«Տեսանելի ապագայում մենք պատրաստվում ենք դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջեւ, ինչու չէ նաեւ մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ: …Մեր ապրանքների առջեւ բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից»,- խոսքերը մեջբերված են Սերժ Սարգսյանի` 2014 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տոնի առթիվ հնչեցրած ուղերձից:
Իսկ ի՞նչ փոխվեց իրականում Հայաստանի համար: Բնավ պետք չէ վիճակագիր լինել՝ հասկանալու համար, թե այս երկու տարիների ընթացքում ինչ տվեց մեզ մեկ գիշերվա ընթացքում Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը:
Սահման չունենք
Մենք դարձել ենք տնտեսական այնպիսի մի միության անդամ, որի հետ չունենք ընդհանուր սահմաններ: Ու այս մասին դեռեւս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր բարձրաձայնում: Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված իր հարցազրույցում, որը հրապարակվել է 2012թ. ապրիլի 4-ին, «Կոմերսանտ»-ի թղթակից Ելենա Չեռնենկոյի այն հարցին` պատրա՞ստ է, արդյոք, Հայաստանը դառնալ ԵվրԱզԷՍ-ի լիիրավ անդամ, միանալ Մաքսային միությանը…, Սարգսյանը պատասխանել էր. «Թե՛ ԵվրԱզԷՍ-ի, թե՛ ԱՊՀ-ի շրջանակում մեր գործընկերների հետ ինտեգրացիոն կապերի տեսակետից մեզ համար որեւէ արգելք չենք տեսնում: Մեր կենսական շահերից է բխում այն, որ այդ ինտեգրացիոն գործընթացները շարունակվեն, խորանան եւ ամրանան: Հայաստանն ԱՊՀ ամենաակտիվ անդամն է եւ նույնիսկ ջանք է գործադրում ԵվրԱզԷՍ-ի զարգացման համար, չնայած սոսկ դիտորդ է: Սակայն համաշխարհային պրակտիկայում նման օրինակ չկա, որ երկիրը, չունենալով ընդհանուր սահման, դառնա մաքսային միության անդամ: Դա անիմաստ կլիներ: Մաքսային միության իմաստն այն է, որ ապրանքափոխանակությունը կատարվի առանց մաքսային զննության: Մեր դեպքում դա անհնար է, որովհետեւ մենք պետք է անցնենք հարեւան պետության տարածքով եւ երկու անգամ հաղթահարենք մաքսազերծումը: Սա անիմաստ է դարձնում մաքսազերծումը տնտեսվարող սուբյեկտների համար հեշտացնելու ընթացակարգը: Դրա փոխարեն մենք միայն ու միայն կունենայինք մաքսատուրքի եւ հարկերի ավելացման հետ կապված խնդիրներ: Տնտեսական տեսակետից սա աննպատակահարմար է»,-նշել էր Սարգսյանը:
Պաշտոն ստացավ
Սակայն հետագայում իրադարձություններն անսպասելիորեն զարգացան: Ընդհանուր սահմաններ չունենալը դարձավ նորմալ երեւույթ, իմաստավորվեց անիմաստալին, վերացան բոլոր արգելքները, ու մի գիշեր, երբ Հայաստանը քուն էր մտել իր լեռնապատ երկրում, Սերժ Սարգսյանը «գաղտնի» ստորագրեց ԵԱՏՄ մտնելու մասին որոշումը: Իսկ այդ անդամակցումն անիմաստ համարող պաշտոնյայի քաղաքական ճանապարհը հատվեց հենց այդ միությունում: Ինչպես հայտնի է՝ Տիգրան Սարգսյանն այժմ բարձր աշխատավարձով զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, որը, իհարկե, լայն հեռանկարներ է բացում Սարգսյանի բիզնեսների ծաղկման համար, իսկ Հայաստանին ոչինչ չի տալիս նրա նախագահությունը:
Իսկ Տիգրան Սարգսյանը իր պաշտոնը փողի վերածելու լուրջ փորձ ունի: Հիշեցնենք, որ 2008 թ.-ին Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, իր անձնական հաշիվներում պաշտոնապես ուներ 17 միլիոն 247 հազար դրամ եւ 22 հազար դոլար: Իսկ արդեն 2014 թվականին վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալու պահին, բացի մի քանի անշարժ գույքերից, բաժնետոմսից ստացած գումարից, Սարգսյանը հայտարարագրել էր նաեւ 2 մլն 500 հազար դրամ եւ 955 հազար դոլար դրամական միջոցներ: Իսկ եկամտի չափը հարկային տարում ընդհանուր առմամբ կազմել է 47 մլն 965 հազար դրամ, որը գոյացել է աշխատավարձից, տրված փոխառությունների` վարկերի դիմաց ստացված տոկոսներից եւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից: Թե ինչի հաշվին է Սարգսյանը 6 տարիների ընթացքում կարողացել այդքան հարստանալ, թերեւս պետք է ենթադրել նրա պաշտոնավարման ընթացքում ողբերգական վիճակում հայտնված մեր տնտեսության վիճակից:
Բեռների հերթը
Բայց դառնանք ԵԱՏՄ-ի անդամակցության պտուղներին: Հայրենի գործարարները, որոնք ինչ-որ բան են արտահանում ՌԴ կամ ՌԴ-ով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ, հանդիպում են բազմաթիվ դժվարությունների: Պատճառը պարզ է: Այդ արտահանումը կամ ներկրումը նրանք իրականացնում են վրաց-ռուսական անհարմար ու վտանգավոր ճանապարհով՝ հաղթահարելով Կազբեկ լեռան ոլորանները, նույնիսկ ճանապարհահատվածում կա փակցված համապատասխան ցուցանակ, որը զգուշացնում է՝ «Զգույշ, վտանգավոր է»: Իսկ երբեմն-երբեմն եղանակով պայմանավորված, երբ փակվում է այդ միակ ճանապարհը, օրերով բեռնափոխադրումներ իրականացնողները մնում են Լարսի ոլորանների վրա: Այնտեղ կիլոմետրերով ձգվում է բեռնափոխադրողների շարասյունը:
Անգամ վիրավորական է նկատելը, որ Լարսի անցակետում վրացիների, թուրքերի ու ազերիների նման ԵԱՏՄ անդամ երկրի բնակիչ հայերն էլ հանդիպում են նույն խնդիրներին, հաճախ անգամ ավելի երկար հերթ կանգնելու «պատվին» են արժանանում: Հիշեցնենք, որ գարնանը խորհրդարանում Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ հայաստանյան ավտոմեքենաներն անցնում են Վերին Լարսի անցակետը «կանաչ միջանցքով» եւ առանց ձգձգումների, ինչը նշանակում է, որ մեր բեռնափոխադրողները եւ ուղեւորափոխադրողներն ավելի քիչ ժամանակ պետք է ծախսեին՝ անցակետը հատելու համար: Իրականում այդ «կանաչ միջանցք» ասվածը միֆ է: Հայ բեռնափոխադրողները արժանանում են նույն «մունաթներին», նույն քաշքշուկներին, ինչ կար մինչ ԵԱՏՄ ձեւավորումը:
Եւ հիմա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պետք է պարտադրի, որ օր առաջ հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքները ավարտվեն, որպեսզի արտահանում իրականացնողներն այլընտրանք ունենան:
Թվային տվյալներ
Ինչպես հայտնի է` ԵՏՄ-ի անդամակցության հիմնական շարժառիթը եղել է անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ավելի քան 200 միլիոն բնակչությամբ շուկաներում ազատ մուտք ստանալը: Եւ ենթադրվում էր, որ Հայաստանի արդյունաբերությունը պետք է սկսեր զարգանալ, քանի որ նրանց արտադրանքի իրացման հսկայական շուկա էր բացվում, համենայն դեպս, այդպես էր ներկայացվում ԵՏՄ-ի անդամակցության քարոզչությամբ:
Իսկ ի՞նչ ունենք իրականում. ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ
2013թ.-ին ՀՀ-ից Ռուսաստան արտահանվել է 334 մլն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին՝ մոտ 244 մլն դոլարի, 110 մլն դոլարով պակաս:
2013-ին Բելառուս արտահանվել է ավելի քան 8 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին` մոտ 7 մլն:
2013-ին Ղազախստան արտահանվել է ավելի քան 7 մլն դոլարի ապրանք, իսկ 2015-ին՝ մոտ 4 մլն դոլարի:
Եւ, վերջապես, 2013-ին Ղրղզստան է արտահանվել մոտ 1 մլն դոլարի ապրանք, իսկ արդեն 2015-ին՝ 370 հազար դոլարի չափով:
Ինչպես տեսնում ենք՝ Հայաստանից արտահանումը դեպի ԵՏՄ բոլոր անդամ երկրներ նվազել է:
Ու այսքանից հետո տրամաբանական մի հարց է առաջանում` ի՞նչ տվեց մեզ ԵՏՄ-ն: Իրականում` ոչինչ. Սերժ Սարգսյանը մնաց իր գահին, Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն ստացավ, բայց մեր տնտեսության մեջ ոչ մի աշխուժություն չնկատվեց:
ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԴԱԲՐՈՆ»
2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու նպատակ ունեցողների նոր անուններ են ի հայտ գալիս: Մասնավորապես, ըստ տեղեկությունների, պատգամավոր դառնալու մտադրություն ունի Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, ով նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է: Դավիթ Մանուկյանը առաջադրվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը մտերմիկ շրջապատում Դավիթ Մանուկյանի առաջադրման մասով չի առարկել՝ իսկ ինչու ոչ: Այս խոսքերը ընկալվել են որպես «դաբրո»՝ Դավիթին պատգամավոր դարձնելու համար:
30 ՄԼՆ ԴՐԱՄ՝ «ՊԱՏՎԻ ՀԱՄԱՐ»
ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկայում վերաբաշխման եղանակով 30 մլն դրամով ավելացնել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների ծախսերը: Այս որոշման մասին նախագիծը ֆինանսների նախարարությունը այսօր կներկայացնի ՀՀ կառավարության նիստին:
Հայտնի է, որ ՀՀ պետական բյուջեից չնչին գումարներ են հատկացվում օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության համար: Պաշտոնյաները մշտապես կուլիսներում դժգոհում են, որ մոտ 100-150 հազար դրամ գումար հատկացնելը՝ պատվիրակություն ընդունելու համար, ուղղակի ծիծաղելի է: Իրականում գերատեսչություններն իրենց հյուրերին «պատիվ են տալիս», շրջագայություն են կազմակերպում կա՛մ իրենց «ձախ» փողերով, կա՛մ որեւէ գործարարի հաշվին: Այդ իմաստով օտարերկրյա պատվիրակությունների ընդունելությունների համար տարեկան 30 մլն դրամի ավելացումը բավականին ուրախացրել է շատ չինովնիկների: Թեեւ հայկական ճոխ հյուրասիրությունների համար դա էլ է քիչ:
ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Ինչպես երեւում է` հայտնի գործարար, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունները մեկը մյուսի հետեւից սնանկանում են: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է իր գործունեությունը: Իսկ հիմա հերթը Համբարձումյանի «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ինն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սիլվա Համբարձումյանին պատկանող «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ու մինչ ընկերությունը լուծարվում է, ՊԵԿ-ը շտապեց տուգանել նրանց: «Բուռ Գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Սիլվա Համբարձումյանը հաշվապահական հաշվառումը խախտումներով վարելու համար տուգանվել է 25 հազար դրամով: Ստացվում է, որ ՊԵԿ-ն անտեղյակ է այս ընկերության լուծարման մասին: Ինչպե՞ս կարելի է տուգանել արդեն գոյություն չունեցող ընկերությանը:
ՄԵՐ ԲՈՒԱՅԵՆ
Ֆրանսիացի քաղաքական գործիչ, 2011թ. Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ եթերում է հայտնվել հայկական խաչով շղթայով: Բանն այն է, որ Ֆրանսիայի օրենսդրությամբ կրոնական խորհրդանիշների հրապարակային ցուցադրությունն արգելված է: Huffington Post-ի ներկայացմամբ՝ պատասխանելով իր հասցեին ուղղված հեռուստադիտողների քննադատություններին՝ Բուայեն սկզբում հայտարարել է, որ այդ խաչը մշտապես կրում է եւ երբեք չի բաժանվում դրանից։ Բայց այդ միջադեպից հետո մեկ այլ հաղորդման ժամանակ նա հայտնվել է առանց խաչի:
ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄՈՎ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Նշելով, որ հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու եւ հաջորդ տարին պլանավորելու համար»: