Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը օրերս հայտարարեց նոր օրենսդրական նախագծի մշակման մասին, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի բուհերի խորհրդի նախագահ լինել:
«Ժողովուրդ»-ը այս օրենսդրական նախագծի շուրջ զրուցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի հետ:
Ի դեպ, նշենք, որ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:
-Պարո՛ն Գալստյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից նախաձեռնվող նոր օրենսդրական նախագծին, որի ընդունվելու դեպքում պետական պաշտոնյաներին կարգելվի ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահ լինել:
-Ես այսպես ասեմ, որ երկու տարբերակն էլ մեզ համար ընդունելի է, որովհետեւ մեր գործառույթները թափանցիկ են. լինի պետական մարմին, թե հասարակական ակտիվ մի գործիչ, ինչ-որ այդտեղ բան չեմ տեսնում: Միգուցե պետական մի ուժեղ մարմինը կարողանում է աջակցել ինչ-որ մեկին, մյուսը չի կարողանում, հնարավոր է՝ այդպիսի տարբերություն լինի: Մեզ համար երկու տարբերակն էլ ընդունելի է:
-Կմանրամասնեք, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունեք՝ երկու տարբերակ ասելով:
-Նկատի ունեմ, որ ընդունելի է՝ լինի պետական հզոր մարդ, ընդունելի է, որ չլինի պետական հզոր մարդ, ես չեմ ուզում այդտեղ վատ բան տեսնել, եւ երկուսն էլ մեզ համար ընդունելի է:
-Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, Ձեր ասած՝ պետական հզոր մարդկանցից: Ձեր խոսքից ստացվում է, որ նրա՝ խորհրդի նախագահի պաշտոնին հրաժեշտ տալու դեպքում կորցնելու բան չեք ունենա:
-Եթե մեր պետությունը որոշում է, որ խորհրդի մարդիկ պետք է լինեն այլ, ես ասեմ, չէ, մերը պետք է լինի Տարոն Մարգարյանը, որը մեր շատ լավ բարեկամն է, մեր կոլեկտիվը սիրում եւ հարգում է նրան ու սիրով աշխատում է իր հետ, ինքը մեզ շատ օգնում է:
-Ըստ Ձեզ՝ այս ճանապարհով բուհը հնարավո՞ր է ապաքաղաքականացնել:
-Ես քաղաքական դաշտում չկամ, մենք բուհում քաղաքական մարդիկ չունենք, չեմ զգացել դրա խնդիրը: Այսքանով սահմանափակվենք:
Քնար Մանուկյան