վճռաբեկ դատարանից փորձում են վստահեցնել, որ վճռում Արման Մկրտումյանի կողմից դատավարական սխալի մասին չի հիշատակվել, այդուհանդերձ, ՄԻԵԴ վճիռը գոնե ըստ իրավաբանների վերլուծության` միանգամայն այլ բանի մասին է վկայում: Եվ այստեղ տրամաբանական հարց է առաջանում` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կարծիքով իր՝ որպես դատավորի գործունեության վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից նման գնահատական տալն արդյոք չի՞ վարկաբեկում ՀՀ դատական ողջ համակարգը:
Մեր այս հարցին դեպարտամենտից ստացվեց հետեւյալ պատասխանը. ««Վարդանյանը եւ Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի 82-րդ կետում ՄԻԵԴ-ի կողմից տրված ձեւակերպումը բխում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՄԻԵԴ-ի կողմից տրվող մեկնաբանությունից: Այն գտնվում է իրավական եւ ոչ թե քաղաքական դաշտի տիրույթում. սա ՄԻԵԴ-ի իրավական եւ ոչ թե քաղաքական գնահատականն է՝ տրված կոնկրետ գործին եւ ոչ թե ՀՀ դատական համակարգին»:
Հ.Գ. Իրավաբանական համայնքը վստահ է, որ ՄԻԵԴ վճռից հետո Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն առնվազն պետք է հրաժարական տար, իսկ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը պարտավոր է հարուցել կարգապահական վարույթ, ի վերջո, խոսքը հայրենի դատական իշխանության բարձրագույն պաշտոնյայի մասին է: Մինչդեռ, ինչպես միշտ, այս անգամ եւս դատավորի սխալ վճռի հետեւանքները պետք է հարթեն ՀՀ շարքային քաղաքացիները:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Այն, որ հայաստանյան ամենակոռումպացված կառույցը համարվում է դատական համակարգը, գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Եվ, ահա, դրա վառ ապացույցին հայ հասարակությունն ականատես եղավ հոկտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է կաշառք վերցնելու պահին` փողոցում: «Ժողովուրդ» օրաթերթի` իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` հարուցված քրեական գործի քննությունն իրականացնելու է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութի մեջ հստակ երեւում է, որ դատավորը Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում օպերատիվ նկարահանման պայմաններում քաղաքացուց վերցնում է 1000 ԱՄՆ դոլար:
«Մնացածը… մենք իրար չենք ճանաչում, բայց իրար հետ կապի մեջ կլինենք: Ամսի 31-ին նիստը կէթա, որ ես իմանամ, թե ինչ կարգով ենք բան անելու… հակընդդեմ հայցը… Պետք ա ես թելադրեմ, գրեն, ու ստորագրեմ… Էղա՞վ»,- սրանք կաշառքը վերցնելու պահին ձերբակալված դատավորի համառոտ խոսքերն են, որոնք ֆիքսվել են ԱԱԾ օպերատիվ նկարահանման արդյունքում: Թե որքան է նախնական պայմանավորվածությամբ եղել կաշառքի ընդհանուր չափը, դեռեւս հայտնի չէ, սակայն կաշառատուի եւ դատավորի երկխոսությունից պարզ է դառնում, որ վերցված հազար դոլարը կանխավճար է եղել:
Արդյոք դատավոր Իշխան Բարսեղյանը քավության նոխազ է, դժվար է ասել, սակայն այս վարկածը բացառել եւս չի կարելի: Համենայնդեպս, ըստ որոշ տեղեկությունների` ձերբակալված դատավորը համարվում է դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի մտերիմներից: Իշխան Բարսեղյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ջրերը նույն առվով չեն հոսել. նրանք հաճախ են տարաձայնություններ ունեցել: Եվ այսքանից հետո հուսալ, թե դատավորի ձերբակալությունից հետո դատական համակարգում դրական փոփոխություններ կլինեն, միամտություն կլինի: Հիշեցնենք` դեռեւս 2014-ի դեկտեմբերի 25-ին բացահայտվեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի` քսան հազար դոլար կաշառք վերցնելու դեպքը: Ի՞նչ փոխվեց դրանից հետո դատական համակարգում. միայն մի բան` հանրության անվստահությունն օր օրի ավելի մեծացավ:
«Ժողովուրդ»-ը Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Բալայանից փորձեց պարզել` նկատե՞լ է արդյոք նախկինում Իշխան Բարսեղյանի գործունեության մեջ կանխամտածվածություն. «Ես չեմ կարող որեւէ կերպ մեկնաբանել Իշխան Բարսեղյանի գործունեությունը: Նա իմ աշխատանքային կոլեգան է»: Մեր ճշտող հարցին` որպես դատարանի նախագահ ե՞ւս չի մեկնաբանի, Դ. Բալայանը պատասխանեց. «Որպես դատարանի նախագահ` ես չեմ խոսի»:
ՀՀ գլխավոր դատախազը երեկ միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհրդին` դատավոր Իշխան Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգարվելու եւ կալանավորելու համաձայնություն տալու առաջարկով ՀՀ նախագահին դիմելու համար:
Երեկ ձերբակալվեց նաեւ փաստաբան Էլզա Զաքարյանը, ով կասկածվում է Բարսեղյանի եւ կաշառք տվողի միջեւ միջնորդ լինելու մեջ:

Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11-ին, Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 4/2 հասցեի մոտ հայտնաբերվել եւ ՔՀԳՎ բերման է ենթարկվել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի, նախկինում դատված, հանցավոր աշխարհում «օրենքով գող» համարվող, 1975 թ. ծնված Մերաբ Կալաշովը, որը 2015 թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր փողերի լվացման եւ կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված հափշտակության մեղադրանքներով:

 

 

Ի ՊԱՅՔԱՐ
«Ի գործ, ի պայքար» քաղաքացիական հասարակության անդամները Ազատության հրապարակում «Սասնա ծռերի» նկատմամբ սահմանված տեսակցության արգելքի չեղարկման պահանջով ստորագրահավաք անցկացնելուց հետո երեկ երթով շարժվել են դեպի ՄԻՊ գրասենյակ: Նրանք ՄԻՊ-ից պահանջում էին միջնորդել, որպեսզի «Սասնա ծռերի» կալանավորված անդամների նկատմամբ սահմանված արգելքը չեղարկվի: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը վերցրել է ՄԻՊ-ին ուղղված նամակը եւ ասել, որ սահմանված ժամկետում՝ 30 օրվա ընթացքում, այն կքննվի եւ պահանջներին համապատասխանելու դեպքում ընթացք կտրվի:

 

 

ՆՈՒՅՆ ՔԱՅԼԵՐՈՎ
«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության, «Սասնա ծռեր» խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ առաջիկա երեքշաբթի իրենք կներկայացնեն իրենց քայլերի «ճանապարհային քարտեզը»: «Ծրագիրը ենթադրում է երեք փուլ: Առաջինն իշխանափոխության իրականացման փուլն է, երկրորդը` իշխանափոխությունից հետո մինչեւ նոր հանրապետության ստեղծումը, իսկ երրորդը` սկիզբ կդրվի Հայաստանի նոր հանրապետության»,- նշել է նա:

 

 

ԱՆՁՐԵՎԱՅԻՆ
Հոկտեմբերի 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-29-ը կբարձրանա 2-3, նոյեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:




Լրահոս