Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն ու տարածաշրջանային իրավիճակը: Այս մասին շաբաթ օրը իր թուրք գործընկերոջ հետ համատեղ բրիֆինգի ժամանակ ասել է Մամեդյարովը:
Նրա խոսքով՝ Չավուշօղլուն այդ հարցը քննարկել է նաև դեկտեմբերի սկզբին Ալանիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«ԼՂ հարցում մենք մշտապես Ադրբեջանի կողքին ենք: Թուրքիան պատրաստ է աջակցել Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,-իր հերթին ասել է Չավուշօղլուն:
«Ռուսաստանը նախաձեռնություններ ուներ այդ հակամարտության կարգավորման հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս: Ինչպես արդեն նշեցի, Թուրքիան մշտապես Ադրբեջանի կողքին է»,-հավելել է նա:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել նաև այդ հարցում Ռուսաստանի վճռականությունն ու ջանքերը: