ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին:
Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում` արդեն որպես գյուղատնտեսության նախարարի խորհրդական:
Շնորհավորելով Իշխան Կարապետյանին ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ` նախարարը նշել է, որ նա պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:
«Այսօր ունենք խնդիրներ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտում, նաև պետք է ապահովել առավելագույնս խիստ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես հանրության ուշադրության և քննադատության առանցքում է, և ես լիահույս եմ, որ նոր ղեկավարի հետ համատեղ, կշարունակեք ստեղծված հիմքերի վրա բարելավել և զարգացնել Ծառայության աշխատանքների որակը` հասնելով առավել տպավորիչ արդյունքների և նոր հաջողությունների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:
ՍԱՊԾ նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին և նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ ողջ թիմը կներդնի առավելագույն ջանքեր` առկա խնդիրների արդյունավետ լուծման և համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար:
Արմեն Հայրապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին երկու տարվա համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել Ծառայության նորանշանակ պետին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին