ԿԵՂԾ ՏԵԽԶՆՆՄԱՆ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է սկսել Երեւանում ու ՀՀ մարզերում՝ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման ուղղությամբ: Մեզ հայտնի դարձավ, որ շատ վարորդներ օրինական ճանապարհով մեքենայի տեխզննման կտրոններ են ձեռք բերել, այնուհետ պարզվել է, որ դրանք իրականում ինչ-որ մարդկանց կողմից տպված կեղծ կտրոններ են: Ոստիկանությունն արդեն իսկ ունի բոլոր այն մեքենաների տվյալները, որոնց տրամադրվել են կեղծ կտրոններ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իրեն զանգահարել են ոստիկանությունից ու տեղեկացրել, որ իր մեքենայի կտրոնը կեղծ է: Ոստիկանության աշխատակիցները պոկել են կտրոնն ու տարել իրենց հետ: Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր այն վարորդները, ովքեր «քցվել» են ու կեղծ կտրոններ ստացել, ազատվելու են պատասխանատվությունից: Նկատենք, որ Շիրակում, Գյումրիում եւ Լոռիում երեկ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից մեծ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ:
Վարորդները եւս զարմացած են, չնայած որ ոստիկանության աշխատակիցները կարողացել են նորմալ բացատրել վարորդներին իրենց իրավունքներն ու տեղեկացրել, որ բոլոր այն դեպքերում, երբ վարորդը տեղյակ չի եղել, որ կտրոնը կեղծ է, որեւէ արձանագրություն չի կազմվելու: Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեցին, որ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման աշխատանքները միշտ են իրականացվում ոստիկանության կողմից, քանի որ կան վարորդներ, ովքեր պատճենահանում են այլ մեքենայի կտրոնն ու փակցնում իրենց մեքենաների վրա:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական, որոնողական եւ քննչական գործողությունների արդյունքում այս տարվա հունիս ամսին բացահայտվել էր կեղծ փաստաթղթերի պատրաստման եւ իրացման հանցավոր գործողությունների շարք: ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ Երեւանում, ինչպես նաեւ ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 20-ին Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավել կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր եւ էլեկտրոնային կրիչներ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել էր նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները: Հարուցված քրեական գործով 9 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Փաստորեն ստացվում է, որ կեղծ կտրոնների հայտնաբերման աշխատանքները դեռեւս ամբողջությամբ ավարտված չեն: Տեղեկություններ կան, որ տեխզննման կեղծ կտրոններ են վաճառվել շուրջ 50.000 վարորդների:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի

 

 

 
50 ԸՆՏԱՆԻՔ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ է
Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքում արտագաղթի տեմպերը նվազելու փոխարեն ավելանում են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ծաղկաբերի գյուղապետ Արծրուն Սանթրոսյանը նշեց, որ վերջին 16 տարիների ընթացքում գյուղից շուրջ 50 ընտանիք է հեռացել, իսկ միայն ընթացիկ տարում՝ 15: Գյուղում հիմնական զբաղվածությունը անասնապահությունն է, հողագործությամբ զբաղվելը եկամտաբեր չէ, քանի որ համայնքում ոռոգման ջրամատակարարում գոյություն չունի: Գյուղի դպրոցը կառուցվել է 1992թ.՝ 92 աշակերտի ամար, մինչդեռ այսօր դպրոցում սովորում է 152 աշակերտ: Մանկապարտեզ հաճախում է 30 երեխա: Համայնքում, բացի ոռոգման ջրի խնդրից, լուրջ է նաեւ խմելու ջրի հարցը: Արտագաղթի հիմնական պատճառը, ըստ գյուղապետի, բնակչության սոցիալական ծանր վիճակն է. «Մարդիկ հող չեն մշակում, ապրելու հնար չունեն, ստիպված հեռանում են»,-ասում է նա՝ նկատելով, որ եթե ոռոգման ջուր լիներ, ապա հողագործությունը եւս կզարգանար: Համայնքային կենտրոն եւս չկա, գյուղապետարանի աշխատակիցները մի կերպ տեղավորվել են մանկապարտեզի շենքում: Չնայած գյուղը գազաֆիկացված է, սակայն բնակչության մեծ մասը բնակարանները ձմռանը տաքացնում են վառելափայտով ու աթարով:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր




Լրահոս