«ՍՏԱՑՎՈՒՄ Է, ՈՐ ՄԵՐ ԱՐՎԵՍՏԸ ՏՈՒՐԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, ով հաջորդ տարի կնշի իր 80-ամյակը, մինչեւ հիմա չունի իր ստեղծագործությունների ալբոմը:

Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ դիմել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին` խնդրելով, որ հաջորդ տարվա բյուջեից որոշակի գումար հատկացնեն իրեն` ալբոմի ստեղծման համար. «Չգիտեմ` ինձ կօգնեն, թե պետք է գնամ, հովանավորներ ճարեմ: Վերջին օրերս պարբերաբար լսում եմ նախարարի ելույթներն ու մի բան եմ նկատել. նա մեծ տեղ է տալիս փառատոներին, տարբեր միջոցառումների, որոնք անցողիկ բնույթ են կրում, որոնք կգան ու կգնան, բայց պետք է ուշադրություն դարձնել նաեւ կերպարվեստի խնդիրներին. կոնկրետ դեպքում մնայուն գործերի ամրագրման, առանձին ստեղծագործողների աջակցելու անհրաժեշտություն կա»,-շեշտեց նա:
Քանդակագործը, անդրադառնալով նախարարի` մշակույթի ոլորտի առաջնահերթություններին առնչվող ելույթներին, նկատեց, որ դրանց ընթացքում պարոն Ամիրյանը հաճախ է կարեւորում զբոսաշրջիկներին մեր մշակույթով գրավելու հանգամանքը. «Ստացվում է, որ մեր ամբողջ արվեստը տուրիստների համար է: Հասկացանք` զբոսաշրջիկներին պետք է գրավել, բայց հո նրանց համա՞ր չենք ապրում եւ աշխատում. մենք պատմություն ենք ստեղծում: Մովսես Խորենացին զբոսաշրջիկների մասի՞ն է մտածել, որ հայոց պատմությունը գրել է, կամ Մարտիրոս Սարյանն իր կտավները ստեղծելիս դրա՞ն է առաջնահերթություն տվել»:
Նա, վերադառնալով իր ոլորտի խնդիրներին, ընդգծեց, որ այսօր արվեստագետները պետական պատվերներ հազվադեպ են ստանում. «Նախկինում` խորհրդային տարիներին, պետությունը քանդակագործին մի աշխատանք էր պատվիրում` կոնկրետ թեմատիկայով, արդյունքում կապիտալ գործ էր ստեղծվում: Հիմա այս միտումը չկա: Ավելի ուշ էլ, երբ Անդրանիկ Մարգարյանը վարչապետ էր, Հայոց ցեղասպանության թեմատիկայով քանդակ պատվիրեց, եւ ես կերտեցի Մեծ Եղեռնին զոհ դարձած 12 հայ մտավորականների խմբակային բազալտե հուշարձանը, երբ նա տեսավ աշխատանքը, երեխայի պես արտասվեց (2011-ին հուշարձանը կանգնեցվել է Էջմիածնում): Այսօր նման պատվերներ չկան: Թող պետությունը պատվիրի, մենք էլ նստենք, տարիներով աշխատենք: Թե չէ ստիպված տանում, մեր աշխատանքներն առաջարկում ենք փողատերերին, նրանք էլ մեզ իրենց ճաշակն են թելադրում, դիսոնանս է ստեղծվում: Բայց արվեստագետն էլ մարդ է ու պետք է ապրի, չէ՞»:
Պարոն Թոքմաջյանը, ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր նաեւ նկարիչ Հաղթանակ Շահումյանը, շարունակելով իրենց բնագավառի խնդիրների թեման, մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ նկարիչների միության դահլիճը, որը միության անդամներին ցուցահանդեսների համար նախկինում տրվում էր անվճար, այժմ արդեն տրվում է վճարովի հիմունքով (Լեւոն Թոքմաջյանը 1969-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է):
Մենք պարոն Թոքմաջյանից հետաքրքրվեցինք նաեւ` ինչ կարծիք ունի նա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հանձնարարությամբ պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության կողմից մշակվող պահպանական գոտու նոր օրենսդրական փոփոխությունների նախագծի մասին: Նշենք, որ օրինագծի դրույթներից մեկի համաձայն՝ 100 տարին լրացած ցանկացած շենք կդիտարկվի որպես պատմամշակութային հուշարձան. «Թե որ շենքն է հուշարձան եւ որը` ոչ, պետք է որոշեն այն մարդիկ, որոնք իրենց կյանքում ոլորտին առնչվող մի արժեքավոր բան են արել: Ես ծնվել-մեծացել եմ Բուզանդի փողոցում, տասը տարի անց այնտեղ գտնվող որոշ շենքեր կդառնան 100 տարեկան, բայց քարուքանդ են եղել, իսկ այն շենքերը, որոնք իրոք քանդման ենթակա են, չեն քանդվում: Եվ հետո` ի՞նչ է նշանակում` 100 տարին լրացած… Միայն տարիքը չէ, որ որոշում է շենքի ճարտարապետական արժեքը, կամ այն, թե ինչպես է այն նայվում իր միջավայրի մեջ. դա անհեթեթություն է»,-եզրափակեց քանդակագործը:

 

 

 
ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՆԱԿՆԿԱԼ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը դեռ մի քանի ամիս առաջ սկսել է պատրաստվել դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք «Tashi-Show»-ին, որի շրջանակում, իր խոսքով, հանդես է գալու չկրկնվող ելույթով: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Կրեմլի դահլիճում ելույթներին լրջորեն է պատրաստվում: Շոուն ցուցադրվելու է Ամանորի գիշերը, «Արմենիա» հեռուստաընկերությամբ. «Ելույթիս ընթացքում անակնկալ է սպասվում, միայն կարող եմ ասել, որ մենակ չեմ լինելու: Ամեն տարի «Tashi-Show»-ին մասնակցելն ինձ համար իսկական տոն է»,- ընդգծեց երգչուհին:

Լիլիթը տեղեկացրեց նաեւ, որ գարնանը պատրաստվում է նոր տեսահոլովակ թողարկել` հայրենասիրական թեմայով երգի հիման վրա. «Այն պետք է երկրպագուներին ներկայացնեի աշնանը` ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ, սակայն աշխատանքներն ինչ-ինչ պատճառներով հետաձգվեցին»,-ասաց երգչուհին:
Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը: Մեր հարցին, թե 1990-ականներին թողարկած «Աղոթք զինվորին» երգից հետո արդյո՞ք Լիլիթը ներկայացրել է հայրենասիրական բնույթի գործ, վերջինս պատասխանեց. «Ո’չ, չեմ ներկայացրել: Արդեն քանի տարի էր` ներսումս աստիճանաբար զարգանում էր այդ ցանկությունը, սակայն այն կյանքի կոչելու համար հարմար պահ չէր գտնվում: Կարծում եմ` հայրենիքի, մասնավորապես բանակի մասին ռիթմիկ երգեր պետք է շատ գրվեն: Երբ տարիներ առաջ երգում էի. «Դե տղերք, պինդ եղեք, առջեւում հաղթանակն է», շատ զինվորներ ինձ ասում էին, որ իմ կատարումը նրանց ուժ է տվել, եւ որ նրանք մոռացել են իրենց դժվարությունների մասին»:
Մենք երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ նրա անձնական կյանքի մասին` հարցնելով` այդ «ճակատում» խաղա՞ղ, թե՞ «տարերային» վիճակ է. «Խաղաղ, հանգիստ վիճակ է, պատկերացրեք, որ հարցրեցիք, հիշեցի, որ ցանկացած մարդ անձնական էլ ունի, լիովին մոռացել էի (ծիծաղում է): Կարծում եմ` իմ անձնական կյանքում փոփոխությունների վերաբերյալ մոտակա մի քանի ամիսներին նոր բան չեք լսի»,-անկեղծացավ Լիլիթը:
Իսկ հարցին, թե արդյոք երգչուհին երազում է երկրորդ բալիկն ունենալ, նա պատասխանեց. «Այո՛, կցանկանամ որդուս եղբայր կամ քույր պարգեւել, սեռը էական չէ, Աստված ինչպես կամենա, այնպես էլ կլինի»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԿՈՆՖԼԻԿՏ ՈՒՆԵ՞Ն
