Շուտով կլրանա 2 տարին, ինչ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հրապարակային առճակատումից հետո հայտարարեց քաղաքականությունից հեռանալու եւ ԲՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին: Սակայն նախօրեին արդեն հստակ դարձավ, որ Սերժ Սարգսյանի կողմից որպես քաղաքական դերակատար «չարիք» որակված Ծառուկյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն:
Ինչպես հայտնի է՝ դետեմբերի 3-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո կուսակցության անդամները զրուցել են Գագիկ Ծառուկյանի հետ, եւ ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ Ծառուկյանը նշել է, որ ինքը, իբրեւ երկրի համար մտահոգ անձնավորություն, անպայման մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին:
Թե ինչ ձեւաչափով ու երբ, այդ մասին Գագիկ Ծառուկյանը հանդես կգա առանձին հայտարարությամբ եւ մանրամասները կներկայացնի: Իսկ առայժմ բավականին տխուր, եթե չասենք՝ անհեթեթ իրավիճակում են հայտնվել ՀՀԿ-ական այն պատգամավորները, որոնք Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո շտապեցին վերջինիս հասցեին տարատեսակ վիրավորական արտահայտություններ անել եւ, մեղմ ասած, կոշտ բառամթերքով բութագրել ԲՀԿ նախկին առաջնորդին: «Ժողովուրդ»-ը Գագիկ Ծառուկյանի վերադարձի շուրջ զրուցել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ:
-Պարո՛ն Մելիքյան, Գագիկ Ծառուկյանը ասել է, որ վերադառնում է, Ձեզ չի՞ մտահոգում այս հանգամանքը:
-Նման հայտարարություն չի եղել, պարոն Ծառուկյանն ընդամենը հայտարարել է, որ առաջիկայում հայտարություն կանի:
-Իսկ հիշո՞ւմ եք, թե Դուք ինչպես էիք անվանել նրան՝ ասելով, թե «թալանչին չի կարող լինել բարերար»:
-Ոչ մի բան չենք հիշում, երբ հայտարարություն կանի, կպատասխանենք:
-Որ վերադառնա, ներողությո՞ւն եք խնդրելու:
-Երբ կվերադառնա, ես Ձեր հարցին կպատասխանեմ, սպասեք, հնչեցնի իր հայտարարությունը, նոր, որեւէ մեկս որեւէ տեղ չենք գնում, Ձեր ցանկացած հարցին կպատասխանենք: Սպասենք հայտարարությանը:
-ԲՀԿ-ականներն ասում են, որ ժողովուրդը պահանջում է Ծառուկյանի վերադարձը, Դուք անձամբ տեսնո՞ւմ եք նրա վերադարձի անհրաժեշտությունը:
– Եթե ժողովուրդը տեսնում է, ուրեմն բոլորը պետք է տեսնեն:
-Այդ թվում եւ ՀՀԿ-ականնե՞րը:
-Թողեք հայտարարությունը հնչի, հետո տեսնենք:
Մանրամասները՝ ArmLur.am–ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան