ՎԱՆԱՁՈՐԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ «ԲՈՒՆՏ» Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում աղմուկ է հասունանում, ինչը պայմանավորված է առաջիկայում կայանալիք թատրոնի տնօրենի ընտրության հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թատրոնի աշխատակիցները, ովքեր հասկանալի պատճառներով չցանկացան հրապարակել իրենց անունները, նշեցին, որ տնօրենի մրցույթը չնայած դեռ չի կայացել, այդուհանդերձ, ինչ-որ մարդկանց կողմից արդեն իսկ որոշված է, թե ով է լինելու Վանաձորի միակ պետական թատրոնի առաջիկա տնօրենը:

Անանուն նամակ
Աշխատակիցները ստեղծված իրավիճակի մասին նամակ են ուղարկել խմբագրություն՝ խնդրելով իրենց անունները ոչ մի կերպ չհրապարակել. վախենում են:
Եւ այսպես, ըստ նամակի՝ «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր աշխատատեղի համար հայտարարված մրցույթի փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետը մոտ է, իսկ Վանաձորում սայլը տեղից չի շարժվում: Աբելյանցիները հույս ունեին, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարումը ստանձնած Հրաչյա Պապինյանը կմասնակցի մրցույթին եւ կշարունակի հետայսու պաշտոնավարել՝ չնայած բոլորին մտատանջում էր մի կարեւոր փաստ, որն անխուսափելիորեն կախված էր թատրոնի գլխին. վաղուց որոշված էր` ինտրիգների սիրահար Վահե Շահվերդյանն ու ոչ պակաս ինտրիգներ ստեղծող Ագնեսա Շահնազարյանը կղեկավարեն Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը:
2016թ. նոյեմբերի 1-ից?Վանաձորի պետական թատրոնի տնօրեն Հ. Չախմախչյանի աշխատանքից ազատվելու օրից, նույն թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Հ. Պապինյանը: Հարց է ծագում՝ 2 ամիս պաշտոնակատար նշանակելու միտքը ո՞րն էր, երբ Հ. Չախմախչյանն արդեն իսկ ժՊ էր: Կարելի էր հենց այդ ժամանակ էլ մրցույթ հայտարարել: Ովքե՞ր էին ծրագրում եւ ի՞նչ նպատակներով: Պապինյանի մուտքը թատրոն ոգեւորեց աբելյանցիներին: Բանիմաց ու ղեկավարման փորձ ունեցող Պապինյանը միանգամից սկսեց աշխատել կոլեկտիվի հետ, նոր ծրագրեր մշակել: Բայց ինչպես ասում են՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքով առաջնորդվող Ֆլոբեր Շահվերդյանը՝ նույն ինքը՝ Վահե Շահվերդյանը, օգտվելով նորանշանակ նախարարի բարեհամբույր կերպարից, թքած ունենալով վարչապետի հեղափոխական ծրագրերի վրա, թեւանցուկ-թեւանցուկ Նելլի Շահնազարյանին, ավելի ստույգ՝ Ագնեսա Շահնազարյանի մորը, թակելու դուռ ու պատուհան չթողեցին: Որտեղ խնդրելով, որտեղ լացելով, հրամայելով ու ծանոթ ձեռագիր՝ շանտաժով, որոշել էին Ագնեսա Շահնազարյանին կարգով-պատվով Վանաձորի պետական թատրոնի տնօրենի աթոռին տեսնել:
Առաջին տիկինը
Ագնեսան ի՞նքն է ուզում, թե՞ սա ՖԼՈԲԵՐԱՆԵԼԼԻԱԿԱՆ հերթական խաղերն են, ՀՅԴ-ից՝ ՀՀՇ, ՀՀՇ-ից՝ ԲՀԿ. այս երկուսը հիմա էլ որոշել են իրենց հրեշավոր ծրագրերն իրականացնել Վանաձորի միակ պետ. դրամատիկական թատրոնում: Ո՞րն է նրանց նպատակը, ինչո՞ւ իրենց գործին խառնեցին Առաջին տիկնոջը, ինչո՞ւ Առաջին տիկինը միջնորդեց, եւ ինչո՞ւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չի կարող ազատ ու թափանցիկ մրցույթի կանոնները պահել: Ի սկզբանե էր բանը… Մինչդեռ մասնագիտական կրթությամբ որքան մարդ հիասթափված կլքի քաղաքը, հանրապետությունը, եւ մենք օր օրի մեր մասնագետներին կկորցնենք օտար երկրներում: Մինչդեռ ֆլոբերները այս երկրի հարց լուծողն ու որոշողներն են. Էլ ի՜նչ վարչապետ, էլ ի՜նչ նախարար…
Ագնեսան պարզապես դերասանուհի է, ով ունի կուսակցությունից կուսակցություն թռչող մայր, նա չունի ղեկավարման փորձ, այս աղջկան կազմակերպչական աշխատանքներում երբեք որեւէ մեկը չի տեսել:
Ի դեպ, թեեւ Ագնեսան արմատներով Վանաձորից է, սակայն մշտապես ապրել եւ ապրում է Երեւանում: Մայրն էլ Սունդուկյանի անվան թատրոնի փոխտնօրենն է: Պարզ է, որ դստեր՝ տնօրեն դառնալու պարագայում թատրոնը նրա փոխարեն «ղեկավարողները կղեկավարեն»: Փաստորեն, սունդուկյանցիները, մի կերպ գլուխներն ազատելով Շահվերդյանի ինտրիգներից, կրակը գցեցին վանաձորցիներին:
Հետեւողական կլինենք եւ առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակենք այն մասին, թե ինչ մթնոլորտ է տիրում թատրոնում, ինչու են աբելյանցիները լռում, ինչու չեն կարողանում դուրս գալ շահվերդյանական ճնշումներից: Սա էլ ծանոթ ձեռագիր է. Շահվերդյանն ապահովագրում է իրեն, այդ դեպքում նա հավերժ կմնա թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ ընդդիմադիրները կզրկվեն դերեր ստանալուց. սա դերասանի համար, ոչ ավել, ոչ պակաս, «մահ» է… Աբելյանցիները վստահ են, որ եթե Ագնեսայի հարցում Ֆլոբեր Շահվերդյանը փակ դուռ չթողեց, ուրեմն նա ամենազոր է եւ հավերժ կմնա գեղղեկավար:
Ակնհայտորեն պարզ է, որ ոչ ոք իրեն խաբված զգալու մեջ երջանիկ չի լինի, այդ իսկ պատճառով մրցույթին մասնակցելու ձեւական բնույթը վանաձորցիների համար չէ…»:
Մրցույթը կկայանա
Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 6-ին հայտարարված մրցույթի փաստաթղթերի ընդունման վերջին օրն է, իսկ տնօրենի մրցույթին չի մասնակցում ոչ միայն Պապինյանը, այլ նաեւ նախկին տնօրեն Հովհաննես Չախմախչյանը, որը ազատվել է աշխատանքից՝ տեղը զիջելով ժամանակավոր պաշտոնակատարի: Մինչդեռ Չախմախչյանի ժամանակ էլ հնարավոր էր նոր մրցույթ հայտարարել:
«Ժողովուրդը» փորձեց մեկնաբանություն ստանալ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանից, ով, սակայն, չցանկացավ զրուցել՝ պնդելով, թե շտապում է:
Կռահում է
Զրուցեցինք նաեւ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը, որ մասնակցում է հայտարարված մրցույթին եւ արդեն իսկ ներկայացրել է համապատասխան փաստաթղթերի փաթեթը: Դերասանուհին բամբասանք ու խոսակցություն որակեց աբելյանցիների այն հայտարարությունը, թե Ագնեսային տնօրեն դարձնելու գործում իր մայրը հասել է անգամ նախարարի ու Առաջին տիկնոջ մոտ. «Ես մոտավորապես կռահում եմ, թե ով է այս ամենը նախաձեռնողը, բայց միայն կասեմ, որ մրցույթ է հայտարարվել, եւ ես նույնպես մասնակցում եմ: Եթե անցնեմ, ուրեմն կլինեմ տնօրեն, եթե ոչ, չեմ լինի: Իմ դեմ լարվածություն չեմ զգացել աբելյանցիների շրջանում, հանձնաժողովը կորոշի՝ քննությունը տալուց հետո կլինեմ, թե ոչ»,-ասաց Ագնեսա Շահնազարյանը՝ խորհուրդ տալով մյուս հարցերի պատասխանները ստանալու համար դիմել դեկտեմբերի 23-ից հետո: Իսկ մինչ այդ նա հարցաշարերն է պարապում՝ տնօրենի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձոր

 

 
ԿԵՍԱՅԱՆՑԻ 85-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Դեկտեմբերի 3-ին Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղի կունենա ցերեկույթ` նվիրված անվանի կինոռեժիսոր Դմիտրի Կեսայանցի ծննդյան 85-ամյակին: Միջոցառմանը ներկա կլինեն ճանաչված արվեստագետներ, որոնք կներկայացնեն Կեսայանց կինոռեժիսորի կյանքն ու գործունեությունը, կպատմեն հիշողություններ նրա մասին: Միջոցառմանը կմասնակցեն նաեւ Դ. Կեսայանցի այրին` Անահիտ Կեսայանցը, եւ դուստրը` Մարինա Կեսայանցը: Կբացվի Դ. Կեսայանցի գործունեությունը ներկայացնող ցուցադրություն: Միջոցառման ընթացքում կհնչեն երաժշտական կատարումներ, կցուցադրվի Դմիտրի Կեսայանցի «Չախ-Չախ թագավորը» կարճամետրաժ ֆիլմը:

 

 

ՕՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Կիեւում «Եվրատեսիլ¬2017»¬ի կիսաեզրափակիչները ծրագրվում է անցկացնել մայիսի 9¬ին եւ 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13¬ին: Այդ մասին հայտնել է UA՝ Պերշի հեռուստաալիքը: Տեղեկացվել է նաեւ, որ Ուկրաինայի Ազգային հեռուստաընկերության ղեկավարներ Ալեքսանդր Խարեբինը եւ Վիկտորյա Ռոմանովան պաշտոնապես նշանակվել են մրցույթի գործադիր պրոդյուսերներ,հիմնական թիմի անդամ է դարձել նաեւ շոու¬պրոդյուսեր Սթյուարտ Բառլոուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցույթի կազմակերպիչներն ու ուկրաինական կողմը անհամաձայնություններ ունեին։ Դեռեւս հոկտեմբերին Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները այցելել էին Ուկրաինա եւ նկատել, որ տեղի ազգային հեռարձակողը նախատեսված գրաֆիկից երեք ամիս հետ է ընկել, առկա էին ֆինանսական ու կազմակերպչական մի շարք խնդիրներ։ Ուկրաինական կողմն անգամ հայտարարել էր, որ հնարավոր է` մրցույթը տեղափոխվի այլ երկիր։ Սակայն, ինչպես տեսնում ենք, խնդիրները, ի վերջո, լուծվեցին:




Լրահոս