Արդեն հայտնի է, որ ռեփեր Քանյե Ուեսթը` ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, վերջերս հոսպիտալացվել է, ախտորոշումն է` հյուծում: 39-ամյա երգիչը Լոս Անջելեսի հիվանդանոցում է, Քարդաշյանը նրա կողքին է: Ուեսթի երկրպագուները հասցրել են սոցցանցերում հազարավոր գրառումներ տարածել` #PrayForKanye հեշթեգը գործածելով: Լրատվամիջոցները Ուեսթի նյարդային խանգարման տարբեր վարկածներ են առաջ քաշում` ռեփերի մոր մահվան տարելիցը, գերհոգնածությունն ու Քարդաշյանի հետ անձնական խնդիրները:
«Քիմը հոգնել է Քանյեի պահվածքից: Ռեփերն անկառավարելի է: Վերջերս Քիմը վիճել է Քանյեի հետ` հայտարարելով, որ նա պետք է մեծանա եւ հասուն տղամարդ դառնա»,-հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցների աղբյուրները: Life & Style Weekly-ի աղբյուրն էլ նշում է, որ Քարդաշյանը հեռացել է իր եւ Ուեսթի տնից` վերադառնալով մոր` Քրիս Ջեների մոտ: «Քարդաշյանի նկատմամբ իրականացված վերջին կողոպուտից հետո Քիմը ցանկանում էր, որ ամուսինն իր կողքին մնա, այնինչ՝ Ուեսթը նախընտրել է շարունակել համերգային շրջագայությունը: Նաեւ այդ է պատճառը, որ աստղերի մեջ կոնֆլիկտ է հասունացել»,-գրել է պարբերականը:

 

 

ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարների ցուցահանդեսը շուրջ 600 հազար այցելու է ունեցել: Այս թիվը գերազանցել է ավելի վաղ նույն տեղում կազմակերպված Վալենտին Սերովի ցուցահանդեսի ռեկորդը: Այդ մասին տեղեկացնում է թանգարանի մամուլի ծառայությունը:
Թանգարանի հաղորդած տվյալների համաձայն` ցուցահանդեսն իր աշխատանքի չորս ամսվա ընթացքում ունեցել է 598 հազար 832 այցելու այն դեպքում, երբ Վալենտին Սերովի ցուցահանդեսին այցելել էր շուրջ 486 հազար հոգի:

 

 

ԽԱՉՔԱՐԵՐ` ԼՃԻՑ
Վանա լճի եւ դրա շրջակայքի մաքրման աշխատանքներով զբաղվող թուրքական FIVA ընկերության աշխատակիցները լճի հատակում հայտնաբերել են հայկական խաչքարեր եւ թնդանոթի հին արկեր:
Ընկերության ներկայացուցիչ Այհան Դըշարըն թուրքական «Միլլիյեթ» պարբերականի հետ զրույցում նշել է, որ իրենք գտածոների վերաբերյալ ուսումնասիրություն անցկացնելու համար դիմել են Վանի թանգարանի տնօրինությանը, սակայն որեւէ պատասխան դեռ չեն ստացել: Դըշարըն կարծիք է հայտնել, որ լճի հատակին էլի շատ խաչքարեր կան:




Լրահոս