Այս տարվա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական գործի ընթացքը կարծես թե աշխուժանում է: Արդեն «ուռկանում» են հայտնվում նաեւ «խոշոր ձկները»:
Հիշեցնենք, որ այդ գիշեր իրավապահները, ըստ ամենայնի, հենց Սերժ Սարգսյանին զեկուցեցին, թե մարդիկ զինված շարժվում են դեպի ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ՝ միանալու գնդի տարածքը զենքով գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներին: Եւ արդյունքը եղավ այն, որ ՀՀ ոստիկանությունը համագործակցելով թաղային խուժանի հետ՝ կազմակերպեց բախումներ, որի ընթացքում քրեական տարրերը նույն ոստիկանության աջակցությամբ ծեծուջարդի ենթարկեցին քաղաքացիներին, լրագրողներին՝ դիտավորյալ ոչնչացնելով լրագրողների մասնագիտական գործիքները:
Օպերատորների կողմից ֆիքսված կադրերում հստակ երեւում են, թե ինչպիսի ագրեսիվությամբ են գործում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (նասկի), քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբորորդին, Տիգրան Մելոյանը եւ մյուս՝ թիկնապահ հիշեցնող կերպարներն ու քրեական տարրերը:
Ի՞նչ ընթացքի մեջ է այս առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գտնվող գործի նախաքննությունը: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՔԾ-ից տեղեկանալ, սակայն մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը կրկնեց նույն ասելիքը՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը: «Քրեական գործով անցնող անձանց, այլ կերպ ասած՝ քրեական դատավարության մասնակիցների վերաբերյալ տեղեկությունները նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»,- հայտնեց Մ. Ահարոնյանը:
«Ժողովուրդ»-ին, սակայն, հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ տարվող քննության ընթացքից: Մեր տեղեկություններով՝ վերջերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է հրավիրել Սարի թաղի գործով գլխավոր դերակատարին՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Սա արդեն հետաքրքիր իրադարձություն է, քանի որ Արշակ Հակոբյանը մինչ այս եղել է, կարելի է ասել, անձեռնմխելի անձ, որին իր անմիջական ղեկավարը հովանավորել է ամենատարբեր իրավիճակներից «մաքուր» դուրս գալու համար:
Բայց այս անգամ Արշակ Հակոբյանը ստիպված է եղել քննիչներին մանրամասն բացատրել, թե ինչու էր հայտնվել դեպքի օրը այդ վայրում, ինչ էր անում, ում էր ուղղորդում եւ այլն:
Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ հատուկ քննչական ծառայություն է հյուրընկալվել նաեւ Սարի թաղի գործող անձանցից մեկը՝ ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանի եղբայր, ՀՀ ՈԶ 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը: Հիշեցնենք՝ Երանոսյանն այդ օրը լուսաձայնային նռնակը ձեռքին ակտիվ մարտնչում էր ՀՀ քաղաքացիների դեմ:
Քննիչները մանրամասն հետաքրքրվել են, թե դեպքի օրը որտեղ է կանգնած եղել Լեռնիկ Երանոսյանը, ինչու էր գնացել այնտեղ, որտեղից էր ստացել ձեռքի նռնակը, ո՞ւմ հրահանգով է գործել, արդյո՞ք հասցրել է նետել ձեռքի նռնակը, եւ ո՞ր ուղղությամբ է այն եղել: Թե ինչ է պատասխանել Երանոսյանը, «ժողովուրդ»-ին առայժմ պարզել չհաջողվեց:
Միայն իմացանք, որ ՀՔԾ-ում են եղել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը (նասկի), քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբորորդին, Տիգրան Մելոյանը եւ էլի շատ ակտիվ դեմքեր:
Ըստ ամենայնի, նշվածները գործում առայժմ ներգրավված են որպես վկաներ, իսկ թե հետագայում նրանց կարգավիճակն ինչ փոփոխության կենթարկվի, դեռ վաղ է ասել: Ամեն դեպքում ՀՀ հատուկ քննչական ծառայության այս համարձակությունը ողջունելի է, որ նրանք, ի վերջո, հասան բարձրաստիճան դերակատարների հարցաքննությանը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ՍՆՈՒՆԴԸ
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին կամ կալանավորներին տրամադրվող սնունդի մասին: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնել էին դատապարտյալների հարազատները, ՔԿՀ-ի կողմից տրամադրվող սնունդը այնքան վատն է, որ նրանք ստիպված են լինում դիմել հարազատներին, որ իրենց համար սնունդ բերեն: Բայց այստեղ էլ մի լուրջ խնդիր կա, երբ սնունդ տանելու օրը համընկնում է դատապարտյալին դատարան տեղափոխելու օրվա հետ, սնունդը «անհետանում է»: «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ «Նուբերաշեն» ՔԿՀ-ից: Այնտեղ իր պատիժը կրող բանտարկյալը հայտնեց, որ երբ ժամեր անց դատարանից հետ է վերադարձել, իրեն ուղարկված սնունդը այլեւս չի տրամադրվել եւ շուրջ 5 ժամ իր ընկերների հետ քաղցած է մնացել:
«Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ մեկնաբանություն խնդրեց ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական բաժնից, որտեղից հայտնեցին, թե ըստ օրենքի՝ կալանավորներին դատական նիստերին մասնակցելու համար տրամադրվում է համապատասխան ուտելիք, ինչը ըստ պատշաճի տրամադրվում է իրենց: Ավելին՝ ՔԿՎ լրատվական բաժնից հորդորեցին, եթե կան կոնկրետ փաստեր, թե որ կալանավորին կամ կալանավորներին չի տրամադրվել սնունդը, ապա թող ներկայացնեն ՔԿ վարչություն, որից հետո կնշանակվի ծառայողական քննություն՝ հասկանալու համար, թե ով է թերացել իր աշխատանքում:
ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես հայտնի է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է Երեւանի քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի 1000 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին դատավորը իր վարույթում քննվող քաղաքացիական գործով քաղաքացի Հ. Դ.-ից Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել էր 1000 ԱՄՆ դոլար կաշառք: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջել եւ ստանալու մասով, եւ նա գտնվում է կալանքի տակ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ մինչ Իշխան Բարսեղյանին մեղադրանք առաջադրելը եւ կալանավորելը, 2016 թվականի հոկտեմբերի 28-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում խորհուրդը նախ որոշել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել, ապա առաջարկել հանրապետության նախագահին համաձայնություն տալ դատավոր Իշխան Բարսեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: Դատավորի կալանավորման մասով եւս խորհուրդը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը բավարարել եւ առաջարկել նախագահին համաձայնություն տալ դատավոր Բարսեղյանին կալանավորելու վերաբերյալ: Եւ միայն Սերժ Սարգսյանի համաձայնությունը ստանալուց հետո է Իշխան Բարսեղյանը կալանավորվել:
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԵՆ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին հանրապետության կենտրոնական հատվածում դիտել է պաշտպանության բանակի զորավարժությունները: Բ. Սահակյանի խոսքով` պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարությունը, հրամանատարական բոլոր օղակներն այս ու մյուս զորավարժություններից կանեն անհրաժեշտ հետեւություններ եւ կիրականացնեն համապատասխան աշխատանք զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման ուղղությամբ:
ՀԱՐԱԶԱՏՆԵՐՈՎ ԱԿՑԻԱ
Արագածոտնի մարզի Աղձք գյուղի դպրոցականները, ովքեր նախորդ օրվանից անժամկետ դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց նախկին տնօրենին եւ բողոքելով նորանշանակ տնօրենի դեմ, երեկ շարունակել են իրենց ակցիան: Օրվա ընթացքում դպրոց է այցելել նաեւ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ով ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, որ բոլոր խնդիրները պարզաբանվել են. «Որոշում կայացվեց, որ ինչ-որ մտածել էինք, նույն կարգով կառաջնորդվենք, ոնց որ եղել է»: Գաբրիել Գյոզալյանի խոսքով՝ բողոքողը եղել են ոչ թե բնակիչները, այլ նախկին տնօրենի հարազատները. «Ոչ մի բնակիչ չի եղել: Հարս, փեսա, տղա եւ կին»,- ասել է մարզպետը՝ հավաստիացնելով, որ այսուհետ ամեն ինչ ընթանալու է իր բնականոն հունով:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու եւ մաքսանենգություն կատարելու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք «ՍԵՄ ՏՐԱՆՍ» ՍՊ ընկերության կողմից 2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային հսկողության իրենց պարտականությունը պատշաճ չեն կատարել, ինչի արդյունքում հիշյալ ՍՊ ընկերությունը ՀՀ է ներմուծել մաքսային հայտարարագրում չներառված մի շարք ապրանքներ՝ պակաս վճարելով շուրջ 71 մլն 326 հազ ՀՀ դրամ մաքսատուրք եւ 14 մլն 265 հազ ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, որով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Մեկ այլ քրեական գործի ուսումնասիրությամբ էլ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն՝ Գուգարքի տարածաշրջանային բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք «Թրեյդինգ» ՍՊ ընկերության կողմից 2015թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային հսկողության իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել, ինչի արդյունքում հիշյալ ՍՊ ընկերությունը ՀՀ է ներմուծել մաքսային հայտարարագրում չներառված մի շարք ապրանքներ՝ պակաս վճարելով շուրջ 19 մլն 947 հազ. ՀՀ դրամ մաքսատուրք եւ 3 մլն 990 հազ ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ, որով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս»:
ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Նալբանդյանը կարեւորել է Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ այցի ընթացքում փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ նոր համաձայնություններ ձեռք կբերվեն։ Ջենտիլոնին էլ շեշտել է, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
ԲՅՈՒՋԵՆ՝ ՍՏՎԵՐԻ ՄԵՋ
Արձագանքելով ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի՝ նախօրեին արած հայտարարությանը, թե ստվերի դեմ «պայքարելու է պայքարելով», Աժ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է. «Այնքան հեշտ է գտնել ստվերը, գտնելու կարիք չկա, այդ ստվերն ավելի շատ է, քան ընդհանուր մեր բյուջեն է։ Ոչ թե բյուջեի մեջ կա ստվեր, այլ բյուջեն ստվերի մեջ է, շատ հեշտ է՝ մի ֆանարիկ ես վառում, ամբողջ ստվերը միանգամից երեւում է։ Իրենք չեն գնում այդ ճանապարհով, ակնհայտ է, որ տաբու է դրված մտնել մի դաշտ, որտեղից սնվում է իշխանությունը»: