Ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող միջազգային ծրագրերի արդյունքները և նոր նախաձեռնությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2016 թվականին ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները և առաջիկա ծրագրերը:

Փոխնախարարը մասնավորապես շեշտադրել է կոոպերատիվների զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման, գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման, օրգանական գյուղատնտեսության ընդլայնման և միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը:
«Միջազգային զարգացման կազմակերպությունների հետ մեր բազմակողմ համագործակցությունն առաջնահերթ նպատակուղղված է առավել արդյունավետ, բարձր տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից պահանջներին բավարարող, մրցունակ գյուղատնտեսության զարգացմանը: Իրականացվում են աշխատանքներ, որպեսզի միջազգային փորձը, գիտելիքը, նորարարական գաղափարները ներկայացված լինեն մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում»,- իր խոսքում նշել է Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով` նախարարությունն ակտիվորեն համագործակցում է ՄԱԿ-ի կառույցների, ԱՄՆ ՄԶԳ-ի, Եվրամիության, Ավստրիայի, Շվեյցարիայի հետ: Պարոն Հարությունյանը հավելել է, որ այսօրվա դրությամբ Եվրամիությունը գյուղատնտեսության ոլորտի ամենախոշոր զարգացման ծրագրեր իրականացնողն է. միայն 2015-2016թթ-ի ընթացքում հաստատվել են շուրջ 30 մլն եվրոյի աջակցության ծրագրեր:
Անդրադառնալով գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման հարցին` նա նշել է, որ կոոպերատիվների մասին օրենսդրության ընդունման արդյունքում այս տարի ստեղծվել են շուրջ 53 կոոպերատիվներ, որոնք օժանդակություն են ստացել Եվրամիության արևելյան համագործակցության «Գյուղի և գյուղատնտեսության զարգացման» ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունների կողմից իրականացվող կոոպերատիվների զարգացման ծրագրի բաղադրիչով:

«Կոոպերատիվների խթանման շրջանակում շեշտադրում է արվել ոչ ավանդական մշակաբույսերի և եվրոպական պանրատեսակների արտադրության վրա` հաշվի առնելով իրացման խնդիրները: Ընդամենը մի քանի օր առաջ մենք Գեղարդում բացեցինք խոտաբույսերի արտադրությամբ զբաղվող կոոպերատիվ, որի անդամները հիմնականում կանայք են, արտադրանքը սպառվում է հանրապետության խոշոր առևտրային ցանցերից մեկում: Մյուս շաբաթվա ընթացքում նախատեսվում է Ծովագյուղ համայնքում հնդկացորենի վերամշակման արտադրամաս բացել: Վերջերս Գեղարքունիքի մարզում բացվել է եվրոպական պանիրների արտադրամաս»,- հավելել է Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև «Օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնության» ծրագրին, որը ֆինանսավորվում է Եվրամիության պատվիրակության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից` 3,3 մլն եվրո ընդհանուր բյուջեով: Նա հայտնել է, որ 2016 թվականին Ծրագրի կողմից ընտրվել են 18 ձեռնարկություններ, որոնք ստացել են ֆինանսական օժանդակություն: Կազմակերպությունները բազմազան են, զբաղվում են գինու, մեղրի, չորամրգի, օրգանական ձիթապտղի յուղի արտադրությամբ: Այժմ ամփոփվում են երկրորդի փուլի մրցույթի արդյունքները, որի շրջանակում կազմակերպությունը ստացել է շուրջ 190 հայտադիմում:
Արմեն Հարությունյանը շեշտել է, որ Ծրագրի շրջանակում նպատակ է դրված բարելավել օրգանական գյուղատնտեսությունը կարգավորող ՀՀ օրենսդրությունը` բացառելու շուկայում այսօր հանդիպող «բիո», «էկո», «օրգանիկ» մակնշումները չսերտիֆիկացված ընկերությունների կողմից: Այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ` պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ:

Նոր կառավարության օրակարգի առանցքային հարցերից է ներդրումների ներգրավումը և ներդրումային միջավայրի բարելավումը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը աշխատանքներ է սկսել Շվեյցարիայի զարգացման համագործակցության գրասենյակի հետ, պատրաստվել է ջերմոցների զարգացման ձևային ներդրումային ծրագիր, բիզնես ծրագրերի իրականացման խորհրդատվական թերթիկներ, ինչպես նաև ընդհանուր վերլուծություն է իրականացվում բացահայտելու այն արգելքները, որոնք խոչընդոտում են ներդրումների ներգրավմանը:
Այնուհետև բանախոսը ներկայացրել է գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման շուրջ իրականացվող աշխատանքների ընթացքը: Ըստ այդմ` գերմանական KfW բանկի հետ համագործակցությամբ 2017 թվականին մշակվելու է փորձնական ծրագիր, այս պահին առկա է նախնական համաձայնություն KfW-ի և ՀՀ կառավարության միջոցներով ծրագրի ֆինանսավորումն ապահովելու մասին: Առաջին փուլում համատարած գյուղատնտեսական հաշվառման արդյունքների հիման վրա օրենքով հստակ կդասակարգվեն փոքր, միջին և խոշոր գյուղատնտեսական տնտեսությունները և ըստ այդ կատեգորիաների` ապահովագրական համակարգը սուբսիդավորման տարբեր ձևաչափեր կկիրառի:
Ասուլիսի ընթացքում փոխնախարարը խոսել է նաև առաջիկայում միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ նոր նախաձեռնությունների իրականացման մասին: Մասնավորապես ԵՄ-ի հետ կիրականացվի «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացման» ծրագիր, որում կընդգրկվեն Արարատի և Արմավիրի մարզերը, ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ ստեղծվելու է ինտենսիվ այգիների գիտական կենտրոն, Ասիական զարգացման բանկի հետ ծրագրեր են իրականացվելու խաղողագործության ոլորտի բարեփոխման ուղղությամբ, իսկ ՌԴ-ի հետ կազմվում է ռազմավարական համագործակցության փաստաթուղթ, որում մի քանի նախընտրելի ուղղություններով աշխատանքներ կիրականացվեն: Օրինակներից մեկը կլինի Հայաստանի քարտեզագրումը, որի շրջանակում ուսումնասիրություններ կիրականացվեն` պարզելու, թե որ գոտիներում ինչ մշակաբույսեր պետք է մշակել, ինչն անհրաժեշտ և օգտակար տեղեկատվություն է ներդրողների համար: Բացի այդ, Ճապոնիայի կառավարության կողմից կիրականացվի «Արդյունքների հիման վրա քաղաքականության մշակում և իրականացում ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը»:

«Մենք մեր պետական համակարգում փորձում ենք լինել առաջին նախարարությունը, որը կներդնի արդյունքների հիման վրա ծրագրի կատարողականի գնահատման համակարգ, ինչը հնարավորություն կտա չափել և գնահատել իրականացված ծրագրերի արդյունավետությունը, շահառու տնտեսությունների շահութաբերությունը»,-նշել է փոխնախարարը` անդրադառնալով այդ ծրագրին:
Բանախոսը ներկայացրել է նաև համատարած գյուղատնտեսական հաշվառման, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման աշխատանքները:

Այս տարի մեկնարկել է բրուցելյոզ հիվանդության կանխարգելման 18 ամսյա ծրագիրը, որը ֆինանսավորում է ԱՄՆ կառավարության կողմից:
Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին: Առանձնացվել են խաղողագործության կոլեկցիոն այգու ստեղծման և ձկնաբուծության ոլորտում կիսափակ խնայողատար համակարգի ներդրման ծրագրերը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս