«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ գրուպ» ընկերությունը այս տարվա 3-րդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազեցրել է հարկային վճարումները: Այսպես՝ այս տարվա 3-րդ եռամսյակում «Սլավ գրուպ» ընկերությունը ՀՀ պետբյուջե վճարել է 1 մլրդ 598 մլն 455 հազար 800 դրամ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերության հարկային վճարումները կազմել են 1 մլրդ 642 մլն 94 հազար 300 դրամ:
Այսինքն՝ «Սլավ գրուպ» ընկերությունը ավելի քան 43.6 մլն դրամի չափով նվազեցրել է հարկային վճարումները: Իսկ պատգամավորին պատկանող մյուս՝ «Դերժավա Ս» ընկերությունը, ընդհակառակը, ավելացրել է հարկային վճարումները՝ 49 մլն 381 հազար 800 դրամով. այս տարվա 3-րդ եռամսյակում պետբյուջե վճարել է 1 մլրդ 321 մլն 115 հազար 700 դրամ հարկ, եւ զբաղեցրել ցանկի 65-րդ տեղը: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը նույնպես գտնվել է ցանկի 65-րդ տեղում, իսկ պետբյուջե վճարել է 1 մլրդ 271 մլն 733 հազար 900 դրամ: