ՀՐԱՄԱՆԱԳԻՐ՝ ՀԱՆՈՒՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԻՍԿԱՆԴԵՐԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ այս տարվա ապրիլի 6-ին՝ Բեռլինում Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ասել էր. «Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, սակայն այդ գործընթացին ազդելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են»: Եվ, ահա, այս մտահոգությունները փարատելու համար նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել. այսուհետ պետական գաղտնիք են համարվելու այլ պետությունների հետ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության մասին տվյալները:

«Ժողովուրդ»-ը հրամանագրի մասին զրուցեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամների հետ:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան
-Պարո՛ն Քոքոբելյան, տեւական ժամանակ է, ինչ հասարակությունը մտահոգված է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելով, Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ այդ մասին: Եւ, ահա, ՌԴ-ն նոր քայլի է դիմել: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Դաշնության հետ նախագահի կողմից ստորագրված այս համաձայնագիրը:
-ՌԴ նախագահի ստորագրած այս հրամանագրով պարզ է դառնում, որ ռուսական կողմը փորձում է թաքցնել, թե որ երկրին ինչ չափի սպառազինություն է մատակարարում: Միջազգային, այդ թվում ՄԱԿ-ի կոնվենցիաներով, պատերազմների հետ կապված կոնվենցիաներով կան պարտավորություններ, թե որ երկրին կարող է զենք վաճառել, եւ թե ինչ տեսակի: Բայց անկախ ամեն ինչից, եթե ռուսական կողմը նույնիսկ օրենքի շրջանակում դա փորձի անել, ՀՀ-ն՝ որպես ռազմավարական դաշնակից, չի իմանալու, թե ինչ ծավալի սպառազինություն է մատակարարելու Ադրբեջանին: Ես գտնում եմ, որ այս պարագայում գոնե պայմանագրային մակարդակով ռազմավարական գործընկեր Հայաստանի իշխանությունները պարտավոր են Ռուսաստանից պահանջել հայտնելու Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունների մասին: ՌԴ-ն պարտավոր է դա տեղեկացնել:
-Իսկ ինչո՞ւ հիմա:
-Բնականաբար Ռուսաստանը այդ քայլին գնում է, որպեսզի միջազգային հարթակներում առնվազն կարողանա խուսանավել այդ պարտավորություններից: Մենք գիտեք Իրաքի հետ կապված խնդիրը, այդ թվում՝ Թուրքիայի, եւ այլն: Այսինքն՝ այս խնդիրը ուղղակիորեն մեր տարածաշրջանում առնչվում է Հայաստանին եւ մնացած տարածաշրջաններում, բառի բուն իմաստով, կոնֆլիկտների սրմանը: Ռուսաստանի այս որոշումը ես որակում եմ ոչ ավել, ոչ պակաս ուղղակիորեն կայունության դեմ ուղղված գործընթաց:

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյան
-Պարո՛ն Թորոսյան, այս տարվա ապրիլի 6-ին՝ Բեռլինում Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, ասել էր. «Մենք ցավ ենք զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, սակայն այդ գործընթացին ազդելու Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են»: Արդյունքում, Ռուսաստանը նոր քայլ արեց, ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի այս որոշումը կապված է Ռուսաստանի գլոբալ շահերով: Չնայած ցանկացած երկիր ցանկացած գերտերության որոշում սկսում է իր պրիզմայով դատել, եւ այն անհանգստությունը, որ մեր մեջ առաջանում է, բավականին օբյեկտիվ կարող է լինել, քանի որ, այո, տվյալ դեպքում գուցե չտեղեկացվենք, թե ինչ տեխնիկա կտրամադրվի Ադրբեջանին: Սա կարող է որոշակի խնդիր լինել մեզ համար, բայց երկրորդ կողմից էլ պետք է նայել խնդրին, մենք ստացանք շատ մեծ զինատեսակ՝ «Իսկանդեր»-ը, որը պարտադիր չէր, որ ամբողջ աշխարհն իմանար, այդ թվում՝ Ադրբեջանը: Այնպես չէ, որ այս որոշումը փակում է ընդհանրապես տեղեկատվությունը, հրամանագրի հիմնավորման մեջ բավականին նրբություն կա, թե օր առաջ տեղեկատվության տարածումը կարող է վնասել պետությանը: Այսինքն՝ կգա ինչ-որ ժամանակ, որ հանրությունը կտեղեկացվի, թե որ երկիրը ինչպես է…:
-Մեզ համար վտանգ չեք տեսնո՞ւմ:
-Բոլոր տեսանկյուններից մենք ավելի շահեկան դիրքերում ենք եւ ավելի պակաս չենք ստանա զենք, քան Ադրբեջանը, բայց, իհարկե, ցանկալի կլինի տեղեկացված լինենք, թե Ադրբեջանը ինչ ծավալի է զինվում: Տեղեկատվության փակ լինելու դեպքում մենք ավելի խորհրդավոր ենք դառնում եւ ավելի վտանգավոր հակառակորդի համար, կարծում եմ, որ որոշումը մեզ համար ավելի նպաստավոր է, քան Ադրբեջանի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԱՆԻ ԶԱԽԱՐՅԱՆԻՆ 4-10 ՏԱՐՎԱ ՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննչական մարմինները մտադիր են մեղադրանք առաջադրել «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի նկատմամբ հուլիսի 19-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործով:

-Վտանգ կա, որ հնարավոր է՝ մեղադրանք առաջադրվի,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը,-խոսքը հուլիսի 19-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ մի խումբ քաղաքացիներ ոստիկանական մեքենայի ետեւի ապակին կոտրել են: Այդ օրը ես եղել եմ Խորենացի փողոցում: ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այդ գործով ես որպես վկա եմ անցնում: Հինգ ոստիկաններ ցուցմունքներն են տվել, թե իբր ես հայտարարել եմ՝ կոտրե՛ք ոստիկանական մեքենաները, ջարդե՛ք, փշրե՛ք: Մինչդեռ ես Խորենացի փողոցում տեղի ունեցող դեպքերի ամբողջ ընթացքում կոչ եմ արել ցուցաբերել խոհեմություն: Ես անգամ չեմ իմացել, որ այդ օրը միջադեպ է տեղի ունեցել: Տեղեկացա, երբ քննիչը զանգահարեց ինձ եւ կանչեց հարցաքննության գործով՝ որպես վկա: Իրավապահներին ես քաղաքակիրթ ձեւով փորձեցի հասկացնել, որ այդ միջադեպի հետ բացարձակապես կապ չունեմ: Գուցե իմ խոսքերն այլ կերպ եք ընկալել: Այդ օրը ես կոչ եմ արել չլքել տարածքը, փակել եւ թույլ չտալ՝ ոստիկանական այլ հոսքեր մտեն ՊՊԾ գնդի տարածք, քանի որ արյունահեղության վտանգ կար: Հիմա գործն արդեն հասել է այն փուլին, որ չորս ամիս է՝ ես գրեթե ամեն շաբաթ ՊՊԾ գնդից դուրս չեմ գալիս՝ բավականին նյարդային պահեր ապրելով այս ընթացքում: Եվ հիմա արդեն փորձագիտական վերջին եզրակացությունը պետք է տրվի: Ինչ-որ տեսանյութերում առկա ձայնային տվյալները պետք է փորձաքննեն եւ տեսնեն՝ արդյոք կա կանացի ձայն, ով որ նմանատիպ կոչեր է հնչեցրել: Քննիչը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ տեսանյութը պարզաբանի, այդպիսի ձայներ լինեն, մենք Ձեզ մեղադրանք կներկայացնենք զանգվածային անկարգություններ հրահրելու համար:
-Սա քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք:
-Հիմա ես չեմ կարող միանշանակ պնդել՝ արդյոք սա քաղաքական հետապնդում էր իմ անձի նկատմամբ, թե ոստիականական ինչ-որ անձանց ինքնուրույն գործունեություն: Բայց փաստ է, որ նման հայտարարություն ես չեմ արել: 4-10 տարվա կալանք է սպառնում, եթե ապացուցեն, որ ես զանգվածային անկարգություն եմ հրահրել: Այստեղ քաղաքական հետապնդում կա:
Մանրամասները՝ ArmLur.am կայքում:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 
ԽՆԴՐԱՆՔԻՑ 4 ԱՄԻՍ ԱՆՑ
ԼՂՀ Արցախի հերոս, ԼՂՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նամակը դեռեւս ընթացքի մեջ է: Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիս ամսին Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին՝ խնդրելով իր դեմ մահափորձ իրականացրած Արա Ավետյանին եւ Սերգեյ Հարությունյանին ներում շնորհել: Դիմում խնդրանքից անցել է 4 ամսից եւ «Ժողովուրդ»-ը փորձեց Դավիթ Բանայանից պարզել, թե ինչ եղավ նամակի ճակատագիրը, ինչին ի պատասան՝ Դավիթ Բաբայանը ասաց, որ նամակը դեռես ընթացքի մեջ է:

 

 

ԳՈՒՄԱՐ՝ ՊԵԿ-ԻՆ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Իջեւանի տարածքային հարկային տեսչության շենքի շահագործման համար կառավարությունը պետական եկամուտների կոմիտեին կհատկացնի մոտ 51 մլն դրամ: Նշենք, որ տվյալ շենքի վերակառուցման աշխատանքները պետք է ավարտվեին մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը: Սակայն շինարարության ընթացքում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնց պատճառով կառույցի նախագծում կատարվել են փոփոխություններ, հետեւաբար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել՝ 50 մլն 807 հազար 882 դրամի չափով: Նշվածից միայն 49 մլն 292 հազար 866 դրամը նախատեսված է շինարարական աշխատանքների, 758 հազար դրամ տեխնիկական հսկողության ծառայության, իսկ 756 հազար դրամը՝ հեղինակային հսկողության ծառայության իրականացման համար: «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ անցած տարի 92 մլն 760 հազար դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել: Ի դեպ, ի սկզբանե շենքի վերակառուցման աշխատանքների պայմանագիրը կազմել է 261 մլն 723 հազար դրամ: Ինչը բավարար չի եղել:

 

 

ՕՐԻՆԱԽԱԽՏ ՀԱՆՔԱՓՈՐԸ
«Ատ-մետալս» հանքարդյունաբերական ընկերությունը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հոկտեմբերի 31-ին տուգանվել է 20 հազար դրամով: Բանն այն է, որ ընկերությունը ներմուծել է էլեկտրական կշեռքներ, որոնց ավելացված արժեքի հարկի վճարումը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 13-ը: Բայց սահմանված ժամկետում չի վճարել այդ ռեժիմով նախատեսված ԱԱՀ-ն: Ինչի արդյունքում ՊԵԿ-ի Արարատյան տարածաշրջանային մաքսատան կողմից վարչական իրավախախտում կատարելու համար ընկերության տնօրեն Ռոստիսլավ Պրեսնովը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 20 հազար դրամի չափով: Նշենք, որ «ԱՏ-մետալս» ՍՊԸ-ն հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն է, որը Քարասարի եւ Պրիխրեբտովոյե ոսկու հանքերեւակումներում որոնողագնահատողական աշխատանքներ է իրականացնում: Ի դեպ, ընկերությունը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի տարածքում հանքաքարի վերամշակման գործարան է կառուցում: Ինչի արդյունքում, ըստ բնապահպանների, Մեղրին ամայանալու է:




Լրահոս