ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում հայտարարել էր հանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը: Սակայն որոշ ուսումնական հաստատություններում դեռ շարունակում են անտեսել վարչապետի հայտարարությունը:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի պետական քոլեջի 70-ամյա փոխտնօրեն Աշոտ Մարտիրոսյանի դուստրը նույն քոլեջի տնօրեն Խաչիկ Կարապետյանի եղբոր հարսն է: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց տնօրեն Կարապետյանի հետ. «Դա էական նշանակություն չունի: Պարոն Մարտիրոսյանը առույգ ու կայտառ մարդ է: Նա նախկինում այս քոլեջի տնօրենն է եղել: Հիմա փոխտնօրեն է ու իր գործը լավ է անում»:
Զրույցի ավարտին նա տեղեկացրեց, որ մի երիտասարդ կա, ում մտադիր է նշանակել փոխտնօրենի պաշտոնում: «Ուղղակի նա չի տիրապետում կրթական նոր ծրագրին: Մինչեւ երիտասարդը չընտելանա, փոփոխություն չեմ անելու, քավոր-խնամիական հարաբերությունները կապ չունեն»,-արդարացավ քոլեջի տնօրենը: