2 ԱՄՍԱԿԱՆ ԵՐԵԽԱՆ ՕՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՍՈՎԱԾ Է ՄՆԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել Վանաձորում՝ «աղբի գարաժներ» կոչվող տարածքից. այստեղից ծայրահեղ ծանր վիճակում Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունք է տեղափոխվել 2,5 ամսական Ալեն Կարապետյանը:

Ամեն ինչի մասին, սակայն, սկզբից
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ մոտ մեկուկես ամիս առաջ թաղամասային մանկաբույժը այցելություն է կատարել Վանաձորի «աղբի գարաժներ» կոչվող տարածք՝ Նարինե Կարապետյանի 2,5 ամսական երեխայի հերթական ստուգման համար եւ արդյունքում տղային հայտնաբերել է սոված ու գրեթե անգիտակից վիճակում, մարմինն էլ թարախային խոցերով պատված: Տեղամասային մանկաբույժը անմիջապս ահազանգել է իր ղեկավարությանն ու մարզպետարան՝ հայտնելով, որ երեխայի՝ Ալեն Կարապետյանի (ծնված 16.07.2016 թ-ին) կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Հենց նույն օրը կազմակերպվել է երեխայի տեղափոխումը հիվանդանոց: Վանաձորի բժշկական կենտրոնի «Նարեկ» մանկական բաժանմունքում նա հոսպիտալացվել է:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Նարեկ» մանկական բաժանմունքի ղեկավար, գլխավոր մանկաբույժ Արփինե Համբարյանը նշեց, որ փոքրիկն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում. «Այն պայմանավորված է իր խայտառակ վատ խնամքով, քաշը՝ տուժած, գիտակցությունը՝ մթագնած, ջերմությունը՝ 35 աստիճան, մարմինը՝ սառած, ռեակցիաները՝ կորցրած: Հաշվի առնելով երեխայի ծագումը, ընտանեկան ծանր սոցիալական վիճակը, պայմանները, որտեղ ապրել է, ինչպես նաեւ ծնողի վարքը, երեխան վանաձորյան պայմաններում անցել է բոլոր հնարավոր հետազոտությունները՝ անգամ սեռակավարակությունը»,- տեղեկացրեց գլխավոր մանկաբույժը՝ հավելելով, որ հիվանդանոցում գտնվելու 10-12 օրերի ընթացքում փոքրիկի վիճակը լավացել է, քաշը՝ ավելացել. «Մեր կոլեկտիվի շնորհիվ երեխան դուրս եկավ կյանքի վտանգի շեմից ու հարց դրվեց երեխային մանկատուն տեղափոխելու մասին: Հոկտեմբերի 14-ին խնամակալության հանձնաժողովի կողմից որոշում կայացվեց, որ երեխան չպետք է տրվի մոր խնամքին, լավ կլինի տանել մանկատուն»: Գլխավոր մանկաբույժի խոսքով՝ եթե փոքրիկը շարունակեր անգամ մեկ օր ավել մնալ այդ ընտանիքում, պարզապես կմահանար:

Ծանր պայմաններում
Տեղեկացնենք, որ չունենալով մշտական բնակության վայր՝ Նարինե Կարապետյանն ու նրա երեք մանկահասակ երեխաները բնակվում են մի տնակում, որը չունի դուռ ու պատուհան, նվազագույն կոմունալ ու կենցաղային պայմաններ:
Դրա համար էլ հոկտեմբերի 14-ին Վանաձորի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի քարտուղարի, Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի գլխավոր մասնագետի, ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների բաժանմունքի պետի եւ մանկատան աշխատակիցների հետ համատեղ որոշում է կայացվել երեխային հիվանդանոցից տեղափոխել անմիջապես մանկատուն: Որոշման հիմքում եղել է մոր` Նարինե Կարապետյանի կոմունալ կենցաղային անբավարար ծայրահեղ պայմանները, ծնողավարության հմտությունների պակասը:
Փոքրիկը լավացել է եւ տեղափոխվել Վանաձորի մանկատուն, որտեղից, սակայն, երեկոյան կրկին տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ մանկատունը չի կարողացել անհատական խնամք կազմակերպել: Օրեր անց Ալենին կրկին մանկատուն են տեղափոխում, որտեղից 4 օր հետո դարձյալ ծայրահեղ ծանր վիճակում՝ փսխումներով, ջրազրկում` հիվանդանոց: «Մանկատնից տեղափոխվել է խայտառակ վատ վիճակում, ինֆեկցիոն տոքսիկ շոկով: Բարեբախտաբար հաջողվեց փրկել փոքրիկի կյանքը»,-ասաց Արփինե Համբարյանը:
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների բաժնից հայտնեցին, որ Ալեն Կարապետյանի ոչ միայն առողջական վիճակը, այլ նաեւ հետագա ճակատագիրն ու խնամքը որոշելու ուղղությամբ քայլերը շարունակվում են: Ներկայումս երեխան հաշվառվել է որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա: «Վանաձորի համայնքապետարանից Ալեն Կարապետյանին Վանաձորի մանկատուն տեղավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուն պես երեխան օրենքով սահմանված կարգով կտեղափոխվի Վանաձորի մանկատուն»,-հայտնեցին Լոռու մարզպետարանից:
Տեղեկացնենք, որ փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում: Բայց այժմ այդ խայտառակ պայմաններում` դուռ ու պատուհան չունեցող տնակում նույն մոր հետ բնակվում են փոքրիկ Ալենի 2 եղբայրները: Նկատենք, որ Նարինե Կարապետյանը ամուսին չունի, իսկ 4 երեխաներից 3-ը տարբեր հայրերից են:

Ազգային անպատասխանատվություն
Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ Վանաձորում կատարվածը ցնցեց հանրապետությանը: 4 տարեկան երեխան եռման ջուր էր լցրել վրան ու 4 օր անց մահացել: Եւ այդ 4 օրերի ընթացքում փոքրիկի մայրը ո՛չ շտապօգնություն էր զանգահարել, ո՛չ էլ հիվանդանոց տեղափոխել փոքրիկին:
Իսկ ի՞նչ ընդհանրություն կա 2,5 ամսական Ալենի եւ մահացած 4-ամյա Ռոզայի միջեւ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նրանք մորաքրոջ երեխաներ են: Երկու քույրերով ապրում են հարեւան տնակներում` նույն ծայրահեղ ծանր պայմաններում: Եւ ստացվում է, որ քրոջ երեխայի մահն անգամ չսթափեցրեց Նարինեին, որը իր 2,5 ամսական տղային օրեր շարունակ սոված է պահել՝ կեղտի, առնետների ու թափառող շների ընկերակցությամբ:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր

 

 
ՄԱՀՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով շարունակվում են մի շարք հարցեր մնալ օդից կախված:
Հոկտեմբերի 25-ին ՀՔԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ սույն գործով ներկա փուլում ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ ներգրավված են 62 անձինք, որոնցից 44-ը կալանավորված են, 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ գրավը, իսկ 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ըստ ՀՔԾ-ի կողմից ձեռք բերված բավարար ապացույցների՝ պարզվել են ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի սպանությունների բոլոր հանգամանքները, հստակ բացահայտվել են այդ սպանությունները կատարած անձինք:
Այս պաշտոնական հաղորդագրությունից անցել է շուրջ 10 օր, եւ մինչ օրս նախաքննություն իրականացնող մարմինը չի հայտնել, թե ովքեր են ոստիկանության 3 ծառայողների մահվան մեղավորները: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ մինչեւ օրս ոստիկանների մահվան մասով խմբավորման անդամներից որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
Նկատենք, որ ՀՔԾ-ն եւս իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է այդ իրողությունը. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը»: Այսինքն` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը եւ ապօրինի կերպով զենք, պայթուցիկ ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելու մեղադրանքով է շարունակվում քննությունը, եւ խմբավորման անդամներից որեւէ մեկը ոստիկանին սպանելու մեջ չի մեղադրվում: Իսկ ինչո՞ւ է ՀՔԾ-ն ուշացնում մեղադրանք առաջադրելու գործընթացը, գուցե բավարար հիմնավորումնե՞ր չկան:
Ինչեւէ, հավելենք, որ ոստիկանների մահվան մասով նշանակված է եղել դատաբժշկական փորձաքնություն, եւ օրերս վարույթն իրականացնող մարմինը ստացել է փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը վիրավորումը ստացել է ծոծրակի շրջանում: Այս հանգամանքը խիստ զարմացրել է իրավաբաններին: Տարակուսանքն այն է, թե ինչպես կարող էին գնդի տանիքից կրակել եւ ոստիկանը վիրավորում ստանար հենց ծոծրակի հատվածում: Գուցե նրան թիկունքի՞ց են կրակել:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՑՈՒՑԻՉ Է
Լրագրողների դեմ կիրառվող բռնությունը ցուցիչ է, թե ինչ վիճակում է իշխանությունը, կարծում է Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա՝ հանրային եւ լրագրողական հատվածի նկատմամբ անցած երկու-երեք տարիների ընթացքում բռնությունների ավելացման դինամիկան ցույց է տալիս, որ Հայաստանում էապես խորացել է ավտորիտարիզմը: «Նախկինում այս ծավալի բռնություններ չեն եղել, ինչպես եղավ Սարի թաղի դեպքերի ժամանակ, «Էլեկտրիկ Երեւանի»: Վերջին 16 տարիների ընթացքում, որքան հիշում եմ, 200 հարձակում ու հանցագործություն է եղել լրագրողների նկատմամբ, բայց միան 4-ի դեպքով է պատշաճ հետաքննություն եղել»,-նշեց Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա՝ ոստիկանությունը ունի բոլոր միջոցները բացահայտելու այդ դեպքերը, բայց կոծկում է, ավելին՝ մասնակցում հարձակումներին, դառնում հարձակվող: «Մեզ հարկավոր է բացահայտում, պատիժ, որ կրկնություն չլինի, որ հաջորդ անգամ խորը մտածեն՝ արժի ծեծել, թե ոչ: Բայց քաղաքական կամք չկա, որ բացահայտվի»,- նշել է Բարսեղյանը:

 

 

ՈՐ ՎԱԽԵՑՆԵՆ
Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը, որով ներդրվեց սուտ մատնության «մահակը»: Այսուհետ ընտրակեղծիքների մասին բարձրաձայնող քաղաքացիները կա՛մ պետք է ներկայացնեն բավարար եւ հիմնավոր ապացույցներ, կա՛մ լռեն: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի գնահատմամբ՝ այնպիսի տպավորություն է, թե իշխանությունները ցանկանում են պայքարել ոչ այնքան ընտրակեղծարարների դեմ, որքան հաղորդումների. «Պայքարում են ընտրակեղծիքների մասին հայցադիմումների դեմ, իրականում ոչ թե դիմում տվողների, այլ հենց դիմումների: Նրանց նպատակն այն է, որ մարդիկ վախենան այդ հոդվածից եւ գլուխ չդնեն դիմումներ տալու հետ»:

 

 

ՈՉ ՄԻ ԴՈԿՏՈՐ
«ԲՈՀ-ը, հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների եւ բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը՝ այն հնարավորինս համապատասխանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով ՀՀ-ում կա՛մ դոկտորներ չկան, կա՛մ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ»,-ասել է ԲՈՀ նախագահ Լիլիթ Արզումանյանը: Հարցին, թե ԲՈՀ-ի վիճակագրության համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում քանի գիտական աշխատանք է հետ ուղարկվել, Լիլիթ Արզումանյանն ասել է. «Այս տարվա ընթացքում հետ է ուղարկվել 42 աշխատանք, իսկ վերջին 3 տարիների ընթացքում 240 աշխատանք, որոնցից 80-ը եղել է արտագրված»:




Լրահոս