Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում առաջին հայցքից կարծես ամեն ինչ «իր տեղում է»: Ակտիվորեն լուսաբանվում են երկրի առաջին դեմքի հանդիպումները, տարատեսակ միջոցառումներին մասնակցելու մասին տեղեկատվություններ տարածվում, հրապարակվում փաստաթղթեր, Սարգսյանի հրամանագրերը, բայց սա միայն առաջին հայացքից:
Նախագահական կայքում կա «Հայաստան» խորագիրը կրող մի բաժին: Այդ բաժնում հրապարակված են ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին` դրոշը, զինանշանը, օրհներգը, պետության ղեկավարը, օրենսդիր մարմինը, պետական լեզուն, մայրաքաղաքը, վարչական միավորը, ազգային արժույթը, կան աշխարհագրական տեղեկություններ, ինչպես նաեւ` ժողովրդագրական եւ պատմական տեղեկություններ: Ամեն ինչ կարգին է, մինչ հենց այդ վերջին ժողովրդագրական եւ պատմական տեղեկություններին հասնելը: Ժողովրդագրական տեղեկություններ բաժնում ներկայացված են բնակչության մասին տեղեկություններ: Ըստ այդ տեղեկությունների` Հայաստանում մշտական բնակչության ցուցանիշի համաձայն՝ կա 3 մլն 2 հարյուր հազար մարդ, իսկ ըստ առկա բնակչության ցուցանիշի` 3 մլն. մարդ: Նշենք, որ ՀՀ բնակչության մասին այսպիսի տվյալներ գրանցվել են դեռեւս 2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով: 2001 թվականին անցկացված մարդահամարի արդյունքներով, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի «մշտական բնակչության» թիվը եղել է 3 միլիոն 213 հազար 11 մարդ, իսկ «առկա բնակչության» թիվը՝ 3 մլն 2 հազար 594 մարդ:
Բայց մեկ անգամ եւս հատուկ նախագահականի կայքը «թարմացնողների» համար հիշեցնենք, որ 2011 թվականին ՀՀ-ում եւս մարդահամար է անցկացվել: 2011 թվականի հոկտեմբերի 12-ից 21-ը անցկացված մարդահամարի արդյունքներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 3 միլիոն 18 հազար 854 մարդ, առկա բնակչության թիվը` 2 մլն 871 հազար 771: 2011 թվականին, 2001 թվականի համեմատ, մշտական բնակչության թիվը նվազել է 194 հազար 157 մարդով: 2011-ի մարդահամարից հետո մինչեւ 2013 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը շարունակել է աճել, բայց արդեն 2014-ի սկզբին այդ ցուցանիշը կտրուկ անկում է ապրել: 2012-ից 2014 թվականը ներառյալ Հայաստանի բնակչության բնական աճը կազմել է 44 հազար 735 մարդ: Այսպիսով՝ եթե հանրագումարի բերենք, ապա ստացվում է, որ 2001 թվականից մինչեւ 2015 թվականի սկիզբը Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 403 հազար 583 մարդով:
Իհարկե, «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել` ինչո՞ւ է հին տվյալներ հրապարակվել նախագահական կայքում, սակայն Հակոբյանը իր սովորության համաձայն մեր հարցը թողեց անպատասխան: Այնուամենայնիվ, ինքներս փորձենք հասկանալ, թե ի՞նչ է սա նշանակում: Այս ամենից ոչինչ եզրակացնել չես կարող, քան ողբերգական իրականության պարտակում: Իհարկե, մեր պաշտոնյաներին բնորոշ է իրականությանը նայել գունավոր ակնոցներով, ներկայացնել այնպես, ինչպես իրենց է հաճելի, բայց այս դեպքում կան իրականության մասին փաստեր ներկայացնող թվեր, որոնց «պարտակելը» հնարավոր չէ:
Նկատենք, որ նախագահական կայքում կա պատմական տեղեկությունների մասին հակիրճ ներկայացված հատված, որտեղ ընդամենը գրված է`
«1990թ. օգոստոսի 23-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը,
1991թ. սեպտեմբերի 21-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվե,
1991թ. դեկտեմբերի 21-ին Հայաստանը դարձել է ԱՊՀ անդամ,
1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձել է ՄԱԿ-ի անդամ,
2001թ. հունվարի 25-ին Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ,
2003թ. փետրվարի 5-ին Հայաստանը դարձել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ»:
Ընդամենն այսքանը: Իսկ ի՞նչ եղավ մեկ գիշերվա ընթացքում կայացրած որոշման արդյունքում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին տեղեկությունը: Չէ որ դա էլ էր պատմական: Մինչ ԵՏՄ-ին անդամակցելը, հայրենի քաղաքական գործիչները ոգեւորվել էին այդ փաստով, անգամ մեզ համարում էին համահիմնադիրներ, իսկ իրողությունն էլ՝ «պատմական»:
Այնուամենայնիվ, պետք է, ի վերջո, հասկանալ, որ սա ոչ թե սովորական մի կազմակերպության պաշտոնական կայք է, այլ երկրի առաջին դեմքի պաշտոնական խոսափողը: Ի դեպ, այդ կայքում աշխատելու համար մի խումբ մարդիկ վարձատրվում են ՀՀ պետական բյուջեից:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՆԵՐԿԱՅԻՍ ՊԱՏԿԵՐԸ
«Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ-ի 2016 թվականի ինտերակտիվ բյուջեն ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիարդ 446 միլիոն 291 հազար 785 դրամ, որից այս պահի դրությամբ ծախսվել 1 մլրդ, 204 մլն, 223 հազար, 836 դրամը: Ստացվում է, որ ՀՀ-ի ինտերակտիվ բյուջեն այս պահին կազմում է 242 մլն 67 հազար 948 դրամ: Նշենք, որ ինտերակտիվ բյուջեով ամենաշատ գումար հատկացվել է սոցիալական պաշտպանությանը, իսկ ամենաքիչը` շրջակա միջավայրի պաշտպանության համար:
ՆԱԽԱՐԱՐԸ ԽՆԴՐԵԼՈՒ Է
Նախօրեին ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը լրագրողների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ ինքը խնդրելու է ԱԺ բոլոր պատգամավորներին կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Սարգսյանի ներկայացմամբ` այդ կերպ ամբողջ աշխարհին ցույց կտանք մեր միասնականությունը եւ բանակի կողքին լինելու պատրաստակամությունը: Նշենք, որ օրենսդրական այս փաթեթի քվեարկությունը տեղի կունենա այսօր` ժամը 12:00-ին: Արդյո՞ք հայրենի խորհրդարանականները «կընդառաջեն» պաշտպանության նորանշանակ նախարարի խնդրանքին, թե ոչ, պարզ կլինի այսօր:
ԳՆԱՑԻՆ ՍԴ
ԲՀԿ եւ ՀՎԿ կուսակցությունները 32 ստորագրություն են հավաքել եւ դիմել Սահմանադրական դատարան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ստորագրահավաքին միացել են բոլոր խմբակցություններից պատգամավորներ՝ բացառությամբ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի: «32 պատգամավորական ստորագրությամբ մենք հանձնեցինք մեր դիմում-բողոքը Գալուստ Սահակյանին, որովհետեւ Ազգային ժողովը կից նամակով այն պետք է վերաուղարկի Սահմանադրական դատարան: Խնդիրը ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ կետը հակասահմանադրական ճանաչելն է, որով բոնուսային համակարգով Սամվել Բալասանյանն իրեն հռչակեց քաղաքապետ: Մենք վստահ ենք մեր հայցի իրավացիության եւ արդարացիության մեջ»,- նշեց նա: Զոհրաբյանը հավելեց, որ ՍԴ-ում ԲՀԿ-ի եւ ՀՎԿ-ի լիազոր ներկայացուցիչները կլինեն Վահե Էնֆիաջյանը եւ Հովհաննես Մարգարյանը, ովքեր կներկայացնեն եւ կպաշտպանեն կուսակցությունների տեսակետները: «Մենք հույս ունենք, որ ՍԴ-ն անպայմանորեն հակասահմանադրական կճանաչի օրենքի այս դրույթը, որովհետեւ որեւէ կերպ տրամաբանորեն բացատրելի չէ, թե ինչպես կարող է 34 տոկոս ստացած անձն այնուհետեւ ունենա մանդատների մեծամասնությունը: Սա բացահայտ հակասահմանադրական է, եւ մենք ակնկալում ենք, որ ՍԴ-ն չի ձգձգի պատգամավորական հայցը եւ հնարավորինս սեղմ ժամկետում կքննարկի 32 պատգամավորի հայցադիմումը»,- եզրափակեց նա:
ՍՊԱՍԵՆՔ՝ ՏԵՍՆԵՆՔ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը երեկ անցկացրած իր առաջին խորհրդակցության ընթացքում հայտարարել է. «Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը, իրականացվելու են գնահատված ռիսկի վրա հիմնված հստակ ու կոշտ միջոցառումներ, ուժեղացվելու է վերահսկողությունը, բացառվելու են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, եւ այդ ուղղությամբ իրականցվելու են հետեւողական քայլեր»: Ծառայության պետի խոսքերով՝ ՍԱՊԾ-ն շատ խիստ է վերաբերվելու բոլոր խախտումներին՝ թե՛ սպառողի սեղանին դրվող առաջնային սննդամթերքի, թե՛ տնտեսավարողների կողմից արտադրության մեջ օգտագործվող հումքի առումով: Թե ինչքանով վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ազգակցական կապեր ունեցող ծառայության նոր պետը հետամուտ կլինի ասվածին, ցույց կտա ժամանակը:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին՝ քննարկելու «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին վերաբերող մի շարք հարցեր: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի նոր նախագծով վերացվում է պետական մարմինների վերահսկողությունը, փոփոխվում է կուսակցության գրանցման պահին պահանջվող անդամների թիվը, ստեղծման պահին կուսակցության՝ տարածքային ստորաբաժանում ունենալու պահանջը եւ այլն: Նախարարն այս մոտեցումը գնահատել է որպես կուսակցությունների գրանցման գործընթացի հեշտացում եւ ընդգծել, որ ի սկզբանե նախագծի մշակման հիմքում հենց այդ գաղափարախոսությունն է դրված եղել:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ: Կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները եւ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: