ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ քննարկման է ներկայացրել 1000 դրամների ծրագիրը, համաձայն որի յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պարտավոր է 1000 դրամ վճարել զոհված զինծառայողների և հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին աջակցելուն ուղղված հիմնադրամին: Ծրագիրը ներկայացվել է քննարկման, առանց հասարակության հետ հաշվի նստելու, քաղաքացիների մեծ մասը դեմ է այս ծրագրին:
Դեմ արտահայտվողների շարքում է նաև դերասան Հովհաննես Ազոյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ժողովրդի ամեն 100 դրամը հաշված է. «Չգիտեմ էլ ինչ ասել, իհարկե ճիշտ չեմ համարում, նախ պետք է ժողովրդի հոգսերը թեթևացնել, հետո միայն նոր հարկատեսակ ավելացնել»:
Վերջին շրջանում տարբեր առաջարկներ են հնչում, թե որտեղից կարելի է գտնել այդ գումարները և զինվորներին անհրաժեշտ օգնություն տրամադրել, Հովհաննես Ազոյանն էլ առաջարկեց իր տարբերակը. «Ես առաջարկում եմ նախ հետաքննել և բացահայտել ՊՆ-ում տեղի ունեցած նախկին թալանը և դա ետ բերել: Ոչ թե ասեն՝ դե՛ լավ, ինչ թալանել, թալանել են, հիմա պետք է սկսենք 0-ից»:
Դերասանի խոսքով` ժողովուրդն իսկապես ի վիճակի չէ նորանոր հարկատեսակներ մուծել. «Ժողովրդի սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ իրենց ամեն 100 դրամը հաշված է»:
Լիլիթ Շաբոյան