«Ժողովուրդ»-ը գրական դաշտի բացերի ու ձեռքբերումների, թատրոնում աշխատելու բարդությունների, հայի տեսակի մասին զրուցել է երիտասարդ գրող, դրամատուրգ Էդգար Կոստանդյանի հետ:
-Էդգա՛ր, Ձեր «Ներեցեք» վեպը, որը 2009-ին արդեն տպագիր տարբերակով հանձնվեց ընթերցողների դատին, տվյալ ժամանակահատվածում ամենավաճառված գրքերից էր Հայաստանում եւ սփյուռքում: Ձեր փորձը կամ ուսումնասիրություններն ի՞նչ են ցույց տվել, ո՞ր գրքերն են Հայաստանում ամենաշատը գնում. ինչ-որ օրինաչափություն կա՞:
-Կոնկրետ միտում չեմ նկատել, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 5 տարիների ընթացքում մեր արդի գրողներն անհամեմատ լավ են վաճառվում: Եթե նախկինում արտասահմանցի գրողների գործերն էին սպառվում, ապա այսօր ընթերցողները գնում են նաեւ դեպի մեր գրողները: Բայց այսօր հրատարակիչների խնդիրը կա: Նրանք ճիշտ չեն աշխատում, մոտիվացնող ոչինչ չեն անում, որ ընթերցողը գնա դեպի իրենց արտադրանքը: Գրողի գործի հաջողությունը ավելի շատ պայմանավորված է սեփական փիարով: Օրինակ` իմ «Որբանոց» վեպը լավ փիար արվեց եւ 3 անգամ ավել վաճառվեց, քան «Ձմռան վերջին օրը» վեպս, որը, ըստ իս եւ ըստ մասնագետների, որպես գրականություն մի քանի անգամ բարձր սանդղակում է: Ամբողջ աշխարհում է առկա այս միտումը:
-Վերադառնանք հրատարակիչներին: Ինչո՞ւ մինչ օրս նրանցից ոչ մեկի հետ չեք աշխատել:
-Որովհետեւ ձեռք չի տալիս նախ` ֆինանսական առումով: Հրատարակչի հետ աշխատելիս գրողն ունենում է հոնորար եւ տոկոսներ (կամ տոկոսներ չի էլ ունենում): Սկսում են արդարացումներ փնտրել, թե գիրքը լավ չի վաճառվում, դրա համար հոնորարը քիչ է… Նախ` ո՞վ ասաց, որ լավ չի վաճառվում, երկրորդ` կարո՞ղ է՝ ես մի տարի մի գրքի վրա աշխատեմ, որ երկու միլիոն դրամ կա՛մ տան, կա՛մ էլ չէ: Կամ եթե հրատարակիչը մանկապարտեզին բնորոշ պլակատներ է փակցնում քաղաքում, օրինակ. «Միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ», էլ դրա հետ ի՞նչ աշխատես: Հիմա ասում են` ուզում են գրահրատարակչության ոլորտը զարգացնել, բայց մի տեսակ հավատս չի գալիս, չգիտեմ…
-«Մարդիկ սովոր են ամեն ինչ թողնել ժամանակին, երբ ելք չկա… Ժամանակն է այն միակը, ում ուսերին ենք բարդում մեր կեղտերն ու վաղվա մաքուր օրը, որը, սովորության համաձայն, չի գալիս… »,-սա հատված է Ձեր «Որբանոց» վեպից: Սա հայի՞ մասին է, թե՞ համամարդու:
-Հայի էությունն էլ է այդպիսին: Երեւի ես էլ եմ այդպիսին, որ նման բան եմ գրել, չգիտեմ… Հայը մի ախմախ խասյաթ էլ ունի. անընդհատ հիշում է, որ ինքը հայ է: Չի կարելի դա սարքել դրոշակ ու անընդհատ ասել. «Ես հայ եմ, ես հայ եմ»: Պետք չէ դա ամբողջ աշխարհի երեսով տալ: Իմ կարծիքով` մեր բոլոր խնդիրներն այդտեղից են գալիս: Մի ֆրազա կա, ասում են. «Ես հպարտ եմ, որ հայ եմ»: Ինչի՞դ վրա ես հպարտ: Մարդ պետք է հպարտանա այնպիսի բաների համար, որոնց ինքն է հասել: Է, հայ ես ծնվել` հայ ես:
-Վերադառնալով Ձեր ստեղծագործական ընթացքին՝ ինձ հետաքրքրում է՝ էլի պիեսներ գրո՞ւմ եք, թատրոնների հետ համագործակցության առիթներ ստեղծվո՞ւմ են:
-Արդեն չեմ գրում. պետք է թատրոն ունենանք, որ պիեսներ գրենք: Մի անգամ պետության կողմից հովանավորվող թատրոններից մեկից ինձ հրավիրեցին, որ իրենց համար պիես գրեմ, երբ տեսա, թե ինչ գումար են դրա դիմաց առաջարկում, հետ կանգնեցի, հասկացա, որ ամոթ է: Իրենց ձեռք էլ չի տալիս, որ նոր հեղինակների հետ աշխատեն, որովհետեւ այդպես թանկ է նստում: Մյուս կողմից էլ որ խորանանք, այնպես չէ, որ ֆանտաստիկ դրամատուրգներ ունենք, թատրոններն էլ նրանց չեն վերցնում: Մեր դրամատուրգները կամ խուճուճ բաներ են գրում, որոնք կարդում ես, ոչինչ չես հասկանում, հարցնում ես` ինչ է, մի բառ են գտել, ասում են` արտ հաուս (հիմա ինչը չի վաճառվում, անունը դնում են արտ հաուս), կամ էլ գրում են ԽԹծ-ի մակարդակի, զզվելի, «պոշլի», կենցաղային բաներ:
-Իսկ կինոսցենարներ գրելու դեպքում գոնե նորմալ վճարվո՞ւմ եք:
-Թող ամպագոռգոռ չհնչի, բայց ես մեզ մոտ չեմ տեսնում մի ռեժիսորի, որի հետ կարելի է նստել-աշխատել: Նույնիսկ եթե սցենարիստը լավ է վճարվում, ուրիշ խնդիրներ են ծագում: Օրինակ` ռեժիսորը կարող է ասել. «Ստեղ էս հերոսը պարտադիր սենց ֆրազա պետք է ասի, որովհետեւ մեր հանդիսատեսը էդա սիրում»: Էս ժողովրդին դրել են հիմարի տեղ: Չնայած որ սովից մեռնելիս լինես, ժամկետանց երշիկ էլ կուտես, թեկուզ` թունավորվելով:
-Էդգա՛ր, վերջում պատմեք, թե ինչ նոր գործի վրա եք աշխատում:
-Արդեն ավարտին եմ հասցրել իմ նոր «Կուկու» ստեղծագործությունը: Գիրքն առաջիկայում կլինի վաճառքում:
ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՏՐՎԱԾ Է ՎԱՐՁՈՎ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի որոշ անդամներ լուրջ դժգոհություններ ունեն տնօրինությունից: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ արտիստների մեծ մասը թատրոնում իրեն հյուրի, երբեմն էլ ավելորդի կարգավիճակում է զգում: Բանն այն է, որ ակադեմիական թատրոնի դահլիճը պարբերաբար տրվում է վարձակալությամբ, ինչի արդյունքում խաղացանկային համերգները հազվադեպ են ներկայացվում հանդիսատեսին:
Ստեղծագործական անձնակազմի անդամը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի, մեզ պատմեց` արտիստները սպասում են, որ դահլիճը վարձակալված չլինի, նոր միայն ներկայացում կամ համերգ ունենան այնտեղ. «Պատահում է, որ այդ սպասումը ձգվում է 6-7 ամիս: Այսինքն` կարող է այդ արենդաների պատճառով տարվա ընթացքում արտիստները 1-2 անգամ հանդես գան թատրոնում: Նրանք հոգնել են այդքան սպասելուց, հոգնել են այս ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից: Այս վիճակն ազդում է նրանց մասնագիտական հնարավորությունների, ֆորմայի վրա: Արտիստը չի կարող առանց բեմի հետ հարաբերվելու` այդ ֆորման պահել: Արվեստը նման է սպորտին. ամենօրյա «մարզում» է պահանջում: Իսկ այս իրավիճակը սարսափելի կերպով դեգրադացնում է արտիստներին: Վերջապես նրանց տարիներն են գնում… Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսված է 5 ներկայացում եւ 12 միջոցառում` վարձակալների կողմից. սա նորմա՞լ է, դե, թող հակառակը լիներ: Չի կարելի, այսպես անհնար է աշխատել»:
Մեր զրուցակցի խոսքով` վարձակալված դահլիճում կազմակերպվում են, օրինակ, հոբելյանական երեկոներ, ներկայացումներ ու համերգներ, հաճախ նաեւ` անլուրջ, կշիռ չունեցող միջոցառումներ. «Պետք չէ մոռանալ, որ դա Օպերային շենք է, այդ միջոցառումներն էլ պետք է լրջության աստիճան ունենան, դահլիճն ամեն մեկին չի կարելի վարձով տալ… Եվ հետո` ես չեմ ասում, որ դահլիճը, առհասարակ, վարձակալությամբ չտրվի, չէ, թող տրվի, ես դեմ չեմ, բայց դա չպետք է խանգարի ստեղծագործական պրոցեսներին, ոչ թե արտիստները պետք է լինեն հարմարվողը, այլ դահլիճը վարձակալողները»,-մեկնաբանեց նա:
Վերջինիս խոսքով` դահլիճի վարձակալության հարցը խանգարում է նույնիսկ արտիստների փորձերին. «Ինչ է, թե դահլիճը զբաղված է, նրանք կարող են նույնիսկ կիսատ-պռատ փորձերից հետո դուրս գալ բեմ: Սա պրոֆեսիոնա՞լ մոտեցում է…Հերիք եղավ, բոլ եղավ: Այս իրավիճակը աստիճանաբար զարգացավ, եւ այսօր ունենք այն, ինչ ունենք: Սրա արդյունքում նոր սերնդի լավագույն արտիստները փախչելու են այստեղից: Այնպիսի տպավորություն է, որ նրանց ստեղծագործական կյանքն է տրված վարձով: Մարդիկ ուզում են մեր հայրենիքում էլ ելույթներ ունենալ, իրենց բավարարված զգալ: Թվում է, թե անլուծելի վիճակ է, համենայն դեպս, կարծում եմ, որ այս խնդրի մասին անպայման անհրաժեշտ էր բարձրաձայնել»,-շեշտեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե արդյոք վարձակալությունից ստացված գումարները ուղղվում են թատրոնի կարիքներին, մեր աղբյուրը պատասխանեց. «Թատրոնում մի թայֆա կա, որն այդ վարձակալության գումարներով ուտում, խմում, քեֆ է անում: Այդ մարդկանց ձեռնտու է, որ արտիստների տարիներն ուտեն, բայց իրենք Range Rover-ներով շրջեն: Վարձակալության փողից անգամ չնչին գումար չի հատկացվում թատրոնին, այնինչ՝ որքա՜ն նոր ներկայացումներ կարելի էր բեմադրել ու համերգներ կարելի էր կազմակերպել ֆինանսական այդ միջոցներով: Որ այդքանի հետ մեկտեղ ձեռք մեկնեին Օպերային թատրոնին, կասեինք` դե, այդ վարձակալությունը թատրոնի շահերի համար է, բայց մենք տեսնում ենք միայն ղեկավարության նոր մեքենաներն ու ճոխ հագուկապը, այնքան փող են աշխատում, որ էլ դու սուս»:
«Ժողովուրդ»-ն առաջիկայում կփորձի ստանալ Օպերային թատրոնի ղեկավարության եւ մշակույթի նախարարության մեկնաբանությունը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
75-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆ
2016 թվականը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար տոնական տարի է. թատրոնը նշում է իր հիմնադրման 75-ամյա հոբելյանը: ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն նոյեմբերի 18-ին` թատրոնում կայանալիք հանդիսավոր հոբելյանական ծրագրով, որի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես կգան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Սվետլանա Նավասարդյանը եւ Ռուբեն Մաթեւոսյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տան «Զորական» անսամբլը: Հանդես կգա նաեւ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը: Թատրոնի հոբելյանի առթիվ իրենց շնորհավորական խոսքը կհղեն պետական այրեր, հասարակական գործիչներ, մտավորականներ եւ թատերարվեստի ոլորտի նվիրյալներ: Կցուցադրվեն հատվածներ ներկայացումներից: Հոբելյանական երեկոյի ընթացքում տեղի կունենա նաեւ «Պարոնյան-75» գիրք-ալբոմի շնորհանդեսը:
ԴԻԼԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է
Բանաստեղծ եւ երաժիշտ Բոբ Դիլանը չի կարող ներկայանալ Ստոկհոլմ՝ անձամբ ստանալու գրականության գծով Նոբելյան մրցանակը: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն` հղում անելով Շվեդիայի ակադեմիային: «Մենք ստացանք Բոբ Դիլանի անձնական նամակը, որտեղ նա բացատրել է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների պատճառով ինքը չի կարող դեկտեմբերին ժամանել Ստոկհոլմ եւ ներկա լինել մրցանակի հանձնման արարողությանը: Նա կրկին շեշտել է, որ իր համար մեծ պատիվ է համարում մրցանակի շնորհումը եւ կցանկանար այն ստանալ անձամբ»,- ասված է Շվեդիայի ակադեմիայի հայտարարության մեջ:
ՌԵԿՈՐԴ ԵՆ ՍԱՀՄԱՆԵԼ
Հեղինակավոր Forbes ամսագրի տվյալներով` ամերիկյան շոու-բիզնեսի հայտնի ընտանիքներից մեկը` Քարդաշյան-Ջեներ կլանը, 2015-ի հունիսից մինչեւ 2016-ի նույն ամիսը վաստակել է 122.5 մլն դոլար: Սա ռեալիթի շոուների աստղերի շրջանում համարվում է ռեկորդային ցուցանիշ: Ընտանիքի անդամներից ամենաշատը վաստակել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը. նրա եկամուտը կազմել է 51 մլն դոլար, երկրորդ տեղում մոդել Քայլի Ջեներն է, որը մեկ տարվա ընթացքում հասցրել է աշխատել 18 մլն դոլար, եռյակը եզրափակում է սուպերմոդել Քենդալ Ջեները` 17 մլն դոլար ցուցանիշով: Ընտանիքի մյուս անդամները` Քրիս Ջեները, Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները, 1 տարում վաստակել են համապատասխանաբար 11.5, 10 եւ 15 մլն դոլար: