Ի՞նչ կապ ունի Կարեն Ավագյանը Բժշկական համալսարանում առկա խախտումների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում լուրջ խախտումներ են հայտնաբերվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ համալսարանում հայտնաբերված խախտումների հետ է կապվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանի անունը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Կարեն Ավագյանը վստահեցրեց, որ հիմնադրամը բժշկական համալսարանի հետ կապ չունի:

-Ինչպես հայտնի է՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու, որով սահմանվելու է, որ այսուհետ բուհերի խորհրդի անդամները չպետք է լինեն պաշտոնյաներ: Նախարարի այս քայլի նպատակը բուհերը ապաքաղաքականացնելն է: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնությանը:

-Տեսեք, անկախ ամեն ինչից, բուհը երբեք քաղաքական չի եղել, Դուք չեք կարող հիմա ներկայացնել մեկ օրինակ, որտեղ տեսնեք այս կամ այն քաղաքական ուժը քաղաքական գործունեություն է իրականացնում:

-Բայց բազմաթիվ հրապարակումները եւ արձանագրված փաստերը միանգամայն այլ բանի մասի են խոսում: Ի վերջո, Ձեզ համար պիտի որ նորություն չլինի այն, թե ընտրություններից առաջ ինչպես են բուհերի դասախոսներին, ուսանողներին, տանում ընտրական հավաքների եւ այլն, եւ այլն:

-Դա բացարձակապես քաղաքացիների իրավունքն է:

-Վստա՞հ եք, որ իրենք իրենց սեփական կամքով են գնում այդ հավաքներին, այն էլ հիմնականում իշխանական ուժի կազմակերպած:

-Բացառապես քաղաքացիների իրավունքն է, երբեք պայմանավորված չի եղել խորհուրդներում իրենց ներկայությամբ: Եթե չլինեն նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այլ լինեն քաղաքացիներ, չի բացառվում, որ այդ քաղաքացիների մեջ լինեն կուսակցական պատկանելիություն ունեցող մարդիկ, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ այնտեղ իրականացնելու են կոնկրետ կուսակցական գործունեություն: Կուսակցական գործունեությունը կրթական օջախում օրենքով արգելված է, եւ եթե որեւէ դեպք Դուք գիտեք, կարող եք համապատասխան մարմիններին դիմել եւ համապատասխան մարմինները օրենքի ուժը կկիրառեն նաեւ այդ ձեր օրինակի վրա:

-Դատելով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մտադրությունից՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, փաստորեն, այլ կարծիքի է, նա նման վտանգ տեսնում է: Ի դեպ, այդ մասին տարիներ ի վեր բարձրաձայնել է նաեւ մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

-Դուք գիտեք, որ 4 մասից են բաղկացած խորհուրդները` 25 տոկոսը կառավարության ներկայացուցիչներ են, 25 տոկոսը՝ բուհի ներկայացուցիչներ, մյուս 25 տոկոսը համապատասխան գերատեսչության ներկայացուցիչներն են եւ 25 տոկոս բուհի ներկայացուցիչներ են: Այսինքն՝ այդ տոկոսային հարբերությունների մեջ բնական է, որ կլինեն կուսակցական պատկանելիություն ունեցող մարդիկ: Սա մի խնդիր է, եւ եթե պաշտոնյաների հետ կապված որոշակի հարցադրումներ ունի նախարարը, մենք կլսենք նաեւ նախարարին: Կարծում եմ, որ բուհերը այսքան ժամանակ իրենց գործունեության ընթացքում որեւէ խնդիր չեն ունեցել կամ որեւէ պրոբլեմ չեն ունեցել, որը խոչընդոտել է բուհի զարգացմանը կամ կրթական որակին կամ, ընդհանրապես, կառավարմանը:

-Ինչպես հայտնի է՝ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում լուրջ խախտումներ են հայտնաբերվել, եւ լուրեր կան, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի ղեկավարը Դուք եք, այդ խախտումների հետ առնչություն ունի:

-Որեւէ կապ չունեմ, երբեւէ կապ չեմ ունեցել, դրա համար ծիծաղից բացի՝ այլ բան չի առաջանում: Հիմնադրամը որեւէ կապ չունի համալսարանի հետ:

-Այսինքն՝ եթե համալսարանի խախտումների գործին իրավապահները ընթացք տան, որեւէ մտավախություն չունե՞ք:

-Բացարձակ մտավախություն չունեմ եւ միայն ուրախ կլինեմ, որ այդ կեղծ տեղեկություններ տարածողները եւս բացահատվեն:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս