«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենը ինքն իրեն պարգեվատրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատը այս տարվա փետրվարի 29-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը ուսումնասիրություններ է իրականացրել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում: Ուսումնասիրվել է 2014թ. հունվարի 1-ից 2016թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ պետական բյուջեից հիմնադրամին հատկացված միջոցների օգտագործումը, պետական սեփականության կառավարումն ու օգտագործումը՝ 2006թ հունվարի 1-ից 2016թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ: Արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ:

Նշենք, որ էկոնոմիկայի նախարարության «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ստեղծվել է 2001 թվականի նոյեմբերի 27-ին: Տնօրենն է Բագրատ Ենգիբարյանը: Ըստ ՎՊ-ի՝ հիմնադրամի տնօրենի հրամաններով տրվել են պարգեւատրումներ, այդ թվում՝ հիմնադրամի տնօրենին: Սակայն հիմնադրամի ծախսերի նախահաշվով տնօրենին պարգեւատրելու համար ֆինանսավորում նախատեսված չի եղել: Արդյունքում խախտվել է ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 219-րդ հոդվածով սահմանված պահանջը. այն է՝ աշխատողին խրախուսում է գործատուն, այս դեպքում՝ խորհուրդի նախագահը: Իսկ 2010 եւ 2011 թվականներին արձանագրված երկու դեպքով պարգեւատրման նպատակով հատկացվել է մոտ 5.5 մլն դրամ, որից միայն տնօրենի պարգեւատրումը կազմել է մոտ 3.2 մլն դրամ:

Հիմնադրամի տնօրենը (խոսքը՝ Բագրատ Ենգիբարյանի մասին է) Հայաստանից դուրս գործուղվել է միայն իր հրամանների հիման վրա: Մինչդեռ ՀՀ կառավարության՝ 2005 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 2335 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն՝ դրանք պետք է իրականացվեին գործատուի (հիմնադրամի խորհուրդի նախագահ) կողմից տրված հրամանի համաձայն: Բացի այդ՝ նույն կարգի 10-րդ կետով սահմանվում են նաեւ գործուղման նորմաները, որոնք Բագրատ Ենգիբարյանի կողմից մի շարք դեպքերում գերազանցվել են:

Օրինակ՝ տնօրենի՝ 2012 թվականի փետրվարի 6-ի թիվ 6-Ա հրամանով, նույն ինքը՝ հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, գործուղվել է Իսպանիա եւ Ֆրանսիա: Այդ նպատակով ծախսվել է մոտ 2.4 մլն դրամ, որի գրեթե կեսը՝ 1 մլն 50 հազար դրամը, գերազանցել է նորմատիվ ակտով սահմանված գործուղման նորմաները: Այսինքն, ըստ ՎՊ-ի՝ 2014 թվականի հունվարի 1-ից 2016 թվականի սեպտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հիմնադրամի տնօրենի գործուղման ծախսերը կազմել են 18.6 մլն դրամ:

Իսկ հիմնադրամի ներկայացուցչական ծախսերի մեծ մասը կատարվել է տնօրեն Բ. Ենգիբարյանի անվամբ բացված պլաստիկ քարտի միջոցով, առանձին դեպքերում նաեւ կանխիկ վճարումներով: Իսկ ՎՊ-ի կողմից ուսումնասիրությամբ ընդգրկված ժամանակահատվածում տնօրենի պլաստիկ քարտի միջոցով եւ կանխիկ գումարով կատարվել են մոտ 9 մլն դրամի վճարումներ: Դրանց իրականացման համար հիմք են հանդիսացել ռեստորանների եւ սրճարանների հաշիվ-ճաշացուցակների կտրոնները, ՀԴՄ կտրոնները, բայց հանդիպումների կազմակերպման նպատակների, մասնակիցների թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ չկան, բացակայում են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս