«Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերությունը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից օգոստոսի 5-ին ենթարկվել էր 610 մլն դրամ տուգանքի՝ շրջակա միջավայրին հասցրած վնասը փոխհատուցելու համար: Սակայն գործարարի կողմից խնդրի բարձրաձայնման արդյունքում 610 մլն դրամ տուգանքի մասին որոշումը չեղարկվել է:
Նշենք, որ «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերության հիմնադիրն է Արմեն Բունիաթյանը, որը նաեւ Հայաստանի ձկնաբույծների ասոցիացիայի նախագահն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին Բունիաթյանի ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում եւ կիրառվել վարչական տույժ՝ 610 մլն դրամի չափով, ինչին գործարարը համաձայն չի եղել: Ի դեպ, տեղեկացնենք, որ գործարարին տուգանելու մասին որոշումը կայացվել է բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ: Իսկ տուգանքի մասին որոշումը չեղարկել է բնապահպանության ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանը:
Արմեն Բունիաթյանը «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ հարմար առիթ է գտել եւ ԲՆ-ի տուգանքի վերաբերյալ իր անհամաձայնության մասին հայտնել ցուցահանդեսին ներկա Սերժ Սարգսյանին եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Ապա ցուցահանդեսից օրեր անց՝ հոկտեմբերի 26-ին, վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կազմակերպել է վարչական կարգով բերված բողոքի քննարկում, որի արդյունքում վերջինիս կողմից կայացվել է որոշում` անվավեր ճանաչել «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ի նկատմամբ 610 միլիոն դրամի շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ օգոստոսի 5-ի որոշումը: Իսկ, ահա, կիրառած 300 հազար դրամ վարչական տույժի որոշումը մնացել է անփոփոխ:
Տեղեկացնենք, որ «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ձկնաբուծությամբ, հիմնադրվել է 2008 թվականին, գրանցված է Էջմիածին քաղաքում: Մինչ այդ՝ նշված ընկերության հիմնադիր եւ տնօրեն Արմեն Բունիաթյանը դեռեւս 1997 թվականին հիմնադրել է «Արմեն Բունիաթյան» Ա/Ձ-ն, որի գործունեությունը այժմ դադարեցված է: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԲՆ-ն «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերությունում ստուգումներ իրականացնելու արդյունքում հայտնաբերել է, որ ընկերությունը 8 տարի խորքային ջուր է օգտագործել, սակայն դրա թույլտվությունը չի ունեցել: Արդյունքում ընկերությունը շրջակա միջավայրին վնաս է հասցրել: Հետեւաբար տեսչությունը հաշվարկել է 8 տարիների օգտագործած ջուրը եւ ընկերությանը 610 մլն դրամի չափով տուգանել: Ապա պարզվել է, որ «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ընկերությունը օգտագործել է նույն անձին պատկանող մյուս՝ «Արմեն Բունիաթյան» Ա/Ձ-ի խորքային ջուրը, որի օգտագործման թույլտվությունը վերջինս ունեցել է: Այստեղ գործարարի միակ սխալն այն է եղել, որ իր մի ընկերությունը օգտագործել է իրեն պատկանող մյուս ընկերության խորքային ջուրը առանց փաստաթղթային ձեւակերպման: Ի դեպ, ընկերությունը ջուրն օգտագործել է ԲՆ-ի կողմից իրեն թույլատրված նորմայի սահմաններում:
Սակայն ինքը՝ գործարար Արմեն Բունիաթյանը, պնդում է, որ իր նկատմամբ կիրառված տուգանքը «պատվիրված» է եղել: «Պատվեր էին կատարել: Ես համոզված եմ, որ դա պատվեր էր իմ գործունեությունը խոչընդոտելու համար: Իրենք 610 մլն դրամանոց ակտը կազմել են այն բանի համար, որ իբր թե ես 8 տարի առանց թույլտվության ջուր եմ օգտագործել: Այս պատճառով ես հարմար առիթ գտա ու այս խնդրի մասին բարձրաձայնեցի ե՛ւ հանրապետության նախագահի, ե՛ւ վարչապետի մոտ, որոնք արագ արձագանքեցին»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց ձկնաբույծը:
Ստացվում է, որ եթե գործարարը ցուցահանդեսին ներկա չգտնվեր, ապա ստիպված էր լինելու վճարել 610 մլն դրամանոց տուգանքը: Բունիաթյանը համոզված է, որ այս դեպքում իր ընկերությունը կսնանկանար, իսկ ինքն էլ ընտանիքի հետ կմեկներ երկրից:
«Բայց հանրապետության նախագահի եւ վարչապետի հրամանով բնապահպանության ներկայիս նախարար Արծվիկ Մինասյանի մոտ քննարկում եղավ եւ պարզվեց, որ տուգանքը անհիմն է եղել: Դե, փաստեր պետք է ունենային իրենց ձեռքի տակ, որ ներկայացնեին նախարարին: Բայց դրանք չկային: Իսկ տուգանքի մասին որոշումը կայացվել է հենց տեսչության պետի, նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի իմացությամբ: Ինչ եք կարծում՝ 610 մլն դրամի տուգանք կազմելը առանց նախարարի հնարավո՞ր կլիներ: Իհարկե, ոչ»,- նկատեց Բունիաթյանը: Նկատենք, որ որեւէ նորմալ, իրավական պետությունում նման գործելաոճի համար խիստ պատասխանատվության կենթարկվեին բոլոր մասնակիցները՝ սկսած տեսչության աշխատակցից, ավարտած պետով եւ նրա վերադասով՝ նախարարով: Մեզանում, սակայն, ոչ միայն դա տեղի չի ունեցել, այլեւ գործարարը, կարելի է ասել, երջանիկ պատահականությամբ է կարողացել հասնել իր համար դրական ելքի: Հաստատված խաղի կաննոներից մի բացառություն, որը հաստատում է կանոնը:
Նշենք, որ ընկերության նկատմամբ կիրառվել է նաեւ 300 հազար դրամի չափով վարչական տույժ այն բանի համար, որ հիմնադիր Բունիաթյանը օգտագործել է իրեն պատկանող ընկերության ջուրը իր մյուս ընկերության համար՝ առանց փաստաթղթային ձեւակերպումների:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ին ՀՀ բնապահպանության նախարարությունից փոխանցեցին, որ լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում, վերջին քննարկման ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, ինչի հետեւանքով 610 մլն դրամ տուգանքի մասին որոշումը չեղարկվել է: Իսկ բնապահպանական տեսչության պետը կամ այն աշխատակիցները, որոնք տուգանքի մասին ակտը կազմել են, այս պահի դրությամբ չեն ենթարկվել ո՛չ կարգապահական տույժի եւ ո՛չ էլ ազատվել են պաշտոնից:
Ստացվում է, որ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը արհեստական խոչընդոտներ է հարուցել ձկնաբույծի գործունեության համար: Հուսանք՝ այս ոլորտում նման խայտառակ իրավիճակի կրկնությունը հետայսու կբացառվի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
7-ՐԴ ՀԵՐՈՍԻ ՀՈՒՇԱՔԱՐԸ
Գյումրու 3-րդ դպրոցի բակում նախօրեին բացվեց ապրիլյան պատերազմի մասնակից, Թալիշում զոհված Վիկտոր Յուզիխովիչի հիշատակը անմահացնող հուշաքար: «Հիշում եմ այն օրը, որ նա պատրաստվում էր մեկնել ծառայության: Հարցրեցի՝ Վիկտոր ջա՛ն, ո՞ւր ես ուզում գնալ ծառայության: Ասեց՝ ես գնում եմ սահմանին ծառայելու, Արցախում: Հպարտ եմ, որ կրթել եմ հայրենասեր քաջորդու, ում անունը անմահ է, սխրանքը՝ անմոռանալի»,-ասում է հերոսի դասղեկը:
Հուշաքարը թվով 7-րդն է: Նույնքան, որքան ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի հայորդիներն են: Թալիշի պատերազմական գործողությունների ժամանակ արիաբար զոհված Վ. Յուզիխովիչը բռնցքամարտիկ էր, արժանացել էր ոսկե մեդալների: Ընկերների պատմելով՝ իր ցանկությամբ էր գնացել ծառայության: «Մեր հերոսները թող շատանան: Մեր հերոս տղաները թող չմահանան, ողջ մնան: Իրենք մեզ շատ են պետք: Նրանք միշտ պետք է պատրաստ լինեն հայրենիքը պաշտպանելու: Ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, որ մեր երեխաները անփորձանք ետ վերադառնան»,-արցունքն աչքերին ասում է Վ. Յուզիխովիչի մայրը՝ Աննա Յուզիխովիչը:
Էդգար Յուզիխովիչը Վիկտորի 14-ամյա եղբայրն է: Այժմ տան միակ երեխան է: Ասելիք շատ ունի, արցունքները թույլ չեն տալիս: Մի բան հաստատակամ է որոշել. ծառայելու է ԼՂ-ում: Վ. Յուզիխովիչի ընտանիքի անդամները, հարազատները չեն համակերպվում նրա մահվան հետ: «Չգիտեմ ինչ սեմ… Մե կերպմ կդիմանանք, վիշտը միշտ էլ կա, միշտ թարմ կմնա»,-ասում է Ալեքսանդր Յուզիխովիչը՝ հերոսի հայրը:
Վիկտոր Յուզիխովիչը ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ մեդալակիր է: Հետմահու նրա անունով կոչվեց Գյումրու 3-րդ դպրոցի խաղահրապարակը: Դպրոցի աշակերտների կողմից ձեւավորված է ֆուտբոլային մի քանի թիմ, որոնցից մեկը, ի պատիվ հերոսի, անվանվել է «Վիկտոր»: Հուշաքարի բացմանը հաջորդեց ֆուտբոլային խաղի առաջին մրցաշարի ամփոփումը: Վ. Յուզիխովիչի անվան գավաթին արժանացավ առաջին տեղը գրաված «Վիկտոր» թիմը: Միջոցառմանը ներկա էին ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած եւ զոհված գյումրեցի հերոսների ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչները:
Ն. Կ.
Գյումրի