Նոյեմբերի 12-ին երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Վանաձորում։ Վանաձորի «Հայաստան» մարզահամալիրում կայացել է Գոռ Սուջյանի համերգը։ Ներկա էին ավելի քան 2000 երիտասարդներ։
Երիտասարդներին տոների կապակցությամբ շնորհավորել են ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Վահրամ Բաղդասարյանը ի թիվս այլ բարեմաղթանքների ներկա երիտասարդներին ապագայի լիարժեք տերը դառնալու համար մաղթել է կազմել ամուր ընտանիք, քանի որ երկրի հզորության առաջին գրավականներից մեկն ամուր ընտանիքն է։ Նա նաև շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ Վանաձորի երիտասարդներին նման տոն պարգևելու համար։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ քաղաքային իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի առաջիկայում Վանաձորը ճանաչվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, ինչը կօգնի, որպեսզի երիտասարդների համար ավելի շատ ծրագրեր իրականացվեն։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ողջույնի խոսքը սկսել է՝ մերօրյա հերոսներին՝ սահմանին կանգնած և մեր անդորրն ապահովող զինծառայողների տոնը շնորհավորելով։ Ներկաները հիշել են բոլոր այն հայորդիներին, որոնք իրենց կյանքի գնով ապահովել են մեր խաղաղությունը։ Կարեն Ավագյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել մեր ամենակայացած ինստիտուտներից մեկին՝ հայոց բանակին, որը հանրապետության ամենամեծ երիտասարդական կառույցն է։
«Իրականում մենք առաջին հերթին պետք է շնորհավորենք այն երիտասարդներին, որոնք այսօր իրենց զինվորական ծառայությունն են անցնում»,- ասել է պարոն Ավագյանը։ Նա ընդգծել է, որ երկրի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի երիտասարդներն ապահովվեն աշխատանքով, ունենան որակյալ կրթություն, միջազգային չափանիշներին համապատասխան հնարավորություններ։
Նշենք, համերգային երեկոն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Մեկշաբաթյա միջոցառումները նվիրված են այս օրերին նշվող Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն