ՊՊԾ գնդի գործը կդառնա մարտի 1-ի նման չբացահայտված. գլխավոր դատախազությունը քննիչների հետ ջանում է ստեղծագործական տաղանդը ի ցույց դնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու գործը նոր «երանգներ» է ստանում: Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ իրավապահներն այս գործով նոր անձանց են հայտնաբերել, որոնք գործի քննությանը ընթացք են տվել:

Նախ՝ պաշտոնապես: Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել. «2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանի Սարի թաղ թաղամասում զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ դրանց մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը Երեւան քաղաքի Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել Սարի թաղ թաղամասում զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին»:

Նկատենք, որ դատախազությունը չակերտները չի բացում, թե կոնկրետ ով կամ ովքեր են նախատեսել, որ Ազատության հրապարակից պետք է գնան Սարի թաղ թաղամաս` նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը եւ հասցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ: Մամուլում գրվել է, որ այդ օրերի վայրագությունները արդարացնելու համար իրավապահ կառույցի ղեկավարներն իրենց վերադասին սխալ են զեկուցել՝ նշելով, որ մարդիկ զինված գալիս էին ՊՊԾ գունդը գրավելու: Եւ հիմա ժամանակն է, որ ասվածը վերածվի կոնկրետ ցուցմունքի: Թերեւս սա է պատճառը, որ ամիսներ անց որոշվեց երկու գործերը միացնել իրար:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր մտահոգությունը արտահայտեց այս իրավիճակի առնչությամբ` նշելով, որ սրանք խիստ տարբեր բնույթի գործեր են իրենց էությամբ. «Ենթադրենք՝ մեկ-երկու հոգու նկատմամբ դատախազությունը գտնում է, որ կարող է նման կապ տեսնել «Սասնա ծռերի» հետ, բայց սա չի նշանակում, որ իբր թե զանգվածային անկարգությունների հիմքով հարուցված քրեական գործը կարելի է միացնել, այստեղ զուտ իրավաբանական տեսակետից մեկ-երկու հոգու կարող էին առանձնացնել, ոչ թե մնացածներին, որ մեղադրում են զանգվածային անկարգություններ կատարելու մեջ, ինձ համար շատ տարօրինակ է»: Իրավապաշտպանի համոզմամբ, եթե չկա աջակցության հոդվածը, ապա չեն կարող միացնել դրանք, ենթադրենք գործողության միտումը, որը եղել է աջակցությունը ու դրա վերաբերյալ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը չեն կիրառել, մեղադրանքը չեն ավելացրել, նշանակում է՝ զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրող հոդվածների հիման վրա չէին կարող երկուսն իրար հետ միացնել: Այս քրգործերը իրար միացնելու հիմքերի մասին «Ժողովուրդ»-ին մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ իրավապահ մարմինները «գտել են ինչ-որ մեկին» կամ մի քանիսին, որոնք, ըստ երեւույթին, «խոստովանել են», թե ինչպես են իրենք պայմանավորվել, որ գնան Ազատության հրապարակ, հավաքված ժողովրդին ուղղորդեն դեպի Սարի թաղ, ճեղքեն ոստիկանական պատնեշը, մտնեն ՊՊԾ գունդ եւ օժանդակեն այն գրաված զինված «ծռերին»:

Այսպիսով, գործը «կարելու» հիմնական աշխատանքն ավարտված է. հասարակական ցանկացած ընդվզում այսուհետ կարող են իրավապահները վերածել կազմակերպված անկարգության, ահաբեկչական գործողության: Նախ հավաքների վայր կուղարկեն իրենց սադրիչներին, օրինակ՝ Տլեի եղբորը կամ այդ կատեգորիայից որեւէ այլ կերպարի, որոնք սադրանքներով մարդկանց կուղղորդեն իրավապահների համար ցանկալի վայր, որտեղ տեղի կունենան անհասկանալի գործողություններ, ինչպիսիք եղան Սարի թաղում, եւ կավարտվեն զանգվածային ձերբակալություններով: Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչ է, եկել է՝ այլ բարքերով առաջնորդելու համակարգը, հասարակական ընդվզումը ջանում է նույնացնել հանցանքի հետ: Ճիշտ այնպես, ինչպես 2008թ. արեց Աղվան Հովսեփյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:

Նկատենք, որ իրավիճակը 2008-ի մարտի 1-ի քրեական գործերին է նմանվում: ՀՀ գլխավոր դատախազությունը քննիչների հետ ջանում է ստեղծագործական տաղանդը ի ցույց դնել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույն ավյունով շարունակում է առաջ շարժվել՝ քաղաքական ընդվզումները քրեական հոդվածներով «օրորոցում թաղելու» սկզբունքներով՝ իր ավագ ընկերոջ` 2008թ. մարտի 1-ի գործերով գլխավոր «ստեղծագործող», քննչական կոմիտեի այժմյան նախագահ Աղվան Հովսեփյանի գործելաոճով:

Հիշեցնենք՝ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 100-ից ավել քաղաքացիներ լցվեցին բանտերը, ունեզրկվեցին, ունեցանք 10 զոհ, որոնց սպանությունները մինչ օրս բացահայտված չեն: Թերեւս այդպես կլինեն նաեւ հուլիսի 17-ի զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ սպանված 3 ոստիկանների գործերը: Այդպես էլ չի իմացվի իրականությունը՝ ով հրահրեց, ով կազմակերպեց եւ ով սպանեց իրականում: Հավելենք, որ  Հուլիսի 30-ին սպանված ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանին :

Վահագն Հակոբյան




Լրահոս