Առաջին անգամ դեմ եմ գնացել իմ սկզբունքին. Արա Գեւորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, երգահան Արա Գեւորգյանն աշխատում է միանգամից մի քանի նախագծերի վրա. դրանցից մեկը կոչվում է «Սիրեցեք զմիմեանս», որի շրջանակում աշխարհի մի շարք երգիչներ Հայաստանից խաղաղության կոչ են անելու:

Երգահանը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ համանուն ստեղծագործությունը, որն իրենց ազգային երաժշտական գործիքներով ներկայացնելու են 14 ազգի ներկայացուցիչներ, ունենալու է նաեւ մեկ այլ տարբերակ` երգի ու տեսահոլովակի տեսքով:

Երգիչները ելույթ են ունենալու իրենց ազգային խորհրդանիշ-կառույցի մոտ, օրինակ` չինացին` Չինական պատի, հնդիկը` Թաջ Մահալի, ֆրանսիացին` Էյֆելյան աշտարակի եւ այլն: Իսկ արդեն տեսահոլովակի վերջնամասը նկարահանվելու է Հայաստանում` Խոր Վիրապ վանքի մոտ: «Բոլորը պետք է իմանան, որ մենք օկուպանտ չենք, զավթիչ չենք եւ մենք կպարտադրենք խաղաղություն»,-շեշտեց Արա Գեւորգյանը:

Նա տեղեկացրեց, որ աշխատում է նաեւ մեկ այլ նախագծի վրա, որը կոչվում է «Մի՛ կրակեք երեխաների վրա»: Երգահանը ներկայացնելու է Կոմիտասի «Օրոր» ստեղծագործությունը` սեփական մշակմամբ. «Այդ գործը նվիրվելու է աշխարհի բոլոր երեխաներին, որոնք զոհ են գնում պատերազմին կամ տուժում են այդ երեւույթից: Կոմիտասը կներկայացվի ժամանակակից ռիթմերով:

Առհասարակ, երբ ես գործիքավորում եմ որեւէ ստեղծագործություն, անպայման պահպանում եմ մեղեդին, դրա հուզականությունը, համն ու հոտը, միեւնույն ժամանակ` այդ գործին «հագցնում եմ» ժամանակակից հագուստ: Սակայն այս պարագայում ես իմ ստեղծագործական կյանքի ընթացքում առաջին անգամ դեմ եմ գնացել իմ սկզբունքին. Կոմիտասի «Օրորը» մեղմիկ, քնքուշ օրորոցային է, բայց ես դրան «հագցրել եմ» զարհուրելի հագուստ, որն իր մեջ պարունակում է տագնապ, վախ եւ դրանով հանդերձ բավական ազդեցիկ է:

Մտադիր ենք նկարահանել նաեւ համապատասխան տեսահոլովակ, որը կփոխանցի պատերազմական պատկերը: Այդպիսով` մենք կբարձրացնենք մեր ձայնը` ընդդեմ պատերազմների»,-մեկնաբանեց Արա Գեւորգյանը:
Նա նաեւ հավելեց, որ նոյեմբերի 4-ին Սիդնեյում տեղի է ունենալու իր համերգը, որին ներկա են լինելու դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու 15 հայ երաժիշտներ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս