ԲՈՒՆ ՏՊԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ ՉԻ ՊԱՅԹԵՑՎԵԼ, ԲԱՅՑ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին քանդվեց Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին 1-ին տպարանի շենքի Բ մասնաշենքը: Շինությունը քանդվեց պայթեցման եղանակով:

Նշենք, որ շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Ու թեեւ այն ներառված չէր ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում, այնուամենայնիվ, պատմական կառույց էր, որը կազմում էր երեւանյան կոլորիտի մի մասը: Ավելին` ըստ որոշ տեղեկությունների` այդ տպարանում ժամանակին աշխատել է աշխարհահռչակ հայ նկարիչ Արշիլ Գորկին: Հավելենք, որ շենքի պայթեցման շուրջ հայ հանրության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, իսկ ահա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ շենքն իրականում այդքան էլ արժեքավոր չէր. «Եթե արժեքավոր լիներ, անշուշտ մենք այն կներառեինք պատմամշակութային արժեքների ցանկում»,-ասաց նա:
Շենքի սեփականատեր Գենիկ Կարապետյանն էլ, ով նախկինում «Մաքուր երկաթ» ՓԲԸ-ի տնօրենն էր, Armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ առաջին տպարանի շենքի տեղում կառուցվելու է 9 հարկանի հյուրանոց: Իսկ հարցին, թե ինչու է հին կառույցը քանդվել` առանց հանրային քննարկման, նա պատասխանել է. «Ես չեմ հասկանում՝ ո՞ւմ հետ պետք է քննարկեինք: Ճարտարապետների միությունում հոկտեմբերի մեկին լսումներ են եղել: Բոլորի հետ քննարկել ենք, համաձայնեցրել ենք»:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ.
-Պարո՛ն Մինասյան, ի՞նչ լսումների մասին է խոսում սեփականատերը: Ի՞նչ է որոշվել այդ քննարկման ընթացքում:
-Կարծեմ՝ ոչ Ճարտարապետների միությունում, բայց քննարկում, համենայն դեպս, եղել է: Քանդվել է միջնահատվածում գտնվող այն շենքը, որն արդեն ռեսուրս չէր պարունակում, ռեսուրսը կորցրած հատված էր, եւ, որքանով տեղյակ եմ, կառուցվել էր ավելի ուշ: Իսկ հարակից երկու շինությունները մնալու են եւ ներառվելու են նոր նախագծում` ինտեգրվելով նոր կառույցին:
-Ի՞նչ է նշանակում` ռեսուրսը կորցրած:
-Նշանակում է, որ շենքը կա՛մ պետք էր ամրացնել, կա՛մ ներգրավել նոր ծրագրի մեջ, որպեսզի տեղում նոր բան կառուցվեր:
-Դուք է՞լ եք այն կարծիքին, որ պայթեցված շենքն այնքան էլ արժեքավոր չէր:
-Չէ՛, տպարանի իսկական շենքը դա չի եղել, այլ Ալավերդյան փողոցին նայող հատվածը, որը պահպանվելու է իր ողջ խորությամբ: Մենք նպատակահարմար ենք գտել, որ հարակից երկու շինությունները պահպանվեն:
Հավելենք միայն, որ հակառակ Մ. Մինասյանի` Գենիկ Կարապետյանը վստահեցրել էր, թե քանդված շենքի հարակից երկու շինությունները «պատմամշակութային ժառանգություն չեն համարվում»: Դժվար է ասել` որտեղից է սեփականատերն այդ եզրակացության հանգել, բայց բոլորովին բացառված չէ, որ նա մի օր կարող է զարթնել եւ որոշել, որ պահպանված երկու պատմական շենքերը եւս պետք է հողին հավասարեցվեն:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հոկտեմբերի սկզբին Փարիզում իր նկատմամբ իրականացված կողոպուտից հետո սկսել է կրկին նկարահանվել Keeping Up With The Kardashians իրապատում շոուում։ The Guardian-ը տեղեկացնում է, որ նկարահանմանը մասնակցել են նաեւ Քարդաշյան ընտանիքի մյուս անդամները: Նշենք, որ Քարդաշյանը կողոպուտից հետո դադարեցրել էր շոուի նկարահանումները սթրեսային հոգեվիճակի պատճառով: Նա նաեւ որոշ ժամանակով «ընդհատակ էր անցել» եւ խուսափում էր լրատվամիջոցներից, ակտիվ չէր նաեւ սոցցանցերում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Փարիզի հյուրանոցներից մեկում զինված անձինք հարձակում էին գործել Քարդաշյանի վրա՝ նրա համարից գողանալով ավելի քան 10 մլն դոլարի զարդեղեն:

 

 

ԲԱՍԿՈՎԻՆ ՑԱԾ Է ՆԵՏԵԼ
«Ռուսաստանի ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովն օրերս Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած համերգի ժամանակ «արտակարգ» իրավիճակում է հայտնվել: «Шарманка» երգի կատարման ժամանակ կին երկրպագուն բռնել է նրա ոտքից եւ ցած նետել բեմից: Life-ի փոխանցմամբ` դա կատարվել է այն պահին, երբ Բասկովը թեքվել է դեպի հանդիսատեսի առաջին շարքը: Պարզվել է, որ կնոջը պարզապես չի հաջողվել կառավարել զգացմունքները. երբ նա գրկել է Բասկովի ոտքը, չի կարողացել ինքն իրեն պահել, ընկել է` հետը «տանելով» նաեւ երգչին: «Դե, կին է, ցած նետեց ինձ, ի՞նչ արած»,- ոտքի ելնելով՝ ասել է Բասկովը:

 

 

ՆՎԻՐԵԼ ԵՆ ԴԻ ԿԱՊՐԻՈՅԻՆ
Ouvri ֆրանսիական ոսկերչական տունը ներկայացրել է հեռախոսներ, որոնք նվիրված են հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյին եւ նրա ընկերուհուն՝ մոդել Նինա Ագդալին: Harper՚s Bazaar-ը տեղեկացնում է, որ սմարթֆոնների ստեղծման համար հեղինակները ոգեշնչվել են «Երկաթե դիմակով մարդը» ֆիլմով` դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ: Նշենք, որ Bourbon D՚Or եւ Bourbon Noir մոդելների կորպուսը պատրաստված է ոսկուց եւ զարդարված է թանկարժեք քարերով:




Լրահոս