ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՄԱԼԻՇԿԱՅԻ «ԴԱԲՐՈՆ» ՉՍՏԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես որոշել եմ չմասնակցել խորհրդարանական ընտրություններին»,-երկար «մտորումներից» հետո վերջապես երեկ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի ունենցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» ՀԿ նախագահ Արա Աբրահամյանը: Նրա պարզաբանմամբ՝ իր մտափոխման պատճառը առաջացած առողջական խնդիրներն են:

Արա Աբրահամյանը երեկ չբացառեց, որ որեւէ քաղաքական ուժին կսատարի: ArmLur.am-ի այն հարցին` կա՞ն ուժեր, որոնց, այնուամենայնիվ, սատարելու եք, նա պատասխանեց, որ դեռ այդ մասին չի մտածել, սակայն եթե որեւէ կուսակցության ծրագիր իսկապես Հայաստանի զարգացմանը նպաստի, ապա նրան սատարելու որոշում կկայացնի: Ըստ էության, Աբրահամյանը «տակից» քաղաքականություն մտնելու հույսեր դեռ փայփայում է: Ինչեւէ: Սա դեռ թողնենք մի կողմ եւ հասկանանք, թե իրականում ի՞նչ փոխվեց այս մեկ տարվա ընթացքում, որ վճռական Աբրահամյանը հետ կանգնեց իր որոշումից:
Տեղեկացնենք, որ նա երեկ որպես հիմնավոր պատճառ բերել է իր առողջական վիճակը, որը ինչքան էլ հիմնավոր, այնուամենայնիվ, կասկածահարույց է, քանի որ անցած ամիս տեղի ունեցած Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ժամանակ (ԵԳՄՀ), երբ ամեն կերպ խուսափելով լրագրողների` քաղաքական թեմաներին առնչվող հարցերից` տեղեկացրել էր, որ այդ մասին կհայտարարի նոյեմբերին: Այսինքն` նա դեռ ինչ-որ բանի էր սպասում, որպեսզի նոյեմբերին հստակեցներ ու ինչ-որ նոր բան հայտարարեր: Իսկ եթե իսկապես առողջական խնդիրներն էին պատճառը, Աբրահամյանը դեռ այդ ժամանակ կարող էր հստակ հայտարարել` չեմ մտնում քաղաքականություն, որովհետեւ առողջական խնդիրներ ունեմ: Ինչո՞ւ դա չարեց, այդպես էլ անհասկանալի է:
Հիմա փորձենք վերհիշել Աբրահամյանի ելույթները, որոնք, ի վերջո, պարզվեցին դատարկ խոսքեր էին` օդում թողած պղպջակի էֆեկտով:
Աբրահամյանը դեռեւս անցած տարի՝ հոկտեմբերի 14-ին, դարձյալ ԳԱԱ դահլիճում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «աներկյուղ» հայտարարեց իր` Հայաստանի քաղաքական դաշտ մտնելու եւ կուսակցություն հիմնելու մտադրության մասին.« Ես որոշում եմ կայացրել, որ կարճ ժամանակում կազմեմ մի այնպիսի ծրագիր, որ կարող է օգնել հայ ազգին տնտեսական, քաղաքական, բոլոր խնդիրներով, եթե ես կազմեմ այդպիսի մի ծրագիր, ես, իհարկե, կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին»: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու համար ո՞ւմ «դաբրոն» ունի, Աբրահամյանը կատակեց, թե` «մալիշկեցիքի դաբրոն պիտի ունենամ»: «Երբ պիտի գայի Երեւան՝ սովորելու, գնացել էի, կոլխոզում աշխատել էի, եւ կոլխոզից գործուղում տվեցին, որպեսզի գամ, գյուղինստիտուտում սովորեմ: Հիմա պետք է գնամ, մեր գյուղացիների հետ խորհրդակցեմ՝ իրենք գործուղում կտա՞ն մեծ քաղաքականություն գնալու, թե՞ ոչ»: Թե ինչ արդյունքներ եղան Մալիշկայից, այդպես էլ հանրության լայն շերտերի համար անհասկանալի մնաց: Բայց որ Մալիշկայի գյուղապետը ArmLur.am-ին ասել էր` դեռ պետք է ծրագրերը տեսնեն Աբրահամյանի ու նոր որոշեն, արդեն բավականին խոսուն իրավիճակ էր:
Ակնհայտ էր, որ Հայաստանում ծաղիկներով ու կարմիր գորգը փռած չէին սպասում Աբրահամյանի գալստյանը, ինչը նրան առավել ագրեսիվ դարձրեց: Ասուլիսից վեց օր անց, Մոսկվայում պատասխանելով «Ազատության» հարցին` թե մի քանի ամսվա ընթացքում չի՞ կարող ինչ-որ մի բան պատահել, որ Ձեզ հետ կանգնեցնի այդ մտադրությունից, վստահորեն պատասխանել էր. «Որեւիցե բան չի կարող պատահել, որեւիցե ուժ չի կարող ստիպել: Ես այնպիսի բան չեմ անում, որ վախենամ, պետք է վախենան այն մարդիկ, որոնք ավելորդ խոսում են: Ինձ թվում է՝ կգա ժամանակը, ամեն մեկը իր պատասխանը կստանա: Տեսեք՝ ինչ են ասում՝ ռուսերեն չգիտի, հայերեն չգիտի, ինքը ինչ ասում է, ճիշտ չէ… »:
Թե ում էր նա ակնարկում, այդպես էլ անհայտ մնաց, բայց փաստ է, որ առողջական պատճառներով քաղաքական ամբիցիաներից հրաժարված գործչի այդ պատճառաբանությունն այնքան էլ «խելքին մոտ չէ», ի վերջո, նա չէր կարող ամիսներ շարունակ, նույնիսկ մեկ ամիս առաջ չիմանալ, որ ինքը վատառողջ է: Եվ հանկարծ երեկ հայտնաբերեց, որ առողջությունը չի ներում քաղաքական դաշտ մտնելու համար:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Հայաստանի քաղաքական դաշտից «դուրս հրավիրվեց» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա էլ հեռացավ` իր կամքից անկախ:
Հ. Գ. Արա Աբրահամյանը հիմա ջերմ հարաբերություններ ունի ինչպես նախկին ՕԵԿ-ի հետ` ի դեմս Արթուր Բաղդասարյանի, այնպես էլ «Համախմբում» կուսակցության հետ` ի դեմս Վարդան Օսկանյանի: Իսկ նրա երեք եղբայրները` Արմենը, Սերգեյը եւ Գագիկը, նախորդ գումարման խորհրդարանում 3 տարբեր խմբակցություններում էին. առաջինը` ԲՀԿ, երկրորդը` ՕԵԿ, երրորդը` ՀՀԿ: Տեսնենք` 2017-ին Աբրահամյան եղբայրների ճակատագիրն ինչպես կդասավորվի:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 
ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ինչպես հայտնի է` նոյեմբերի 26-ին կայանալու է Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարը: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից տեղեկացավ, որ համագումարին լինելու են 1790 պատվիրակներ, 250-ից ավել հյուրեր: Համագումարի ընթացքում տարածքային կազմակերպություններից ելույթներ են լինելու: «Բնականաբար կլինեն նաեւ ուղերձներ մեր գործընկեր կուսակցություններից, նկատի ունեմ ՌԴ «Եդինայա Ռոսիա», Եվրոպայի ժողովրդական եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցություններին»,- հայտնեց Թադեւոսյանը: «ժողովուրդ»-ը ՀՀԿ-ական կազմակերպչից հետաքրքրվեց նաեւ` կա՞ն անկուսակցական պաշտոնատար անձինք, որոնք դիմում են գրել ՀՀԿ-ին անդամակցելու համար, Թադեւոսյանը պարզաբանեց. «Ես դեռեւս այդպիսի դիմումներ չունեմ, երբ ունենամ, կտեղեկացնեմ»:

 

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԴԱՏԱՎՈՐԸ
Կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի եւ կաշառքի միջնորդության մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի գործը մակագրվել է նույն Շենգավիթի դատարանի դատավոր Կարեն Մարդանյանին: Դատավոր Բարսեղյանի պաշտպանությունը ստանձնել են 3 փաստաբաններ: Նրանց թվում են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, թոշակի անցած Վլադիմիր Գրիգորյանը, Վարդուհի Էլբակյանը եւ Լիաննա Գրիգորյանը:
«Ժողովուրդ»-ն արդեն հայտնել է, որ դատավոր Բարսեղյանը հրաժարվել է ցուցմունք տալ եւ չի ընդունել 1000 դոլար կաշառք վերցնելու մեղադրանքը: Նա արգելել է իր փաստաբաններին խոսել լրագրողների հետ կատարվածի մասին:

 

 

ԽԱՉԱՏՈՒՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ
Մամուլում երեկ լուր շրջանառվեց այն մասին, որ ի թիվս այլոց՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գյումրիից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաեւ Բալասանյանների ընտանիքի կրտսեր ներկայացուցիչներից: Բայց անակնկալն այն է, որ թեկնածուն լինելու է ոչ թե քաղաքապետի ավագ որդին՝ գործարար Միսակը, այլ կրտսերը` արտասահմաններում կրթված Խաչատուրը: Այս լուրը թերեւս այնքան էլ հեռու չէ իրականությունից, քանի որ Միսակը նախընտրել է զբաղվել արտերկրում եւ Հայաստանում ունեցած իր բիզնեսով եւ մատնացույց արել առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ, երկրորդով իրավաբան եղբորը: Հանուն հարազատ մարզից պատգամավոր գնալու գաղափարի՝ Խաչիկը հրաժարվել է չինական Գուանչժոում տնտեսական հարցերով գլխավոր հյուպատոսի պաշտոնից: Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սա Գյումրու քաղաքապետի հին որոշումն է: Նա քաղաքականությունում միշտ տեսել է Խաչատուրին, դրա համար էլ ուղարկել է տարբեր երկրներում կրթվելու, վերապատրաստվելու:

 

 
ԴԻՄԵԼ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Նախկինում ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» ընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ armtimes.com-ի միջոցով դիմել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ հայտնելով, որ 3 տարի է՝ լուծարվել է իրենց ընկերությունը, սակայն մինչ այժմ 7 ամսվա աշխատավարձ եւ վերջնահաշվարկ չեն ստացել:Նրանք այս 3 տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների դուռ են ծեծել, ապարդյուն փորձեր են արել հանդիպելու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, որին մեղադրում են ընկերությունը փակելու մեջ, տարբեր վարչապետերի են դիմել, սակայն իրենց նամակները միշտ վերահասցեագրվել են պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ դրանք անարձագանք է թողել՝ պնդելով, որ ընկերության գույքը պետք է վաճառվի, որպեսզի գումարները տան: Իսկ ընկերության գույքը, ինչպես պնդում են նախկին աշխատակիցները, այժմ արդեն անպիտան է, ժանգոտած եւ վաճառքի ոչ ենթակա: Այդպես էլ պարզ չէ, թե ինչպես է դեռեւս 90-ական թվականներից իրավապահ համակարգի վերահսկողության տակ գտնվող եւ ոստիկանության, ներքին զորքերի բոլոր ստորաբաժանումների համար համազգեստ կարող ընկերությունը հասել այս վիճակին:

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նախօրեին Ժնեւում հանդիպում է ունեցել Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպության (OMCT) ղեկավար Ժերալդ Սթաբերոքի հետ, որի ընթացքում վերջինիս ուշադրությունն է հրավիրել ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կատարված վայրագությունների վրա: Հանդիպմանը շեշտադրվել են համատեղ ծրագրերի եւ համագործակցության, խոշտանգումների ոլորտի միջազգային կազմակերպությունների առաջարկությունների գործնական կատարման, ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում պաշտպանի ինստիտուտի ներգրավվածության հարցերը: Նույն օրը Ժնեւում Հայաստանի օմբուդսմենը հանդիպել է նաեւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) գործերի կառավարիչ Բարբարա Բերնատի հետ: Քննարկվել են խոշտանգումների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, պաշտպանի ինստիտուտի կարողությունների ընդլայնման եւ ամրապնդման հարցերը:

 

 

ՍՅՈՒՐՊՐԻԶՆԵՐՈՎ
«Մենք հանուն միավորման միավորում չենք պատկերացնում»,- անդրադառնալով առաջիկա Աժ ընտրություններին մասնակցության ձեւաչափին՝ ArmLur.am-ին ասել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: «Երկու սցենար կարող է լինել, մեկը՝ ընդդիմության միավորում, օրինակ, որ հայտարարվում է իշխանափոխության սցենարով: Բանակցությունների հիմնական մեխը պետք է լինեն գաղափարական մոտեցումները», – ասել է նա՝ հավելելով, որ իրենք առաջիկայում կհայտարարեն, թե ինչպիսի ցուցակով են պատկերացնում մասնակցությունը: «Հետաքրքիր սյուրպրիզներ կլինեն, որովհետեւ կան անհատներ, որոնք հասարակության լայն շրջանակներին հայտնի չեն, բայց պակաս ազատական չեն, քան այն ազատականները, որոնք քաղաքական դաշտում հայտնի են»:




Լրահոս