«ՄԱՄԱ» ԱՍՈՂ ՉՈՒՆԵՑԱՎ, ԲԱՅՑ «ՏԱՏԻԿ» ԱՍՈՂՆԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անահիտ Ղուկասյանի հետ: 70-ամյա արտիստուհին, նույն ինքը` «Աշնան արեւ» ֆիլմի Աղունը, շարունակում է նկարահանվել եւ ներկայանալ հանդիսատեսին: Նա հայտնի է նաեւ «Տերը», «Ապրիլ», «Վերջին կիրակին», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Սպիտակ ոսկոր», «Ուր էիր, մարդ Աստծո» եւ այլ ֆիլմերում ունեցած իր դերակատարումներով:

-Տիկի՛ն Ղուկասյան, այժմ ի՞նչ նախագծերում եք նկարահանվում: Եվ հետաքրքիր է` կյանքի այս փուլում ի՞նչ դերի մասին եք երազում:
-Հիմա նկարահանվում եմ «Change» սերիալում («Արմենիա Պրեմիում»), հրավեր եմ ստացել հանդես գալու նաեւ գեղարվեստական ֆիլմում, որը կյանքի է կոչվելու ռուսական կողմի պատվերով: Այդ մասին, սակայն, մանրամասներ հայտնել դեռ չեմ կարող: Առհասարակ, լավ կլիներ, որ մի հետաքրքիր կերպար կերտեի` դասական ժանրի ստեղծագործության հերոսուհու, որը, սակայն, աչքի կընկներ նաեւ իր հումորով: Շատ կցանկանայի, օրինակ, Միսս Մարփլ խաղալ (Ագաթա Քրիստի). նա, թվում է, «կենցաղային» կերպար է, սակայն միեւնույն ժամանակ բավական խելացի է:
-Շարունակում եք աշխատել Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում, ըստ Ձեզ՝ որո՞նք են այս թատրոնի առանձնահատկությունները:
-Ազնվորեն ասեմ` հիմա նույնքան զբաղված չեմ թատրոնում, որքան երիտասարդ տարիներին, բայց, իհարկե, ունեմ դերեր: Այսօր հայ թատրոնում տաղանդավոր ռեժիսորի պակաս կա: Ի վերջո, դերասանին ռեժիսորն է «մարդ դարձնում», բացում նրան: Եթե կողքիդ լավ ռեժիսոր չունես, դու ոչինչ չես անի: Մեր թատրոնում, օրինակ, վերջերս մի քանի ներկայացումներ բեմադրվեցին, որոնք շշմելու գործեր են, դրանցից մեկը «Ճպուռն ու մրջյունն» է (բեմադրիչ` Վիգեն Ստեփանյան): Այդ փոքրիկ գործի հիման վրա մի ամբողջական ներկայացում է ստեղծվել, այն էլ` երաժշտական: Նայում եմ` հավեսս գալիս է: Ինչ վերաբերում է մեր թատրոնի յուրահատկություններին, ասեմ, որ հենց մենք ենք կերտում մյուս թատրոնների ապագա հանդիսատեսի տեսակը: Մեր հանդիսատեսը մեծանում է եւ արդեն ձեւավորված` գնում է ուրիշ թատրոններ: Ուստի ճաշակ զարգացնելու, աշխարհայացք ձեւավորելու առումով մեր ֆունկցիան բավական մեծ է: Մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ մեր դերասաններն ավելի շուտ են ծերանում: Եթե Սունդուկյանի անվան թատրոնում 40 տարեկան կինը, օրինակ, կարող է իրեն թույլ տալ սիրուհու դեր խաղալ, մեզ մոտ նման բան լինել չի կարող: Այս երեւույթը ես նորմալ եմ համարում. ի վերջո, հարկավոր է երիտասարդներին ճանապարհ տալ:
-Իսկ որո՞նք են եղել այն դերերը, որոնք Ձեզ թատրոնում եւ կինոյում մեծ հաջողություն են բերել:
-Կինոյում դա եղել է Աղունը («Աշնան արեւ»), իսկ ինչ վերաբերում է թատրոնին, կարող եմ առանձնացնել դեր, որը շատ եմ սիրել: «Վշտից փախչողը բախտ չի գտնի» ստեղծագործության (Սամուիլ Մարշակ) հիման վրա ներկայացում կար, դրա շրջանակում իմ մարմնավորած կերպարը բավական հետաքրքիր էր, եւ հանդիսատեսն էլ այն սիրեց:
-Դուք հաճախ ափսոսանք եք հայտնում այն առնչությամբ, որ Ձեր ամուսինը` կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը, դեռ շատ ասելիք ուներ, բայց չհասցրեց մի շարք նպատակներ կյանքի կոչել: Հետաքրքիր է` միասին սովորաբար կինոյին առնչվող ի՞նչ հարցեր էիք քննարկում: Նաեւ այսօր ստեղծվող հայ կինոյի մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Բագրատը խորհրդային տարիներին անընդհատ «ներվի վրա էր»: Մի շարք գործեր, հետաքրքիր սցենարներ ուներ, որոնք թույլ չէին տալիս կյանքի կոչել, որովհետեւ կոլխոզի մասին չէր նկարում, նրա ֆիլմերը սովետական գաղափարախոսությանը չէին համապատասխանում: Դա էր իմ ու իր դարդ ու ցավը, մեր ամենացավոտ կողմը: Իսկ եթե խոսելու լինենք իմ ներկայիս մտահոգությունների մասին, կարող եմ ասել, որ այսօր ավելի շատ արտադրության վրա է շեշտը դրվում, քան կինոյի: Անընդհատ նկարվում եմ, չէ՞, բայց քիչ է պատահում, որ հաճույք ստանամ իմ աշխատանքից. դա ինձ համար հիմնականում փող աշխատելու միջոց է: Սա ցավալի իրողություն է: Նախկինում ֆիլմում նկարահանվելուց առաջ սցենարը կարդում էինք, մանրամասն ծանոթանում, մի քանի անգամ փորձեր էինք անում, իսկ հիմա նկարահանումից առաջ սցենարը տալիս են ձեռքդ ու գցում են կադր, դա նորմա՞լ երեւույթ է: Այդ է պատճառը, որ անորակ պրոդուկտ ենք տալիս:
-Իսկ Դուք պետության կողմից համապատասխան ուշադրության արժանանո՞ւմ եք, այն վերաբերմունքը, որը կա, Ձեզ բավարարո՞ւմ է:
-Ժամանակին դերասանները գնահատված էին, իսկ հիմա իրավիճակը մի քիչ ուրիշ է: Ես ինձ չեմ համարում անտեսված, բայց չեմ կարող չասել, որ երկար տարիների փորձ ունեցող դերասանուհի լինելով` մինչեւ հիմա ոչ մի կոչում չեմ ստացել: Ճիշտ է դա, թե սխալ, պետք է պետական այրերը մտածեն: Ինքս երբեք չեմ գնա ու դռներ չեմ ծեծի:
-Տիկի՛ն Ղուկասյան, ո՞վ է, որ այսօր միշտ Ձեր կողքին է:
-Եղբորս թոռները, որոնք ինձ տատիկ են ասում: Իրենցով երջանիկ եմ եւ ինձ ոչ մի վայրկյան միայնակ չեմ զգացել, եղբորս տղան եւ նրա զավակներն ինձ աչքաթող չեն արել: «Մամա» ասող չունեցա, բայց, փառք Աստծո, «տատիկ» ասողներ ունեմ (ծիծաղում է): Ինձ հետ է նաեւ իմ հանդիսատեսը: Երբեմն մտածել եմ, որ հիմա, երբ շատ զբաղվածություն չունեմ, ինձ այլեւս չեն հիշում, բայց ի ուրախություն ինձ, անընդհատ փողոցում կանգնեցնում, ջերմ խոսքեր են ասում իմ հասցեին: Մի քանի օր առաջ էլ նկարահանման էի, երիտասարդ դերասաններից մեկն ասաց. «Ախր մենք Ձեր ներկայացումներով ենք դաստիարակվել ու մարդ դարձել»: Վա՜յ, այնքա՜ն լավ էի ինձ զգում. դրանից մեծ գնահատական չկա:

 

 
ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՈՐՏԵ՞Ղ ԿԴԻՄԱՎՈՐԻ ԱՄԱՆՈՐԸ

Շուտով Ամանոր է, եւ հայ հեռուստադիտողներն ու հանդիսատեսն ակնկալում են, որ բեմից ու էկրանից հնարավորություն կունենան տեսնելու այն արտիստներին, որոնք տարվա ընթացքում հաճախ չեն երեւում: Նրանք հետաքրքրվում են նաեւ` որտեղ են աստղերը պատրաստվում անցկացնել Նոր տարին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ն այս անգամ զրուցել է երգիչ Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանի հետ:

«Այս օրերին Արմանը Հայաստանում է, մասնակցում է տարբեր հեռուստաընկերությունների կողմից կազմակերպված ամանորյա միջոցառումների նկարահանումներին: Դրանց ավարտից հետո երգիչը կմեկնի ԱՄՆ. այնտեղի հայկական հեռուստաընկերությունների կողմից եւս Արմանն ունի նմանատիպ հրավերներ: Նա, որքանով տեղյակ եմ, պատրաստվում է Ամանորը նշել Միացյալ Նահանգներում, ինչպես նաեւ պլանավորում է փոքր-ինչ նվիրվել ձմեռային հանգստին»,-տեղեկացրեց մենեջերը:
Արձագանքելով երկրպագուների այն դիտարկմանը, թե Արմանը վերջին շրջանում ավելի շատ լինում է Միացյալ Նահանգներում, քան Հայաստանում, Լուսինեն նշեց. «Երգիչն ուր էլ լինում է, երկար չի մնում, չի կարողանում տեւական ժամանակով հեռու մնալ Երեւանից: Նույնիսկ կարող եմ փոքրիկ գաղտնիք բացել. եթե Արմանը, օրինակ, եվրոպական որեւէ երկրում համերգների կամ կոորպորատիվների պետք է մասնակցի եւ եթե մի միջոցառումից մյուսն ընկած ժամանակահատվածում նա երեք ազատ օր ունի, դրսում չի մնում, գալիս է Երեւան, որ այդ երեք օրն այստեղ անցկացնի: Իսկ ինչ վերաբերում է Արմանի` Երեւանում քիչ մնալու հանգամանքին, կարող եմ ասել, որ դա պայմանավորված է միայն նրա աշխատանքային խիտ գրաֆիկով»:
Մենք հետաքրքրվեցինք` ինչն է պատճառը, որ ռուսական էստրադայի աստղ Վալերիայի եւ Արման Հովհաննիսյանի «Սեր իմ անուշ» դուետն այդպես էլ տեսահոլովակ չունեցավ. «Պլանավորված էր, որ պետք է տեսահոլովակ նկարահանվեր, սակայն Վալերիայի համերգային շրջագայությունների ու Արմանի աշխատանքային խիտ գրաֆիկի պայմաններում, ցավոք, այդ ծրագիրը կյանքի չկոչվեց»,-մեկնաբանեց մենեջերը:
Վերջին շրջանում Արմանի երկրպագուներին անհանգստացնում է նաեւ երգչի քաշի անկումը, օրեցօր նիհարելու միտումը. «Արմանը պարզապես ցանկանում է հանդիսատեսի առջեւ առավել ներկայանալի տեսք ունենալ»,-եզրափակեց Լուսինեն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎՃԱՐՎՈՂՆԵՐԸ
Հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Այսպիսով` առաջին հորիզոնականում հայտնվել է 26-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը. 2016-ին նա հասցրել է վաստակել 170 մլն դոլար: Երկրորդ տեղում բրիտանական One Direction խումբն է` 110 մլն դոլար ցուցանիշով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է երգչուհի Ադելը, որն ընթացիկ տարում վաստակել է 80.5 մլն դոլար:
Աղյուսակի լավագույն տասնյակում ներառված աստղերի թվում են Մադոննան (76.5 մլն դոլար), Ռիհանան (75 մլն դոլար) եւ The Rolling Stones-ը (66.5 մլն դոլար):
Ի դեպ, ավելի վաղ` նոյեմբերին, Forbes-ը Թեյլոր Սվիֆթին ճանաչել էր ամենաբարձր վարձատրվող երգչուհին մինչեւ 30 տարեկանների շրջանում:

 

 

ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը` հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է TMZ ցանցային պորտալը: Նրան շուրջ մեկ շաբաթ առաջ Լոս Անջելեսում հոսպիտալացրել էին լուրջ նյարդային խանգարումից հետո: Ուեսթին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին կից հիվանդանոցից տուն են ուղեկցել կինը եւ ռեփերի անձնական բժիշկը: Երգիչն այժմ ընտանիքի հետ է, Քիմ Քարդաշյանն ամուսնու կողքից չի հեռանում: Նույն լրատվամիջոցի աղբյուրը հայտնում է, որ Ուեսթը դեռեւս հոգեբանի աջակցության կարիք ունի:
Հիշեցնենք, որ օրերս միջազգային լրատվամիջոցները գրել էին, որ ռեփերը նույնիսկ պարանոյա ունի:

 

 

ԵՐԵԽԱՅԻ Է ՍՊԱՍՈՒՄ
Ռուս մոդել եւ դերասանուհի Իրինա Շեյքն օրերս Փարիզում կայացած Victoria՚s Secret Fashion Show ցուցադրության ժամանակ անակնկալի է բերել ներկաներին: Tatler-ը տեղեկացնում է, որ մոդելը հղի է: Ի դեպ, ցուցադրության կազմակերպիչները գեղեցկուհու որովայնը խնամքով թաքցրել են ճոխ թիկնոցի ներքո:
Նշվում է, որ Շեյքը գտնվում է հղիության 4-րդ ամսում: Նրա եւ հոլիվուդյան դերասան Բրեդլի Քուփերի առաջնեկը լույս աշխարհ կգա 2017-ի գարնանը:




Լրահոս