ԵԹԵ ԼԻՆԵՐ ԿԵՐՊԱՐ, ԼՈՒԾՈՒՄ ԿՏԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ շուտով կլրանա երեք ամիսը, ինչ Մատենադարանը տնօրեն չունի: Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 3-ին մահացել էր այդ պաշտոնը զբաղեցնող Հրաչյա Թամրազյանը: Գրել էինք, որ նոր տնօրենի նշանակման շուրջ Մատենադարանում լուրջ քննարկումներ են: Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լեւոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է: Թեեւ վերջինս մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ չի ցանկանում մասնակցել տնօրենի պաշտոնի համար հայտարարվելիք մրցույթին: Ինչեւէ. «Ժողովուրդ»-ը Մատենադարանի տնօրենի պաշտոնի շուրջ ծավալվող քննարկումների մասին զրուցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ:

-Պարո՛ն Մկրտչյան, շուտով կլրանա երեք ամիսը, ինչ Մատենադարանը տնօրեն չունի, ինչո՞ւ է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հապաղում տնօրենի պաշտոնի համար մրցույթ հայտարարելու հարցում:
-Գիտեք, չեմ ուզում ձեւակերպեմ հապաղել հասկացությունը, որովհետեւ Մատենադարանի տնօրենի պաշտոնը մեր ոլորտի համար շատ կարեւորություն ներկայացնող հաստատության ղեկավարի ընտրություն է, եւ այն պետք է լինի կոնսենսուսային ձեւաչափով: Առայժմ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատարը՝ Տեր-Ղեւոնդյանը, բավականին վստահ է եւ կարողանում է: Մենք երկու հանդիպում ունեցել ենք խորհրդի հետ: Փորձենք՝ նախ Մատենադարանը մի հատ վերագտնի իրեն, աշխատի, քանի որ իսկապես պարոն Թամրազյանի վերջին շրջանն էր, երբ ինքը հիվանդ էր, եւ մի քիչ այնտեղ աշխատանքային վիճակը կարգավորելու հարց կա: Հետո համատեղ՝ Մատենադարանի կոլեկտիվի հետ, կքննարկենք: Գիտեք, եթե մենք ունենայինք այսպես շատ մեծ մի կերպար, որը անխոս պետք է լիներ Մատենադարանի տնօրեն, հավատացե՛ք, լուծումը կտայինք: Հիմա պետք է հասկանանք եւ ճիշտ ընտրություն անենք:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենի հավանական թեկնածուներից մեկը Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լեւոն Սարգսյանը, ով Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ է: Կոնկրետ կասեք, թե այս ընթացքում ում թեկնածությունն է քննարկվել, եւ ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը հենց Սերժ Սարգսյանի եղբոր անվան շուրջ տարածված խոսակցությունների կապակցությամբ:
-Որեւէ թեկնածություն չի քննարկվել, իսկ պարոն Սարգսյանի եղբայրը լավ գիտնական է, մեր արտաքին գործերի նախարարության երեւի ամենահմուտ դիվանագետներից մեկը, խորհրդային շրջանից դեռեւս պրակտիկա ունեցող եւ ինքը իր գործունեությամբ շատ-շատ նպաստել է Մատենադարանի ուժեղացմանը եւ ֆոնդերի առաջացմանը: Եկեք, պայմանավորվենք այդ խնդրին անդրադառնալ այն ժամանակ, երբ կլինեն թեկնածուները: Ընդհանուր կադրային իրավիճակի մասին ուզում եմ ասել, որ գիտնականների մի ամբողջ շարք ունենք, որոնք կարող են հավակնել Մատենադարանի տնօրենի պաշտոնին:
-Իսկ նախարարությունը, ի դեմս Ձեզ, գիտնականների այդ ամբողջ շարքից ունի՞ իր նախընտրած թեկնածուն:
-Ո՛չ, նախարարությունն այստեղ թեկնածու չի կարող ունենալ, որովհետեւ շատ ավելի կարեւորության հարց է, հասարակությունը եւ գիտական միջավայրը պետք է համաձայնեն այդ հարցի շուրջ:
-Դուք անձամբ կցանկանայի՞ք Սերժ Սարգսյանի եղբորը տեսնել այդ պաշտոնում:
-Ես ինքս անձամբ, իհարկե, այսինքն՝ ես տեսնում եմ այն ցանկի մեջ, որտեղ հնարավոր խոսակցությունները կլինեն, որովհետեւ մեր լավ գիտնականներից է եւ Մատենադարանի բարեկամներից: Բայց նորից կրկնում եմ՝ դեռ վաղաժամ է անուններ հրապարակել եւ խոսակցություն սկսել:
-Մատենադարանի պաշտոնական կայքում Վիգեն Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ հանդիսանում է Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ: Ինչպես հայտնի է՝ նա նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, արդյոք այս փոփոխությունից հետո նա կշարունակի մնալ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ:
-Այո՛, նա դեռ խորհրդի նախագահն է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 
ԱՄԵՆԱՈՒՆԵՎՈՐ ՈՒ «ՉՈՒՆԵՎՈՐ» ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ

Գաղտնիք չէ, որ մեր երկրում բարձրաստիճան պաշտոնյաները հիմնականում ունեւոր մարդիկ են: Ընդ որում, նրանց զգալի մասը իր ունեցվածքը ձեռք է բերել պաշտոնի նշանակվելուց հետո, եւ ինքնին հասկանալի է՝ ոչ աշխատավարձի հաշվին: «Ժողովուրդ»-ն այս անգամ փորձել է պարզել, թե Հայաստանի մարզպետներից ով է ամենաունեւորը եւ ով՝ «ամենաչունեւորը»:

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած մարզպետների հայտարարագրերը` «ժողովուրդ»-ը պարզեց, որ ամենաունեւորը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն է: Վերջինս այս պաշտոնին նշանակվել է 2015 թվականին: Գուլոյանը պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրում նշել է մեկ անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով, մեկ բնակարան էլ բազմաբնակարան բնակելի շենքում: Գուլոյանն ունի պատկառելի դրամական միջոցներ` 1 միլիարդ 344 մլն 950 հազար դրամ եւ 81 հազար 500 դոլար: Եկամտի չափը, որը գոյացել է աշխատավարձից, կազմել է 534 հազար 969 դրամ: Սա՝ պաշտոնը ստանձնելիս: Նույն թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրում Գուլոյանի դրամական միջոցներից պակասել է 81 հազար 500 դոլարը, փոխարենն ավելացել է փոխառությունը` վարկը, որը հարկային տարվա վերջում կազմել է 700 հազար դոլար:
Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդին է, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: Գուլոյանի կինը` Ռոզա Ծառուկյանը եւս բավականին լուրջ կարողության տեր է: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի` Ռոզա Ծառուկյանը 2015 թվականին ձեռք է բերել հողամաս` 4 մլն արժողությամբ, իսկ նրա ունեցած կանխիկ գումարը կազմել է 17 մլն դրամ, 44 հազար դոլար:
Ի տարբերություն «ամենաբարգավաճ» Կոտայքի մարզպետի՝ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ըստ հայտարարագրի, բավականին համեստ ունեցվածքի տեր է: Վերջինս այդ պաշտոնը ստանձնել է 2014 թվականին: Ըստ պաշտոնը ստանձնելիս ներկայացրած հայտարարագրի` Սարգսյանն ունի 3 հողամաս, 1 անհատական բնակելի տուն եւ ավտոտնակ: Որպես շարժական գույք մարզպետի հայտարարագրածը «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի ավտոմեքենան է: Սա, իհարկե, քիչ չէ, բայց ի տարբերություն գործընկերների՝ Սարգսյանը թանկարժեք գույք, դրամական միջոցներ, արժեթղթեր չի հայտարարագրել: Մարզպետի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա տարեկան եկամուտը կազմել է 2 մլն դրամ՝ աշխատավարձից:
Անշուշտ, ներկայացվածն արտացոլում է մեր պաշտոնյաների ունեցվածքի «այսբերգի» տեսանելի մասը միայն: Իսկ թե ինչպիսի չափերի եւ քանի զրոներով թվերի են հասնում չերեւացող մասերը, հուսանք՝ մի օր հանրությունը կտեղեկանա: Եթե, իհարկե, ապօրինի հարստացման քրեականացումը իրականություն դառնա:

ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ՀՀ ոստիկանությունը շրջանակային համաձայնագրերի միջոցով ավտոմեքենաներ է գնել: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել իրավապահ այդ մարմնի գնման գործընթացին: Բանն այն է, որ ոստիկանության կարիքների համար հայտարարված հրավերով ներկայացված գնման առարկաների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջներին: Այսինքն` գնման գործընթացը չի կազմակերպվել մրցակցային, թափանցիկ, հրապարակային եւ ոչ խտրական հիմունքներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակը չի ընդլայնվել, որպեսզի նրանց միջեւ խրախուսվի մրցակցությունը:

 

 

ԱՂԻ ՀԱՐԿԵՐԸ ՊԱԿԱՍԵԼ ԵՆ
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերքներից աղի իրացման ծավալները նվազել են: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներից, ըստ որոնց՝ Ավանի աղի կոմբինատը, որը աղի արտադրության մեջ գերիշխող դիրք է զբաղեցնում Հայաստանում, այս տարվա երրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը: Ըստ այդմ, այս տարվա երրորդ եռամսյակում Ավանի աղի կոմբինատը վճարել է 401 մլն 426 հազար 500 դրամ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում կոմբինատը վճարել է 553 մլն 508 հազար 400 դրամ: Ըստ տնտեսագետների՝ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման նվազումը փաստում է, որ Հայաստանի բնակչությունը պակասել է:

 

 

ՀՀԿ-Ի ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ
Նորեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ «պատմական» համագումարից առաջ իշխող կուսակցության վերնախավը փորձում է ինտրիգ պահել: Նորաթուխ շատ հանրապետականներ չգիտեն, թե ինչ ճակատագրի են իրենք արժանանալու ՀՀԿ-ում, իսկ նրանք էլ, ովքեր գիտեն ՀՀԿ-ում իրենց սպասվելիք դերի մասին, փորձում են զերծ մնալ բացահայտումներից` այդ կերպ համագումարը անակնկալներով հարուստ դարձնելու համար: Թեեւ այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը շատ հարցերի պատասխաններ կտա, այնուամենայնիվ, համագումարի ընթացքում հրապարակավ կորոշվի ՀՀԿ-ի հնաբնակների եւ նորգիրների ճակատագիրը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարեցին, որ մտադիր են անդամակցել ՀՀԿ-ին: Իսկ ՊՆ Վիգեն Սարգսյանն արդեն ուղարկել է դիմումը:




Լրահոս