«ԱՅՆ, ԻՆՉ ԳՐՈՒՄ ԵՄ, ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մեր նպատակը ընթերցողների կողմից արդեն ճանաչված անձանց նորովի բացահայտելն է, նրանց նոր «լույսի ներքո» ներկայացնելը: Այսօրվա մեր զրուցակիցը դերասան Արտաշես Ալեքսանյանն է:

-Պարո՛ն Ալեքսանյան, նշե՛ք մի դեպք, որը փոխել է Ձեր կյանքը:
-Նման դեպքերը բոլորը կապված են նախախնամության հետ: Մասնագիտության ընտրությունը, ամուսնությունը, պատերազմ մեկնելը, գերի ընկնելն ու գերությունից հրաշքով փրկվելը կապված են իմ նշած նախախնամության հետ: Ի դեպ, ասեմ, որ այդ բոլոր առիթներով բանաստեղծություններ ունեմ գրած ու նկարներ ունեմ նկարած: Եղել են ճակատագրական պահեր, ու ինձ թելադրվել է այն, ինչ նախատեսված է եղել ի վերուստ: Մի 8-10 գործ ունեմ գրած, երբեմն այն, ինչ գրում եմ, տարիներ անց իրականանում է. մեկ-մեկ վախենում եմ դրանից: Այդպիսի սարսափելի բաներ էլ են լինում (ծիծաղում է):
-Այս երեք գործոնից ամենաշատը որի՞ պակասն ունեք` մուսա, ֆինանս, թե ստեղծագործական միջավայր:
-Երեքի կարիքն էլ ունեմ: Եթե ֆինանսը լինի, մուսան էլ կգա, միջավայրն էլ կստեղծվի (ծիծաղում է):
-Ժամանակակից, ով հիացրել է Ձեզ:
-Շառլ Ազնավուրը` իր արվեստով, մտածելակերպով, գործով, գաղափարախոսությամբ, մարդ ու մեծ հայ լինելով:
-Մոռացկոտ եք, մանրախնդիր, թե խնայող:
-Խնայողն ինձ ավելի մոտ է, թեեւ, եթե խոսքը գումարին է վերաբերում, այն երբեք շատ չի լինում. լինում է այնքան, որքան կարողանում ես վաստակել, եւ որքան պահանջվում է ծախսել:
-Ձեր սիրելի տոնը:
-Նավասարդը, որն, ի դեպ, նշում եմ: Նոր տարին, որը մենք նշում ենք, մտացածին է, ի տարբերություն Նավասարդի` հին պատմություն չունի:
-Աշխարհի 11-րդ հրաշալիքը:
-Մասիս սարը:
-Հասարակությունից օտարվելու Ձեր պատճառը:
-Չէ, նման բան չի լինում: Կարող է մարդկանց վրա զայրանամ, բայց հետո ինքս ինձ ուտում եմ, անցնում-գնում է:
-Ձեր սիրելի գրողը:
-Բոլոր հայ դասական հեղինակները, նաեւ` արտասահմանցի դասականները, առաջնահերթ` Շեքսպիրը, հետո` Դոստոեւսկին, Տոլստոյը, Գյոթեն: Շեքսպիրն, օրինակ, այնքանով է անմահ ու մեծ, որ Աստվածաշնչից շատ գեղեցիկ ծաղկաքաղ է արել, ու նրա ամեն գործը աստվածաշնչյան մի դիպված է, մեծ դպրոց` մարդկության համար:
-Իրավիճակ, որը Ձեզ շատ է վախեցնում:
-Որ Ալիեւը կարող է խելքը հացի հետ ուտել, նորից պատերազմ սկսել, ու կարող ենք երիտասարդ զոհեր տալ:
-Վայր, որը Ձեզ անասելի ձգում է:
-Արեւմտյան Հայաստանը, մեր պապական հողերը: Կիսով չափ էրզրումցի եմ, կիսով չափ` ղարսեցի: Երբ Չեխիայի Մայր թատրոնում ռեժիսոր էի աշխատում, հանդես էի գալիս Արտաշես Էրզրումցի մականունով:
-Ձեր սիրելի կենդանին:
-Արջ, ավելի կոնկրետ` պանդա:
-Նյարդայնացնում են այն մարդիկ, որոնք…
-Որոնք ապրում են ստամոքսի համար:
-Նախընտրում եք ազարտը, թե խմիչքը:
-Եթե խոսքը ղումարի մասին է` ոչ մեկը: Բայց եթե հաշվի առնենք, որ դերասանական խաղն էլ է ազարտ, ապա, իհարկե, ազարտը:
-Ձեր անցած ճանապարհին անտեսում եք այն մարդկանց, որոնց…
-Այն, ինչ ստեղծված է Տիրոջ պատկերով, ես չեմ անտեսում: Բնության մեջ էլ կան տարբեր տեսակի ծաղիկներ, բայց ոչ բոլորին ես սիրում ու փայփայում: Ո՛չ ես, ո՛չ էլ Տերը մեղավոր չենք, որ որոշ ծաղիկներ մոլախոտ են դառնում:
-Երկրպագուների կողմից արված քայլ, որը Ձեզ հուզել է:
-Ամեն անգամ, երբ իմ հայրենիքում կամ արտերկրում մեր հայրենակիցները մոտենում են ինձ, ջերմ խոսքեր են ասում, ես ինձ շատ շոյված եմ զգում եւ պատասխանում եմ. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:
-Մարդը կարող է հուսահատվել, երբ…
-Մարդը երբեք չպետք է հուսահատվի, այլապես կարող է կամրջից նետվել: Հույս, հավատ եւ սեր. այս երեքը պետք է անբաժան լինեն, որ կարողանաս լիարժեք ապրել:
-Մի բան, որ չեք ներում:
-Դավաճանությունը, հատկապես` հայրենիքի հանդեպ: Այդպիսի բան անողը մայրական կաթ չի կերել:
-Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով…
-Այդպիսի մեկը չկա. կյանքը բոլորին ամեն ինչ սովորեցնում է, իհարկե, ինչպես դպրոցում եւ համալսարանում, կան ընդունակ եւ ոչ այնքան ընդունակ սաներ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` Հայաստանի թատերական գործիչների միությունը նոյեմբերի 22-25-ը Երեւանում անցկացնում է Երիտասարդ թատերական ռեժիսուրայի 10-րդ հանրապետական փառատոնը, որի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 22-ին: Փառատոնին այս տարի մասնակցում են 7 բեմադրիչ Երեւանից եւ Գյումրիից: Երեւանյան 7 բեմահարթակներում կցուցադրվեն Սամսոն Մովսեսյանի «Մատնաչափիկը» եւ «Վհուկը», Գոռ Մարգարյանի՝ «Մնաց 7 օր», Կարո Բալյանի՝ «Չմարդիկ» եւ «Դեպի տուն», Նորա Գրիգորյանի՝ «Խնջույք ամառանոցում», Ռաֆայել Ասատրյանի՝ «Սիրային խաղեր», Տաթեւ Մելքոնյանի՝ «շ ջՊպրՖ», Ալլա Բունիաթյանի՝ «Կալիգուլա» ներկայացումները: Աշխատանքներին կմասնակցեն Մոսկվայից ժամանած փորձագետներ` ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Մեյերհոլդի կենտրոնի ղեկավար Վիկտոր Ռիժակովի գլխավորությամբ: Փորձագետները կընտրեն ներկայացում` Մոսկվայի թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիայի` ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի երիտասարդական թատերական ֆորումին մասնակցելու համար: Ֆորումը կանցկացվի 2017 թվականի ամռանը` Ալմաթի քաղաքում (Ղազախստան):

 

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ՀԱՅՏՆԻ Է
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջել է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն¬թանգարանի շինհրապարակում, ծանոթացել շինարարության ընթացքին: Սարգսյանի կողմից առաջարկվել է այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, որ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչեւ 2017 թվականի հոկտեմբերը ավարտված լինի: Ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի՝ «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունն իրականացնում է հանրապետության առաջատար շինկազմակերպություններից մեկը` «Հորիզոն-95» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 067 700 ՀՀ դրամ, 2016 թվականին` 98 200 000 ՀՀ դրամ: Նախագծողներին հանձնարարվել է մշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը եւ ներկայացնել խոշորացված նախահաշիվը:

 

 

ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը շտապ հոսպիտալացվել է, ախտորոշումն է` հյուծում: TMZ-ի փոխանցմամբ` երգիչն ավելի վաղ հայտարարել էր, որ դադարեցրել է բոլոր համերգները, որոնցով պլանավորել էր հանդես գալ մինչեւ տարեվերջ: Բանն այն է, որ Ուեսթը տառապում է անքնությամբ, աչքի է ընկնում ոչ ադեկվատ վարքով, եւ նրա բժիշկներից մեկը որոշել է հոսպիտալացնել երգչին: Տեղեկացվում է նաեւ, որ ռեփերը չի ցանկացել հիվանդանոց գնալ, եւ նրան հոսպիտալացնելու համար թիկնապահները երգչին ձեռնաշղթաներով կապել են պատգարակին: Ուեսթի կինը` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը վերջերս Նյու Յորքում էր, անմիջապես մեկնել է Լոս Անջելես:




Լրահոս