Մեկ ամսից Ամանոր է, ուստի շատերս, հետադարձ հայացք նետելով անցած տարվան, փորձում ենք ամփոփել այն` հասկանալու համար` ինչ ձեռքբերումներ եւ կորուստներ ունեցանք, մեր ծրագրած պլաններից որոնք իրականացրինք եւ որոնք չհասցրինք կյանքի կոչել: Այսպիսով` Նոր տարվան ընդառաջ «Ժողովուրդ»-ը սկսում է նոր շարք` նշյալ թեմաների շուրջ զրուցելով հայ հայտնիների հետ: Մեր առաջին զրուցակիցը երգչուհի Սոնա Ռուբենյանն է:
-Սոնա՛, ո՞րն է այս տարվա Ձեր ստեղծագործական ամենամեծ ձեռքբերումը:
-Նախորդ ամիս փոքրիկ մենահամերգ ունեցա «Շանթ» հեռուստաընկերության «Արենա Live» ծրագրի շրջանակներում. դա կարող եմ համարել իմ տարեվերջյան ձեռքբերումներից մեկը: Դա իմ առաջին մենահամերգն էր եւ հետաքրքիր էր նրանով, որ ծրագրում ներգրավված էին նաեւ իմ հեղինակային երգերը: Վերջին ձեռքբերումներից մեկն էլ Գարիկ Պապոյանի հետ համերգային ծրագիր ունենալն էր: Տարվա նորություններից պետք է առանձնացնեմ նաեւ ինձ համար շատ հարազատ «Մայրիկ» երգի հիման վրա տեսահոլովակի թողարկումը: Ստեղծագործությունը նվիրվել է մեր զոհված զինվորների մայրերին:
-Այս տարվա ամենահետաքրքիր հրավերը:
-Այժմ Հայաստանում` երգարվեստի բնագավառում, համերգների առումով պասիվություն է տիրում, նախկին աժիոտաժը չկա: Համերգներով հանդես գալու հրավերներ ունեմ դրսից, բայց այդ ծրագրերն արդեն կապված են հաջորդ տարվա հետ:
-Տարին ի՞նչ դասեր տվեց Ձեզ:
-Այս ասպարեզում սովորեցի կոփվել եւ առաջ շարժվել, չընկճվելու իմունիտետ ձեռք բերեցի: Սա է ամենակարեւոր դասը, որն ամեն օր սերտում եմ:
-Ամենատպավորիչ խորհուրդը, որ լսեցիք:
-Դա ռուսերեն է լավ հնչում` Չրպ Ս սցփՔպՎց:
-Ընկերներ, որոնց հանդիպեցիք այս տարի:
-Իսկապես, կան այդպիսիք, եւ ես դրա համար շնորհակալ եմ ճակատագրին ու այն հանգամանքներին, որոնց շնորհիվ ունեցա այդ մարդկանց իմ կողքին:
-Այս տարի լսած ամենաողջամիտ քննադատությունը Ձեր հասցեին:
-Այն, որ ակտիվ երգերի պակաս ունեմ: Դա ես էլ եմ նկատում: Քանի որ բնավորությամբ «մինորային եմ», ինձ շատ դժվար է տրվում մաժորային ու ակտիվ երգեր գրելը: Բայց ուրիշների երգացանկից նմանատիպ երգեր հաճույքով եմ կատարում: Այնուամենայնիվ, կարծում եմ` հաջորդ տարի կունենամ հանդիսատեսի կողմից սպասված ակտիվ, ուրախ ու ռիթմիկ երգեր:
-2016-ին Ձեր այցելած ամենահետաքրքիր վայրը:
-Դա Թբիլիսին էր, որն ինձ համար բացահայտեցի ամիսներ առաջ, ծանոթացա տեղի հայ մշակույթին, մասնավորապես հայկական եկեղեցիներին: Շատ հետաքրքիր ճամփորդություն ստացվեց:
-Ո՞վ է Ձեզ համար այս տարվա մարդը:
-Կարծում եմ` այս եւ նախորդ ու գալիք տարիներում բոլորիս համար այդ մարդը հայ զինվորն է: Մենք միշտ նրա կողքին ենք. դրա ապացույցը ապրիլյան պատերազմի օրերն էին, երբ բոլորիս սիրտը մի զարկով էր զարկում: Ի դեպ, «Մայրիկ» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ ես առնչվեցի 1990-ականներից մինչեւ վերջերս զոհված հայ զինվորների մայրերի հետ: Պատկերացնո՞ւմ եք` ոչ ոք չմերժեց հոլովակում հանդես գալու մեր առաջարկը: Դուք պետք է տեսնեիք, թե նկարահանման հրապարակում ինչ մթնոլորտ էր տիրում: Այնքան բարություն եւ խորություն կար այդ կանանց մեջ, որ խոսքերով չես նկարագրի: Նրանք էլ են տարվա, ես կասեի` դարի մարդիկ:
-Ու՞մ եք համարում 2016-ի բացահայտումը:
-Վերջերս առիթ ունեցա համագործակցելու «Գողթ» խմբի հետ, որի անդմաներն իմ լավ ընկերներն են: Շատ կուզենամ, որ նրանց պես տաղանդավոր երիտասարդները միշտ դրսեւորվելու լայն հարթակ ունենան: Ի դեպ, հնարավոր է` շուտով համատեղ անակնկալ մատուցենք հանդիսատեսին եւ հաջորդ տարեսկզբին հանդես գանք տեսահոլովակով:
-2016-ին հուսահատվելու Ձեր առիթը:
-Նման պահեր շատ են լինում: Ասեմ, որ հաճախակի եմ հուսահատվում, բայց հուրախություն ինձ` դա շատ կարճ է տեւում. հաղթահարում եմ թե՛ փոքր, թե՛ մեծ հուսահատությունները:
-Տարին ամփոփելով` ո՞ւմ կցանկանաք շնորհակալություն հայտնել:
-Իմ կյանքին, որն ինձ տանում է ճիշտ ճանապարհով:
-Եվ վերջում` ի՞նչ նվեր եք ուզում Ձմեռ պապիկից:
-Խաղաղություն` գալիք եւ մնացյալ տարիների համար:
«ՍԵՐԻԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԸ ՀԱՍՏԱՏ ԻՄԸ ՉԷ»
Երգչուհի Նարինե Դովլաթյանը շուտով երկրպագուների դատին կհանձնի փոփ ժանրի նոր երգ` անգլերենով: Երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերինը` Համլետ Առաքելյանը: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ մինչեւ Ամանոր ստեղծագործությունն արդեն հասանելի կլինի բոլորին:
Քանի որ Նարինեն նկարահանվում էր «Աբելի քույրը» հեռուստասերիալում, հետաքրքրվեցինք` արդյոք վերջինս կարողացավ մերվել աշխատանքային այդ միջավայրի կանոններին. «Այդ սերիալն ավարտվել է, եւ չնայած նոր առաջարկներ շատ եմ ստանում, էլ չեմ ընդունում: Հինգ տարի շարունակ տարբեր հեռուստաընկերություններ ինձ առաջարկում էին հանդես գալ սերիալում, ես որոշեցի ընդունել հրավերը` միայն համապատասխան փորձ ձեռք բերելու նպատակով: Սակայն ինձ այնքան էլ դուր չեկավ այդ պրոցեսը. դերասանական խաղի վրա աշխատելու ժամանակ չկար, չնայած որ ռեժիսորը պրոֆեսիոնալ էր: Այն, ինչ անում էինք, ավելի շատ նման էր աշխատանքի, քան ստեղծագործական պրոցեսի: Իսկ ես այդ ամենն ի սկզբանե զուտ որպես աշխատանք չէի դիտարկում: Սերիալային աշխարհը հաստատ իմը չէ: Գուցե հանդես գամ հումորային նախագծերում, բայց լացակումած, տխուր սերիալներն իմ սրտով չեն»,-մեկնաբանեց նա:
Փոխարենը Նարինեն մտածում է գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու մասին: Նա արդեն ստացել է մի քանի հրավեր, ծանոթանում է սցենարին ու աշխատակազմին`վերջնական որոշում կայացնելու համար:
Մենք հետաքրքրվեցինք` ինչու է երգչուհին հազվադեպ հանդես գալիս ակումբային համերգներով. «Վաղուց է, ինչ ակումբներում մշտական համերգներ չունեմ: Այդ միջոցով գումար չես կարող վաստակել, տվյալ հարթակում ներկայանալը եւս ինձ համար ստեղծագործական պրոցես է: Բայց, ցավոք, ակումբի հանդիսատեսը նախընտրում է լսել հայտնի երգերի cover տարբերակներ, քան քո հեղինակային գործերը: Նաեւ այդ պատճառով հաճախակի հանդես չեմ գալիս համերգներով»,- եզրափակեց նա` հավելելով, որ այս պահին որպես աշխատանք դիտարկում է կոորպորատիվներում ներկայանալը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԹՈՄ ՀԵՆՔՍՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ
Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսն իր աջակցությունն է հայտնել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ամենամյա բարեգործական հավաքին, որը կայանալու է Նյու Յորքում, դեկտեմբերի 9-ին: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Թոմ Հենքսի տեսաուղերձը, որի միջոցով վերջինս կոչ է անում մասնակցել բարեգործական միջոցառմանը: Հենքսն ափսոսանք է հայտնել, որ չի կարող անձամբ ներկա լինել երեկոյին, որի ընթացքում, ինչպես ինքն է նշել, տիրելու է «Հայաստանի ոգին»:
ՋՈԼԻՆ ՀՅՈՒԾՎՈՒՄ Է
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին վերջին շրջանում հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում քաշի կտրուկ անկման պատճառով: Radaronline.com-ը տեղեկացնում է, որ դերասանուհին հյուծվել է, նա այժմ կշռում է 34 կիլոգրամ: Հայտնի է, որ հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծության պատճառով Ջոլին գտնվում է նյարդային հոգեվիճակում, սնվում է անկանոն կերպով: Նյույորքցի թերապեւտ Սթյուարտ Ֆիշերը, մեկնաբանելով դերասանուհու վիճակը, զգուշացրել է, որ նրա ներկայիս քաշը վտանգավոր է առողջության համար: Դա էլ բավական չէ, մտերիմների փոխանցմամբ` Ջոլին չարաշահում է ծխախոտը. նա օրական 2 տուփ սիգարետ է օգտագործում:
ԱՄԵՆԱՄԵԾ ԽԱՂԱԼԻՔԸ
Մոսկվայի «Պոկլոննայա գորա» բլրի վրա կտեղադրվի տոնածառի խաղալիք, որի «ներսում» պարահրապարակ կլինի: 2016 թվականին այն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` «Աշխարհի խոշորագույն լուսադիոդային քանդակ» անվանակարգում: Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խաղալիքը կհավաքվի 23 հազար էլեկտրական լամպերից, դրա տրամագիծը կկազմի 17 մետր: Ներսում կհնչեն հայտնի հիթեր ու համաշխարհային ճանաչում վայելող երաժշտություն, այդ թվում` ABBA խմբի Happy New Year-ը, Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» եւ այլն: Քաղաքապետարանի կայքը հաղորդում է, որ խաղալիքի հավաքման աշխատանքները կսկսվեն դեկտեմբերի 1-ից եւ կտեւեն ավելի քան մեկ շաբաթ: