Յուրի Խաչատուրովը Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 16-ին, կայացել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդիպումը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, որի ժամանակ քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի ԱԱԽ-ից հայտնում են, որ մասնավորապես, կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, ս.թ. հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրագործման ընթացքին, անվտանգության շահերից բխող՝ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը:

Յուրի Խաչատուրովը և Նիկոլայ Պատրուշևը կարևորել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործումը:

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև 2017-2018թթ. համագործակցության պլանը:

Նույն օրը տեղի են ունեցել նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչների փորձագիտական խորհրդատվությունները:




Լրահոս