Հայտնի են «Անկախ Հայաստան» լուսանկարչական մրցույթի հաղթողները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ Հայաստանի կադրերը` երիտասարդների տեսախցիկներով: Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում տեղի ունեցավ «Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթի բացման արարողությունը։ Լուսանկարչական մրցույթի ժյուրիի անդամները՝ Դավիթ Հակոբյանը, Վահան Ստեփանյանը, Հակոբ Բերբերյանը, Սեդրակ Մկրտչյանը, հայտարարեցին մրցույթի հաղթողներին։ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Հրանտ Խաչատրյանը, Գայանե Ենոքյանը, Գրիգոր Եփրեմյանը:
Նշենք, որ ծրագիրն իրականացրել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն (ՀԵՀ) ու Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը:
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը փաստեց, որ ծրագրի ձևաչափը նորություն է. «Շատ լուսանկարիչներ կան Հայաստանում և մենք ուզում ենք, որ նրանք էլ համահունչ քայլեն մեր բոլոր ծրագրերին: Եթե անկախության տոն է, իրենք անկախության թեմա ունենան, առաջիկայում կլինեն նաև այլ տոներ և նախատեսում ենք առաջիկայում այլ միջոցառումներում ևս ունենալ նաև նման ձևաչափ»:

Կարեն Ավագյանը նշեց, որ հնարավորություն են տալիս լուսանկարիչներին իրենց ֆոտոխցիկներով ֆիքսել այն բոլոր առանձնահատուկ կադրերը, որ բնութագրում է այս կամ այն երևույթը. «Այսօր մենք անկախություն ենք բնութագրել, քանի որ այս լուսանկարչական ցուցահանդես-մրցույթը, ինչպես և բոլոր մեր միջոցառումները նվիրված էին ՀՀ անկախության 25-ամյակին:

Անկախության կադրերը ֆիքսված են լուսանկարիչների խցիկներով»:
ԵԳՊԱ ռեկտոր Արամ Իսաբեկյանը ողջունելով նման ցուցահանդես-մրցույթի գաղափարը նշեց. «Մեր ցուցասրահները բաց են այսպիսի միջոցառումների համար: Մեզ համար կարևոր է նաև, որ լուսանկարչությունը, որը արվեստի գերակա ճյուղ է, զարգացում ապրի»:

Հանձնաժողովի անդամներից լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը խոստովանեց, որ որոշում կայացնելը դժվար է եղել. «Հաղթողներին դժվարությամբ ենք ընտրել: Բայց եկանք ընդհանուր հայտարարի և այն եզրակացության, որ ավելի կարևոր է` լուսանկարչությունն առաջ գա, քան մասնակցությունն ու հաղթելը: Մեր նպատակն է, որ զուգահեռ գեղարվեստին լուսանկարչությունը գտնի իր տեղը»:
Մրցույթի հաղթող Հրանտ Խաչատրյանը ներկայացրեց իր հաղթող լուսանկարի պատմությունը. «Մի անգամ ընկերոջս հետ «Երրորդ մասի» խուլ բակերից մեկում նկարում էինք, այդ ընթացքում նկատեցի, որ երեխաներն ուրախ խաղում են: Որոշեցի նկարել նրանց, քանի որ մեր օրերում դժվար է գտնել բակում խաղացող երեխաների, այն էլ այդքան տարբեր ու անկախ: Երբ որոշեցի նրանց նկարել, նրանք գեղեցիկ կանգնեցին, ու ծնվեց իմ նկարը»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս