ԹԱԼԱՆՉԻԻ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂԻ, ՉԱՐԻՔԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա 2 տարին, ինչ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ հրապարակային առճակատումից հետո հայտարարեց քաղաքականությունից հեռանալու եւ ԲՀԿ ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին: Սակայն նախօրեին արդեն հստակ դարձավ, որ Սերժ Սարգսյանի կողմից որպես քաղաքական դերակատար «չարիք» որակված Ծառուկյանը որոշել է վերադառնալ քաղաքականություն:

Ինչպես հայտնի է՝ դետեմբերի 3-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստի ավարտից հետո կուսակցության անդամները զրուցել են Գագիկ Ծառուկյանի հետ, եւ ըստ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ Ծառուկյանը նշել է, որ ինքը, իբրեւ երկրի համար մտահոգ անձնավորություն, անպայման մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին: Թե ինչ ձեւաչափով ու երբ, այդ մասին Գագիկ Ծառուկյանը հանդես կգա առանձին հայտարարությամբ եւ մանրամասները կներկայացնի: Իսկ առայժմ բավականին տխուր, եթե չասենք՝ անհեթեթ իրավիճակում են հայտնվել ՀՀԿ-ական այն պատգամավորները, որոնք Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո շտապեցին վերջինիս հասցեին տարատեսակ վիրավորական արտահայտություններ անել եւ, մեղմ ասած, կոշտ բառամթերքով բնութագրել ԲՀԿ նախկին առաջնորդին: «Ժողովուրդ»-ը Գագիկ Ծառուկյանի վերադարձի շուրջ զրուցել է ՀՀԿ-ական այդ պատգամավորներից երկուսի հետ:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայան
-Տիկի՛ն Եսայան, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Իր գործն է, անկեղծ ասած, ոչ մի տեսակետ չունեմ, թող գա, տեսնենք՝ ինչ պետք է անի:
-Անձամբ Դուք 2015 թվականի փետրվարին, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուն, ասել էիք. «Վերջակետ դրեցինք ու ասեցինք, որ քեզ հասնում է»: Ավելին՝ նշել էիք, որ նա իր արտահայտություններով սպառնում է երկրի անվտանգությանը: Հիմա Ձեր բնորոշմամբ՝ երկրի անվտանգությանը սպառնացողը հայտարարել է իր վերադարձի մասին, ի՞նչ եք անելու:
-Որեւէ մեկնաբանություն չունեմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ազատ, անկախ պետություն է, եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր քաղաքական հասարակական դիրքորոշումը եւ գործունեությունը ծավալելու հարցում:
-Այնուամենայնիվ, ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխվեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մի օրում դարձավ երկրի համար «չարիք», հիմա էլ, փաստորեն, նորից դառնում է բարիք: Արդյո՞ք այստեղ խոսքը երկրի մասին էր, առհասարակ, թե կոնկրետ մեկ մարդու ցանկության:
-Իրեն պետք է հարցնեք՝ իր կյանքում ինչ-որ բան փոխվե՞ց, թե՞ ոչ: Վերադարձողը ես չեմ, ես միշտ այստեղ եմ, ով վերադառնում է, իրեն հարցրեք:
-Իսկ ի՞նչ փոխվեց կամ ինչ կփոխվի Հանրապետական կուսակցության կյանքում «քաղաքական չարիք» Գագիկ Ծառուկյանի վերադառնալուց հետո:
-Հանրապետական կուսակցությունը ՀՀ միակ հզոր եւ առաջատար քաղաքական ուժն է, որեւէ բան Հանրապետական կուսակցության կյանքում չի կարող փոխվել: Կփոխվի միայն այն դեպքում, երբ որ մենք կուզենք, երբ որ մենք կլինենք նախաձեռնողը եւ մենք քայլեր կիրականացնենք: Մենք համագումար ենք արել, համագումարը բանաձեւ է ընդունել, եւ մեր կուսակցության հետագա գործունեությունը այդ համագումարի ընդունած բանաձեւով է պայմանավորված եւ նախագահի հաշվետվությամբ: Մնացածը ինչ կլինի, ով կգա, ով կգնա, անկեղծ ասած, անձամբ ինձ համար առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում:
-Հոկտեմբերի 26-ին Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով 2015-ի փետրվարին իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ տեղի ունեցածին եւ իր հասցեին հնչած վիրավորանքներին, ասել էր, թե բոլորին ներում է: Ո՞ւմ է ներում, միգուցե նաեւ Ձե՞զ, Դուք ներողություն խնդրե՞լ եք, որ նա ներում է, կամ պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել:
-Իրեն հարցրեք, ով որ արել է հայտարարությունը, գնացեք, իրեն հարցրեք, երբ որ Մարգարիտ Եսայանը կանի հայտարարություն, կգաք, ինձ կհարցնեք, կմեկնաբանեմ: Ծառուկյանի հայտարարությունը թող մեկնաբանի Ծառուկյանը, իր մամուլի խոսնակը:
-Բայց իր հասցեին Դուք եւ մի շարք այլ հանրապետականներ եւս վիրավորական ձեւակերպումներ էիք թույլ տվել:
-Գիտեք, ներելու հատկանիշ միայն Տեր Աստված ունի, մնացած ով ինչ կանի, իր խղճին:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյան
-Պարո՛ն Մելիքյան, Գագիկ Ծառուկյանը ասել է, որ վերադառնում է, Ձեզ չի՞ մտահոգում այս հանգամանքը:
-Նման հայտարարություն չի եղել, պարոն Ծառուկյանն ընդամենը հայտարարել է, որ առաջիկայում հայտարարություն կանի:
-Իսկ հիշո՞ւմ եք, թե Դուք ինչպես էիք անվանել նրան՝ ասելով, թե «թալանչին չի կարող լինել բարերար»:
-Ոչ մի բան չենք հիշում, երբ հայտարարություն կանի, կպատասխանենք:
-Որ վերադառնա, ներողությո՞ւն եք խնդրելու:
-Երբ կվերադառնա, ես Ձեր հարցին կպատասխանեմ, սպասեք, հնչեցնի իր հայտարարությունը, նոր, որեւէ մեկս որեւէ տեղ չենք գնում, Ձեր ցանկացած հարցին կպատասխանենք: Սպասենք հայտարարությանը:
-ԲՀԿ-ականներն ասում են, որ ժողովուրդը պահանջում է Ծառուկյանի վերադարձը, Դուք անձամբ տեսնո՞ւմ եք նրա վերադարձի անհրաժեշտությունը:
-Եթե ժողովուրդը տեսնում է, ուրեմն բոլորը պետք է տեսնեն:
-Այդ թվում եւ ՀՀԿ-ականնե՞րը:
-Թողեք հայտարարությունը հնչի, հետո տեսնենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՊՆ-ԼՐԱԳՐՈՂ ԿԱՊԸ

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 2-ից 4-ը դասընթաց-պարապմունք էր կազմակերպել գերատեսչությունում հավատարմագրված լրագրողների համար: Դասընթացի շրջանակներում լրագրողներն այցելեցին ՀՀ հյուսիսային սահմանագոտում տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամաս եւ մարտական դիրքեր:

Զորամասում մեզ առաջինը դիմավորեցին մարտական հերթապահության մեկնող զինվորները, ովքեր երդման արարողությունից հետո դուրս էին գալիս շարահրապարակից եւ մեկնում առաջնագիծ: Այնուհետեւ լրագրողները մեկնեցին դիրքեր՝ հաղթահարելով դժվարանցանելի ճանապարհներ եւ հնարավորություն ունեցան զրուցելու դիրքը պահող պայմանագրային զինծառայողների հետ: Տեխնիկական համալրում առկա է. հրամանատարները փաստում են՝ այս պահին չկա մի դիրք, մի այնպիսի հենակետ, որը չունենա, օրինակ, գիշերային տեսանելիության սարք, ջերմադիտակ կամ հեռադիտակ:
Դասընթացի առաջին օրը լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ եւ առանց տեսախցիկների զրուցել առկա խնդիրների եւ դրանց լուծման հնարավոր ուղիների մասին: Փոխնախարարին ուղղված հարցերը տարբեր էին՝ սկսած ապրիլյան մարտական գործողությունների վերլուծությունից, ոլորտում կատարվող փոփոխություններից, ավարտած նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ ԶՈւ եւ ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ խմբավորման» համաձայնագրով:
Դասընթացի շրջանակներում լրագրողների հետ քննարկումներ անցկացրին նաեւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, կինոռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:
Ինչպես դասընթացի սկզբում նշեցին ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը եւ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նման հանդիպումները լրագրողների հետ կրելու են պարբերական բնույթ, որի ընթացքում լրագրողներին կփոխանցվեն տեսական գիտելիքներ՝ ռազմական իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու համար:
Մասնավորապես ՀՀ պաշտպանության նախարարությունն ամիսներ առաջ մշակել էր «Հակամարտության գոտում մարտական գործողությունները լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների համար» ուղեցույց, որում մանրամասն նշված է, թե ինչ իրավունքներ ունի լրագրողը ռազմական գործողությունների ժամանակ, ինչը կարելի է ցույց տալ կադրում, ինչը՝ ոչ:
ՊՆ պաշտոնյաների խոսքով՝ գերատեսչությունում հավատարմագրված լրագրողների հետ նմանատիպ հանդիպումները թույլ կտան ավելի ամրապնդել ՊՆ-լրագրող կապը, ինչպես նաեւ փնտրել համագործակցության ավելի արդյունավետ ուղիներ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 
«ՆԱԻՐԻՏ»-Ը ՍՆԱՆԿԱՑԱՎ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ նոյեմբերի 28-ի որոշմամբ ճանաչվել է սնանկ: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Ընկերությունը ՀԷՑ-ին սպառած 1 մլրդ 365 մլն դրամի չափով սպառած էլեկտրաէներգիայի պարտք է կուտակել: Նշենք, որ դեկտեմբերի 2-ի դատարանի որոշմամբ՝ ընկերության սնանկության գործով կառավարիչ նշանակվել է Կարեն Ասատրյանը: Այսինքն՝ պարտատերերը կարող են իրենց պահանջները ներկայացնել դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում: Իսկ ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակված է դեկտեմբերի տասնչորսին:

 

 

ՈՎ Է ՅՈՆՋԼԱԽՑԻ ՆՈՐՈՆ
Դեկտեմբերի 2-ին կալանավորվել է Յոնջլախցի Նորո անվամբ հայտնի Երեւանի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` Նորայր Ղազարյանը մեղադրվում է այս տարվա սեպտեմբերի 2-ին Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գեւորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ: Նշենք, որ սույն անձը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մորաքրոջ որդին է: Նախկինում իր պատժի մեծ մասը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կարճ ժամանակով «զոն նայող» է եղել:

 

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
«Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը համաձայնագրերի միջոցով գնել է տնտեսական եւ կենցաղային նյութեր: Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոնը բացասական եզրակացություն է տվել ԱՆ-ի գնման գործընթացին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱՆ-ի կողմից ներկայացված գնման առարկաների տեխնիկական բնութագրերը չեմ համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին: Բացի այս՝ իր կողմից ներկայացված գնման առարկաների տեխնիկական բնութագրերում նախարարությունը հղում է կատարել ծագման երկրներին: Ինչը ՖՆ-ի գնումների աջակցման կենտրոնը խախտում է համարել: Այսինքն՝ այս դեպքում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները:




Լրահոս