Ինչու է Մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը մեկնում Հունաստան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, դասախոսներ, ուսանողներ։ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը:

Բուհի տասը ֆակուլտետներից նախապես ընտրվել էին լավագույն ուսանողները, որոնք պարգևատրվեցին տոնական ցերեկույթի ընթացքում: Իսկ Մանկավարժական համալսարանի 2016 թվականի լավագույն ուսանող ճանաչվեց Պատմության և իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Արման Թադևոսյանը: Ամռանը նա կմեկնի Հունաստան` Հռոդոս:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարեց, որ ուսանողներին խրախուսելու այս ձևաչափը բավականին օգտակար է: Թեև պարոն Ավագյանը շեշտեց, որ լավագույն ուսանող ճանաչվելու կարևորագույն նախապայմաններից է բարձր առաջադիմությունը, բայց միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ միայն դա բավարար չէ. «Միայն բարձր առաջադիմությամբ լավագույն ուսանող չեն ճանաչվում: Տարվա ընթացքում ուսանողը բացի իր հիմնական գործից` լավ սովորելուց, զբաղվում է նաև հասարակական ակտիվությամբ, ստեղծագործ աշխատանքով, գիտական գործունեությամբ: Եվ այս բոլորը միասին ուսանողին դարձնում են լավագույնը»:

Պարոն Ավագյանը նկատեց, որ խրախուսման այս ձևաչափն ուսանողին նոր հարթություններ է տեղափոխում. նրանք հասկանում են, որ իրենք իրենց աշխատանքով կարողանում են հասնել որոշակի կարգավիճակի, նման կարգավիճակ է լավագույն ուսանողը: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգողը նշեց. «Լավագույն ուսանող դառնալը ոչ միայն մրցանակ ու պատվոգիր է, այլև լուրջ կարգավիճակ, որը ողջ կյանքում տանում ես քեզ հետ և կարողանում լավ առումով այն օգտագործել, ու դրանով շատ ճանապարհներ են բացվում, որ նախկինում միգուցե այդքան էլ տեսանելի չէին»:

Արման Թադևոսյանը, շնորհակալություն հայտնելով նման գնահատանքի համար, հայտարարեց. «Ինձ համար մեծ պատիվ է լինել Մանկավարժականի սանը ու էլ ավելի մեծ պատիվ լինել լավագույն ուսանողը, ինչը նաև պարտավորեցնում է»:
Տոնական միջոցառումը շարունակվեց երաժշտական կատարումներով. ելույթ ունեցան Սիլվա Հակոբյանը, Ֆորշը և այլք:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

01

02

03




Լրահոս