Այսօր հայ ֆիզիոլոգ Լևոն Օրբելու մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից Լևոն Օրբելու մահվան օրն է: Նա ԽՍՀՄ ԳԱ (1935), ՀԽՍՀ ԳԱ (1943), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկական ծառայության գեներալ-գնդապետ է։

Ծնվել է հունիսի 25-ին (հին տոմարով), 1882 թ. Դարաչիչակում: Հովսեփ Օրբելու և Ռուբեն Օրբելու եղբայրը։ Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան (1904)։ 1907-20 թթ-ին աշխատել է Պետրոգրադի փորձառական բժշկագիտության ինստիտուտում։ 1909-11 թթ-ին գործուղվել է արտասահման, աշխատել Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսաբանական կայանում։ 1918-57-ին ղեկավարել է Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան ինստիտուտի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, 1920-31-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1925-50-ին՝ Ս. Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ, նույն ակադեմիայի պետ (1943-50), ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն (1936-50), ԽՍՀՄ ԲԳԱ Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի դիրեկտոր (1939-50), ԽՍՀՄ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար (1939-48), փոխնախագահ (1942-46)։

1956 թ-ին կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Օրբելին Իվան Պավլովի մերձավորագույն աշակերտն ու աշխատակիցն էր, և նրա մահից (1937) հետո եղել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահը։




Լրահոս