Արդեն ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ «Երևան» բժշկական կենտրոնը լուծարվում է, իսկ պատճառը ոչ թե ֆինանսական խնդիրներն են, այլ բժշկական կենտրոնի սեփականատերերի միջև տեղի ունեցող ներքին խմորումները:
ArmLur.am-ը, զրուցելով ԲԿ-ի գլխավոր վիրաբույժ Տարոն Տոնոյանի հետ, փորձեց հստակեցնել, թե ինչ է լինելու ի վերջո «Երևան բժշկական» կենտրոնի ճակատագիրը: Սակայն, վերջինս մեզ հետ զրույցում նշեց. «Իրականության մեջ շատ լավ հասկանում եմ, որ խնդրի լուծումը իմ և իմ գործընկերոջ փոխհամաձայնության գտնելու մեջ է: Եվ որևէ մեկը, որևէ լծակ կամ գործիք չունեն ազդելու խնդրի կարգավորմանը, հանգուցալուծման համար»:
Ըստ Տարոն Տոնոյանի՝ օրենքը, կարծես թե, բաց ունի. «Կոնկրետ ես տարբերակներ եմ առաջարկում, բայց իմ գործընկերը մեկ տարբերակ է միայն առաջարկում` տնօրեն դառնալը: Անօգուտ է արդեն բացատրել, որ կոնֆլիկտային իրավիճակներում միակողմանի չի կարող լինել….»:
Վիրաբույժի խոսքով ՝ տարբեր առաջարկներ է արել, սակայն բոլորն էլ մնացել են առանց արձագանք: Միակ արձագանքն այն է, որ նա ուզում է տնօրեն դառնալ. «Բանը նրան է հասել, որ ասում է կամ տնօրեն կլինեմ կամ էլ այս հիվանդանոցը թող «փդի»: Տարբերակներից վատագույնն էլ նա է, որ ես առաջարկել եմ, որ հիվանդանոցը կիսենք, բայց նա դրան էլ չի բարձրաձայնում»:
Տարոն Տոնոյանը ArmLur.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ իբրև թե իր գործընկերը շատ է անհանգստանում ֆինանսական մեծ պարտքերի համար. «Արդեն այդ գումարները փակված են, հիվանդանոցը այլևս որևէ դրամ պարտք չունի: Խնդիրը միայն մնացել է իմ և նրա միջև: Ցավոք սրտի, մինչև այսօր կոլեկտիվի բժիշկները գալիս են աշխատանքի: Առավոտներն այնտեղ ենք լինում 9-ից մինչև 11-ը, որոշ բժիշկներ ավելի երկար: Հիվանդների բուժումը կամ վիրահատությունները կազմակերպում ենք այլ կլինիկաներում: Առայժմ այսպես, մինչև հասկանանք, թե երբ է տրամաբանությունը հաղթում էմոցիաներին»:
Նկատենք, որ «Երևան ԲԿ»-ի շուրջ խնդիրներ միշտ եղել են, սակայն փորձել են այն հարթեցնել: Իսկ կառավարության փոփոխությունից հետո անմիջապես խնդիրն էլ ավելի սրվեց, քանի որ ներկայիս Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել էր, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում այդ խնդրով զբաղվելը: Ստացվում է, որ բժշկական կենտրոն է լուծարվում, սակայն դա ՀՀ առողջապահության նախարարությանը, մեղմ ասած, չի հուզում:
Լիդա Եղիազարյան