Հայկական շոու-բիզնեսում շարժիչ ուժ հանդիսացող փրոդաքշընի պակաս կա. Մայքլ Քոթանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանը երեք տարվա դադարից հետո նոր տեսահոլովակ է պատրաստում երկրպագուների համար: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երգի հեղինակը Կոնսն է (Արթուր Նիկողոսյան), եւ որ տարվա ավարտին, հավանաբար, կսկսի զբաղվել նոր գործի ձայնագրման աշխատանքներով: Մայքլը դեռեւս հրաժարվեց մանրամասնել, թե ինչ թեմատիկայով են լինելու նոր երգն ու տեսահոլովակը:

Մենք հարցրինք` ինչն է պատճառը, որ երգիչը տեւական ժամանակ է` նոր տեսահոլովակ չի ներկայացնում. «Արդեն մի քանի տարի է` հայրիկի` Ռաֆայել Քոթանջյանի հետ հանդես ենք գալիս համերգներով: Դրանց մեկնարկը տրվել էր հայրիկի 70-ամյակին, հետո մեր գործունեությունը դարձավ շարունակական: Բենեֆիսային ներկայացմամբ, որը ներառում է հայրիկի մանրապատումներն ու իմ կատարումները, հասցրել ենք հանդես գալ Հայաստանում եւ արտերկրում: Առաջիկայում, օրինակ, ունենք հրավեր Մոսկվայից: Այս ներկայացմամբ հանդես կգանք մինչեւ հայրիկի 75-ամյակը: Այս վերջին հոբելյանական առիթն օգտագործելով` հանդիսատեսին, հավանաբար, էլի կմատուցենք նոր ներկայացում»,-ասաց նա:

Մեր այն դիտարկմանը, որ Մայքլը փոքր-ինչ հեռացել է շոու-բիզնեսից, վերջինս պատասխանեց. «Այո, պատճառն այն է, որ նվիրվել եմ ընտանիքիս, բայց կան մարդիկ, որոնց հետո շոուբիզնեսյան շփումներից դուրս էլ մտերիմ եմ, օրինակ` երգչուհիներ Լիլիթ Կարապետյանն ու Լիանան: Այժմ արդեն մտերիմ են նաեւ մեր երեխաները»:

Մայքլն անդրադարձավ նաեւ հայկական շոու-բիզնեսի բացերին` նկատելով, որ չկա այն շարժիչ ուժ հանդիսացող փրոդաքշընը (փրոդաքշընները), որը կհամագործակցեր երգիչ-երգչուհիների հետ օրենսդրական դաշտի շրջանակներում. «Նման օրինակ է «Շարմը», սակայն վերջինս մեր արտիստների համար շատ քիչ է. հարկավոր են այնպիսի ընկերություններ, որոնք կաշխատեն զուտ երգարվեսի ներկայացուցիչների հետ: Այդ դեպքում շուկայում որակյալ արտադրանքը կգերակշռեր:

Այդպիսի ֆունկցիա կատարող ընկերություն, որը երգիչների հետ կաշխատեր պայմանագրերով, նրանց առաջխաղացման համար գումար կներդներ եւ հետո շահույթ կապահովեր, Հայաստանում դեռեւս չկա եւ չեմ էլ պատկերացնում, թե երբ կլինի: Նման ընկերությունները կնպաստեն նոր անունների բացահայտմանը, շոուբիզնեսցիների հեղինակային իրավունքների պահպանմանը, լրատվամիջոցների հետ գրագետ եւ շահավետ համագործակցությանը, համացանցային տիրույթում արտիստների ճիշտ ներկայանալուն: Օրինակ` Միացյալ Նահանգներում տվյալ ընկերության վերահսկողությամբ դու կարող ես ներբեռնել այսինչ արտիստի նոր երգը, սակայն պետք է դրա դիմաց վճարես մեկ դոլար: Հայաստանում այդ աշխատաոճը, կուլտուրան չկա. մեր արտիստները բավարարվում են՝ յութուբյան դիտումների քանակն արձանագրելով»,-եզրափակեց երգիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս