Ընդդիմադիրները խոսում են կոռուպցիայի և այլնի մասին, բայց կողմ են քվեարկելու 1000 դրամների ծրագրին. Ավետիք Իշխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ԱԺ ներկայացրած 1000 դրամների աղմկալի ծրագրի շուրջ, որը հարուցել է հասարակության դժգոհությունը, ArmLur.am-ը զրուցել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ:

-Պարո՛ն Իշխանյան, որքանով է օրինական նման ծրագրի քննարկումը, խոսում են հասարակության մասին, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, այս կերպ մարդու իրավունքները չե՞ն խախտում:

-Ցանկացած հակաօրինական քայլ մարդու իրավունքների խախտում է, ես նշեմ, որ ՀՀ քաղաքացին ունի երկու պարտավորություն՝ հարկեր վճարել և բանակում ծառայել: Այլ պարտավորություն ՀՀ քաղաքացին չունի, մնացածը նրա իրավունքներն են:

Օրենքով պարտադրել ՀՀ քաղաքացուն բարեգործություն անել, ուղղակի անօրինական է: Քննարկումը պետք է գնար սրա շուրջ և ոչ թե զգացմունքային երանգ տրվեր այդ ամենին:

-Քննարկումների ընթացքում շատ է խոսվում հայրենասիրության մասին…

-Հետևում եմ քննարկումներին, այդ թվում և ԱԺ-ի, այնպիսի տպավորություն է, որ գնում է հայրենասիրության մրցում՝ թե ով ավելի հայրենասեր կերևա, քիչ է մնում՝ բանը հասնի այնտեղ, որ ամենաթունդ հայհոյանքները տեղան թուրքերին ցույց տալու համար, թե իրենք ինչ հայրենասեր են: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը թերևս ճիշտ էր, որ ասաց, թե բոլորը կողմ կքվեարկեն նախագծին, այդ թվում և ընդդիմադիրները:

Ընդդիմադիրները խոսում են կոռուպցիայի և այլնի մասին, բայց  ամեն դեպքում ասում են՝ կողմ են քվեարկելու դրան: Այսինքն ՀՀ օրենսդիր մարմինը կողմ է քվեարկելու ոչ իրավական օրենքին: Սրանից հետո որևէ ընդդիմադիր քաղաքական գործիչ, որը կողմ  է քվեարկել այդ օրինագծին, այլևս թող չխոսի ընտրությունները կեղծելու մասին:

-Վերջին օրերին տարբեր առաջարկություններ են հնչում, թե որտեղից կարող են գտնել այդ գումարները, ստվերային միջոցները կրճատելու հաշվին, կոռուպցիան նվազեցնելու…

– Պետք է գոնե փակ քննարկում լիներ, որտեղ թող ասեին, որ հա՛, դուք ճիշտ եք ասում, կոռուպցիա կա և այլն, և այլն, բայց վիճակը հիմա այսպիսին է: Այդ դեպքում կարծում եմ, որ որևէ լուծում հնարավոր կլիներ գտնել, բայց ոչ իրավական հարթությունից դուրս:

Ես ինքս կողմ եմ բանակին օգնելուն, բայց խնդիրը հետևյալն է մենք պետությո՞ւն ենք, թե՞ համայնք, այսինքն սա համայնքային մտածողություն է: Ի վերջո, խորհրդարանը զգացմունքային ոլորտում չպետք է աշխատի, այլ պետք է լինի օրինականության ոլորտում:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը

 




Լրահոս