«Ոտքի Հայաստան» շարժման անդամ, հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի պաշտպանները բարձրաձայնում են, որ Ղուկասյանին շարունակում են խոշտանգել. «Ղուկասյանն առերեսման ժամանակ ուշագնաց է եղել, շտապօգնության աշխատակիցները ներարկումներ են արել և հետո կրկին շարուկավել է հարցաքննությունը մինչև գիշերը ժամը 1-ը»:
Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի խոսքով` խախտվել է նրա իրավունքները, քանի որ Ղուկասյանը ցուցումունք երբևէ չի տվել, իսկ առերեսման պետք է գնան նրանք, ում տված ցուցմունքներում կան անհամապատասխանություններ. «Առերեսում է կատարվել ոմն Գեղամ Սահակյանի հետ, ով նախկինում ունի դատվածությունններ, բացի այդ նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ»:
Փաստաբանը նշեց, որ Ղուկասյանն ասել է, որ Գեղամ Սահակյանը ներկայացել է որպես «Հիմնադիր խորհրդարանի» համակիր և իրեն զանգել է ու հայտնել, որ սարիթաղցիներն ունեն խնդիրներ, որոնց պետք է անհապաղ լուծում տալ. «Անդրիաս Ղուկասյանը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, և Գեղամ Սահակյանին ասել է, որ գրավոր ներկայացնի խնդիրը: Ղուկասյանը թաքցնելու ոչինչ չունի, նա պահանջում է, որպեսզի հրապարակվեն գաղտնալսումները»:
Նշենք, որ շուտով Ղուկասյանի և անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող մյուս անձանց գործերը միացվելու են «Սասնա ծռերի» գործին, փաստաբան Կարեն Մեժլումյանը նշում է, որ սա արվում է` միայն ընտրություններից առաջ Ղուկասյանին անազատության մեջ պահելու համար:
Լիլիթ Շաբոյան