Միհրան Պողոսյանը` ակտիվ քաղաքականություն մտնելու և ԴԱՀԿ պետի ԺՊ-ի հետ հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման նախկին պետ Միհրան Պողոսյանի ապագայի հետ կապված ծրագրերին՝ հայտնել էր, որ օֆշորային սկանդալում հայտնված նախկին պաշտոնյան մտադիր է կա՛մ վերադառնալ նախկին պաշտոնին, կա՛մ մտնել ակտիվ քաղաքականություն եւ որ իր ընտրությամբ ԴԱՀԿ պետի ԺՊ նշանակված Արմեն Հարությունյանի հետ լարված հարաբերություններ ունի:

«Ժողովուրդ»-ն ամեն կերպ փորձել էր մեկնաբանություն ստանալ Մ. Պողոսյանից եւ վերջապես հաջողվեց ստանալ որոշ հարցերի պատասխաններ:

-Պարո՛ն Պողոսյան, վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ ԴԱՀԿ-ում անառողջ մթնոլորտ է ձեւավորվել, ծառայության հնաբնակները զանգվածաբար հեռանում են կառույցից: Իսկ ԴԱՀԿ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանը ԴԱՀԿ պետի ԺՊ Արմեն Հարությունյանին հրապարակավ մեղադրեց ստախոսության եւ կոռուպցիոն քայլերի գնալու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Բնականաբար, հարկադիր կատարման ծառայությանը վերաբերող ոչ մի հարցում չեմ կարող անտարբեր լինել: Հպարտությամբ փաստում եմ, որ իմ ղեկավարման տարիներին ԴԱՀԿ-ը ներկայացել է որպես բոլոր առումներով կայացած կառույց: Իմ եւ գործընկերներիս ջանքերով ծառայությունը ներկայանալի եւ վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերեց միջազգային հեղինակավոր հարթակներում: Կազմակերպվել է երկու միջազգային գիտագործնական համաժողով, որոնց մասնակցել են շուրջ 16-18 երկրների ներկայացուցիչներ: 2015թ.-ին ՀՀ հարկադիր կատարման ծառայությունը դարձավ Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ: Սա իսկապես լուրջ ձեռքբերում էր Հայաստանի համար:

Ավելին՝ Միության այս տարվա լիագումար նիստը նախատեսված էր անցկացնել Երեւանում: Ցավոք, ապրիլյան պատերազմը այլընտրանք չթողեց, քան այս միջոցառման անցկացումը Հայաստանում չեղարկելը: Կայացվածության առումով չեմ ցանկանա կետ առ կետ անդրադառնալ ծառայության տարբեր բաժինների կամ ենթակառուցվածքների աշխատանքին, հերթական անգամ նշել, որ, օրինակ, նույն ՏՏ տեխնոլոգիաների կամ էլեկտրոններդման առումով ծառայությունը առաջինն է եղել ԱՊՀ եւ եվրոպական մի շարք երկրներում։

Ի դեպ, վերջին շրջանում բավականին քննարկող պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿ բոտը 2015 թվականի վերջին հաջողությամբ շահագործման հանձնեցինք, որը եւս կարեւորագույն ձեռքբերում է: Մի խոսքով, արվել է հսկայական աշխատանք՝ սկսած արագ սպասարկման գրասենյակների բացումից մինչեւ կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը, ալիմենտային վարույթներով գործերում հոգեբաններին ներգրավելը, ինչը եւս աննախադեպ էր պետական գերատեսչության համար: Իրականում թվարկելու շատ բան կա, որի համար ես միայն հպարտ եմ…

Այնուհանդերձ, չմեկնաբանեցիք ԺՊ-ին վերաբերող հատվածը: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, թե վերջերս հոգեհանգստի արարողության ժամանակ Ձեզ մոտ եք կանչել Արմեն Հարությունյանին եւ բոլորի ներկայությամբ նախատել նրան…

-Բացարձակապես կոռեկտ չեմ համարում Ձեր նշած հրապարակումը որեւէ կերպ մեկնաբանելը, առավել եւս, երբ խոսքը իմ նախկին ենթակայի մասին է: Ինձ ճանաչողները հրաշալի գիտեն սկզբունքներս ու արժեքային այն համակարգը, որից այն կողմ ոչ մի պարագայում ինձ թույլ չեմ տա անցնել, ինչը եւ առաջնային պայման եմ համարել եւ համարում աշխատանքային առողջ ու արդյունավետ մթնոլորտ ունենալու համար:

ՀՀԿ համագումարին, ըստ էության, չհերքեցիք, որ առաջադրվելու եք գալիք խորհրդարանական ընտրություններին: Ձեզ ոչինչ չի՞ կաշկանդում մտնել ակտիվ քաղաքականություն:

-Նախ՝ չհերքելը դեռեւս չի նշանակում հաստատել: Երկրորդ՝ իմ անցած ուղին, փորձը եւ ունակությունները ինձ իրականում հնարավորություն են տալիս չկաշկանդվել ցանկացած ոլոտում կամ նախաձեռնությունում:

զրուցեց Տաթեւ Հարությունյանը




Լրահոս