ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների համաձայն` բժիշկների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին երկու տարիների ընթացքում հիշյալ մեղադրանքով ազատազրկման դատապարտված բժիշկներ չեն եղել:
Սակայն վերջին շրջանում բժշկական սխալի կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով բուժվողի մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի շարունակ աճող ցուցանիշը խոսում է մի բանի մասին` առողջապահության ոլորտում, մեղմ ասած, բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:
Եվ, ահա, նախօրեին հանրությունը տեղեկացավ հերթական ողբերգության մասին. ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` բժշկական օգնություն ստանալուց հետո հիվանդի մահանալու դեպքի առթիվ: Այսպես՝ ՔԿ-ի փոխանցմամբ` ընթացիկ տարվա նոյեմբերի 3-ին «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը, կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքի բնակարաններից մեկը՝ բժշկական օգնություն ցուցաբերելու քաղաքացի Գրիգոր Գրիգորյանին: Նախնական տվյալներով՝ առանց հաշվի առնելու հիվանդի ալերգիկ լինելու հանգամանքը՝ կատարել են մի շարք ներարկումներ, ինչի հետեւանքով Գրիգոր Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը եւ մահացել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժողի ընտանիքի անդամները, շտապօգնության աշխատակիցները՝ բժիշկն ու բուժքույրը։
«Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի շուրջ զրուցեց «Ջերմուկի առողջության կենտրոն»-ի տնօրեն Մանուշակ Նալբանդյանի հետ: Վերջինիս խոսքով` յուրաքանչյուր բժշկի մասնագիտական պարտականությունն է ներարկում կատարելուց առաջ հիվանդից հետաքրքրվել նրա ալերգիկ լինելու մասին: Բժշկական կենտրոնի տնօրենը նշեց, որ իր տեղեկություններով՝ թե՛ հիվանդը, թե՛ նրա հարազատները որեւէ բառ դրա մասին չեն ասել. «Հիմա քննություն է ընթանում, արդյունքներից հետո պարզ կլինի` ինչ է իրականում կատարվել: Շտապ կանչով քաղաքացուն այցելած բուժաշխատողները շարունակում են աշխատել»:
Իսկ ահա տուժողի հարազատները միանգամայն այլ պատկեր են ներկայացնում: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց զրուցել մահացած տղամարդու որդու` Տիգրան Գրիգորյանի հետ, ով վստահեցրեց` հերթապահ բժշկին` Արտակ Գեւորգայնին, եւ բուժքրոջը` Նվարդին, հայտնել են, որ հայրը ալերգիկ է. «Հայրս էլ մի քանի անգամ ասաց` հանկարծ չսրսկեք, ես ու եղբայրս էլ մեր հերթին ասացինք: Մինչեւ դուրս եկանք պատշգամբ, մորս աղմուկը լսեցինք: Պարզվեց` հորս աչքերը հետ են գնացել, գիտակցությունը կորցրել է: Ու էս պահին բուժքույրն էլ խառնվեց իրար: Փորձում էինք հասկանալ` ինչից եղավ, ոնց եղավ: Պարզվեց` մի րոպեում 9 ամպուլա սրսկել են, սկզբում` անալգին-դիմեդրոլ, հետո էլ չգիտեմ ինչ դեղեր»:
Տիգրան Գրիգորյանը, շարունակելով ներկայացնել կատարվածը, հայտնեց նաեւ, որ հայրը թիկունքի հատվածում ծակոցներ է զգացել, շտապ օգնություն են դիմել` նպատակ ունենալով դրանից հետո բժշկական կենտրոն տեղափոխել: Հերթապահ բժիշկն ու բուժքույրն այցելել են, սկզբում Գ. Գրիգորյանի զարկերակային ճնշումն են չափել, համապատասխան բժշկական հետազոտություն են իրականացրել, որից հետո էլ ներարկումներ են արել. «Երբ հայրս կորցրեց գիտակցությունը, խուճապ առաջացավ, հետո մի կերպ նրան ուշքի բերեցինք, մեկ էլ դրանից հետո մի հատ էլ սրսկեցին: Ու արդեն էդ սրսկոցից հետո ես ու եղբայրս մեր ձեռքերում կորցրինք մեր հորը»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ մեկ տարի առաջ հայրը կոմայի մեջ էր ընկել, կրկին շտապ օգնություն են դիմել: Այդ անգամ բուժաշխատողները կրկին ներարկումներ են կատարել, սակայն դրանք հակաալերգիկ են եղել, եւ հայրն արագ կազդուրվել է:
Ի դեպ, Տիգրան Գրիգորյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք իրավապահներին չեն դիմել. հաղորդում` որպես այդպիսին, ներկայացրել է բուժքույր Նվարդը. «Մենք չենք էլ իմացել, որ գործ է բացվում: Ոստիկանները եկան մեր տուն, դեպքի մասին հարցեր տվեցին, ու դրանից հետո իմացանք: Բուժքույրն ասել է, որ ինքը սրսկել է ալերգիկ հիվանդի ու տեղում մահ է գրանցվել»:
Սա բժշկական սխալ է, թե անփութություն, կպարզի քննությունը: Այդուհանդերձ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությունից փորձեց պարզել` ներքին ուսումնասիրություններ կատարվում են, թե ոչ: Ի պատասխան մեր հարցադրման` ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը նշեց. «Նմանատիպ դեպքերով նախարարությունը չի զբաղվում: Դրանք իրավական դաշտում են ուսումնասիրվում»:
Մահացության նման դեպքեր, Անահիտ Հայթայանի բնութագրմամբ, աշխարհի բոլոր երկրներում էլ արձանագրվում են: Իհարկե, չենք կարող չհամաձայնել այդ պարզ ճշմարտության հետ, սակայն հանուն արդարության պետք չէ անտեսել նաեւ այն հանգամանքը, որ բժշկական սխալի կամ անփութության հետեւանքով որեւէ երկրում բուժաշխատողներն անպատիժ չեն մնում:
Մնում է հուսալ, որ փոքր բնակչություն եւ բուժաշխատողների սակավություն ունեցող Ջերմուկ քաղաքում ստեղծված խնդիրը մարդասիրության տեսանկյունից կլուծվի:
Տաթեւ Հարությունյան